ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
2 հունիսի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Մահտեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի մարտի 15-ին Կիևում ստորագրված՝ Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի մարտի 15-ին Կիևում` հանցավորության վերահսկման ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու, իրավասու մարմինների միջև փոխգործողությունների համակարգումն ապահովելու, անդամ պետությունների իրավապահ մարմինների միջև հանցավորության և հանցագործների դեմ արդյունավետ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման ցանց ստեղծելու նպատակով:
1998 թվականի հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան) ստորագրված՝ Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին:
2. Լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- ՍԾՏՀ անդամ այլ պետությունների հետ մեկտեղ ստեղծել հանցավորության դեմ պայքարում ՍԾՏՀ կապի սպաների ցանց, որը հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության խումբ է` ստեղծված ՍԾՏՀ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն և բաղկացած անդամ պետությունների կողմից որպես ներկայացուցիչներ նշանակված կապի սպաներից,
- նշանակել ցանցում ՀՀ կապի սպա և նրան փոխարինող,
- կրել ուղարկած կապի սպաների` արձանագրության դրույթների կատարման հետ կապված ծախսերը,
- ապահովել արձանագրության շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիությունը և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի մարտի 15-ին Կիևում ստորագրված՝ Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|