Գլխավոր տեղեկություն
Համար
N 798-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2006-10.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.28/41(340) Հոդ.731
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 798-Ն

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և 36-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 8-ի N 798-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է գործազրկության նպաստի եռապատիկի չափով թաղման նպաստ` թաղման նպաստ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացվելու դեպքում:

3. Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

4. Թաղման նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից:

 

II. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Թաղման նպաստ ստանալու համար հուղարկավորությունը կատարած անձը դիմումի հետ միասին տարածքային կենտրոն է ներկայացնում՝

ա) իր անձնագիրը.   

բ) գործազուրկի մահվան վկայականը և դրա պատճենը.

գ) տեղեկանք՝ տրված առևտրային բանկի կողմից իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

6. Տարածքային կենտրոնը գործազուրկի մահվան վկայականի բնօրինակի վրա  դնում է կնիք, որի վրա կատարում է գրառում՝ «Թաղման նպաստը վճարված է»: Գործազուրկի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային կենտրոնում, իսկ բնօրինակը և հուղարկավորությունը կատարած անձի անձնագիրը վերադարձվում է:

7. Տարածքային կենտրոնը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա լրացնում է թաղման նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (այսուհետ՝ ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը` կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալության պետին:

8. Գործակալությունը տարածքային կենտրոնից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

9. Հիմնադրամը գործակալությունից ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

10. Աշխատակազմը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

11. Սույն  կարգի 10-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի` սույն կարգի 5-րդ կետում նշված բանկային հաշվի համարին: 

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում թաղման նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի  մասին հաշվետվություն:

13. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և հիմնադրամ է ներկայացնում ամփոփ հաշվետվություն թաղման նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.04.2014, N 479-Ն 31.05.2014, N 798-Ն
27.03.2008, N 286-Ն 10.04.2008, N 798-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան