Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2000-27.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.07.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1996 թվականի N 36

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ԵՎ դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության բարելավման և կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեությունը ենթակա է պետական մասնագիտական լիցենզավորման:

Պետական մասնագիտական լիցենզավորումը բժշկական և դեղագործական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու իրավունքի հավաստումն է, որն ամրագրվում է սահմանված կարգով տրված լիցենզիայով:

2. Պետական մասնագիտական լիցենզավորման ենթակա են բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից, գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև ֆիզիկական անձինք` բժիշկները, պրովիզորները, միջին բուժաշխատողները և դեղագործները:

3. Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում ստեղծված պետական մասնագիտական լիցենզավորման կենտրոնական հանձնաժողովի որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական գործունեության տեսակները և ծավալները, լիցենզավորման չափանիշները, կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 24.06.96 N 188)

4. Սահմանել, որ լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով:

Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այն անվավեր ճանաչելու դեպքերում սահմանված կարգով տրվում է նոր լիցենզիա:

5. Իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից իրականացվող լիցենզավորող գործունեության տեսակների քանակը չի սահմանափակվում:

6. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական և դեղագործական գործունեություն միայն տրված լիցենզիայով սահմանված շրջանակներում:

7. Լիցենզիայի տրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով գանձվում է վճար և մուծվում պետական բյուջե:

8. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

9. Լիցենզիայի տրման անհիմն մերժման կամ դրա տրման սահմանված ժամկետի խախտման հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից առանց համապատասխան լիցենզիայի կամ լիցենզիայով չսահմանված բժշկական ու դեղագործական գործունեությամբ զբաղվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Մինչև սույն որոշման կիրարկումը սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք ենթակա են լիցենզավորման մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ իրավաբանական անձինք` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մինչև նշված ժամկետների ավարտը պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան:

(11-րդ կետը փոփ. 01.04.97 N 59, խմբ. 31.03.98 N 212, փոփ. 30.05.00 N 277)

12. Հայաստանի Հանրապետության` առողջապահության նախարարությանը`

ա) եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 3-րդ կետի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 10-րդ կետից բխող` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություն:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.06.2002, N 867 27.07.2002, N 36
30.05.2000, N 277 25.06.2000, N 36
31.03.1998, N 212 10.05.1998, N 36
01.04.1997, N 59 01.05.1997, N 36
24.06.1996, N 188 24.06.1996, N 36
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան