Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-633
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 մայիսի 2006 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2006 թվականի մարտի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի մարտի 3-ին Երևանում` Կողմերի միջև բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու ու խորացնելու և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (այսուհետ` Բանկ) ստանալ.

1) մինչև 8 մլն եվրո գումարի վարկ` հետևյալ ծրագրերի համար.

ա) «Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրին` 6 մլն եվրոյի չափով գումար,

բ) ի հավելումն «Համայնքային ենթակառուցվածքներ I» ծրագրի` 2 մլն եվրոյի չափով գումար (այս ծրագրի վարկը կարող է վերածվել դրամաշնորհի, եթե կատարված լինեն անհրաժեշտ նախադրյալներն ու հիմնարար պայմանները).

2) մինչև 1 մլն եվրո գումարի ֆինանսական օժանդակություն` «Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրի օժանդակ միջոցառումների համար (սրա ստացման ժամկետը լրանում է 2011թ. դեկտեմբերի 31-ին), այդ թվում`

ա) 500 հազ. եվրո` Գերմանա-հայկական հիմնադրամի աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին, և

բ) 500 հազ. եվրո` Հիպոթեքային շուկայի զարգացման աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին.

3) ի հավելումն «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրի` մինչև 400 հազ. եվրոյի չափով գումար:

3. Համաձայնագրով նախատեսվում է, որ միջկառավարական բանակցությունների հիման վրա 1 մլն 700 հազ. եվրոյի չափով գումար ուղղվելու է «Համայնքային ենթակառուցվածքներ II» ծրագրի աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին:

4. Ուսումնավերապատրաստական ծրագրերում ներգրավված փորձագետների համար գործելու են ինչպես սույն համաձայնագրի, այնպես էլ ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 1998թ. հուլիսի 27-ին կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի պայմանները:

5. Ըստ համաձայնագրի` ֆինանսական օժանդակություն ստանալու հնարավորությունը կարող է իրացվել, եթե հաստատվել է նշված ծրագրերի աջակցման նպատակահարմարությունը, հակառակ դեպքում ՀՀ կառավարությանը հնարավորություն է ընձեռվում Բանկից ստանալ ֆինանսական օժանդակության չափին համարժեք վարկ:

Ֆինանսական օժանդակության միջոցները կփոխակերպվեն վարկի նաև այն դեպքում, եթե դրանք չօգտագործվեն ըստ նպատակի, կամ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոխարինվեն այլ ծրագրերով, բացառությամբ համաձայնագրով նախատեսված ոլորտներին առնչվող ծրագրերի:

6. Գումարների օգտագործումը, դրանց հատկացման պայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը սահմանվում են Բանկի և վարկառուների միջև կնքվելիք պայմանագրերով, որոնք հիմնված են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերի վրա:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- եթե վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Բանկի օգտին վճարումները եվրոյով` համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև պարտքի վերադարձման պահանջները,

- համաձայնագրի շրջանակներում Բանկին և նրա կողմից ֆինանսավորվող ֆիրմաների և մասնագետների առաքումներն ու ծառայությունների մատուցումը ազատել բոլոր հարկերից և տուրքերից,

- ապահովել ԴՀ փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը ֆինանսական օժանդակությունների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկություններին տալ արտոնող թույլտվություններ:

8. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Գերմանական կողմին ծանուցելու օրվանից:

9. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն և գերմաներեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

10. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի մարտի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


16 մայիսի 2006 թվականի
ՍԴՈ-633

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան