Գլխավոր տեղեկություն
Համար
N 205
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2000-08.06.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.05.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1994 թվականի N 205

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` եռամսյա ժամկետում ձևավորել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար մարմինները, անցկացնել գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտների, ընդհանուր ժողովի ընտրովի կազմի և նախագահության ընտրությունները:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կատարվող գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության միջև յուրաքանչյուր տարի կնքվում է համապատասխան համաձայնագիր, որտեղ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական պատվերի տեղադրող, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան` որպես պետական պատվերի կատարող:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 2-ի N 205 որոշմամբ

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետև` ՀՀ ԳԱԱ) ինքնակառավարվող պետական գիտական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ-ի անդամներին և ԳԱԱ-ի համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների գիտական աշխատողներին:

ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է իր համակարգի ինստիտուտների և մյուս հիմնարկների ու ձեռնարկությունների ղեկավարումը:

2. ՀՀ ԳԱԱ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, օրենսդրական մյուս ակտերով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն օրենսդրությամբ:

3. ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն գործադիր մարմինների պաշտոնական գիտական խորհրդատուն, որի կողմից ներկայացված երաշխավորություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման հանրապետական և տեղական համապատասխան մարմինների կողմից:

ՀՀ ԳԱԱ-ն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և նրան անհատույց տրամադրում է ԳԱԱ-ի գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանելով գիտնականների և մասնագետների հեղինակային իրավունքն այդ հետազոտությունների և մշակումների նկատմամբ:

4. ՀՀ ԳԱԱ-ն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

5. ՀՀ ԳԱԱ-ի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. ՀՀ ԳԱԱ-ի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գիտական մտքի զարգացման ապահովումը, գիտության բնագավառում համաշխարհային նվաճումների առավել արդյունավետ օգտագործումը հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ և հոգևոր կյանքի զարգացման ոլորտում:

7. ՀՀ ԳԱԱ-ի հիմնական խնդիրներն են`

ա) հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, բնական և հումանիտար գիտությունների բնագավառում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կատարվող հիմնարար գիտական հետազոտությունների համակարգավորումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և իրականացման աշխատանքներին

բ) մասնակցությունը հիմնարար հետազոտությունների արդյունքների ներդրման աշխատանքներին, հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ու առավել հրատապ և ժամանակակից խնդիրների, գիտարար արտադրությունների և տեխնոլոգիաների մշակման հիմնահարցերի լուծման ուղղությամբ տարվող գիտական հետազոտություններին.

գ) մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում գիտության, հատկապես նրա ժամանակակից ուղղությունների, ճյուղերի և ծրագրերի ձևավորման, ակադեմիական, բուհական և ճյուղային գիտության միահյուսման, գիտության, կրթության և մշակույթի միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացմանը.

դ) մասնակցությունը գիտատեխնիկական առաջընթացի հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ակտերի մշակմանը և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի գիտական հիմնավորմանը.

ե) մասնակցությունը հիմնարար հետազոտությունների, պետական կարևորություն ունեցող գիտական և տնտեսական նախագծերի փորձաքննությանը.

զ) բարձրորակ գիտական կադրերի պատրաստումը.

է) ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների և հանրապետության բուհերի ու գերատեսչական գիտահետազոտական հաստատությունների հիմքի վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գիտակրթական համալիրների և ընկերակցությունների ստեղծմանն աջակցելը:

(7-րդ կետը փոփ. 10.06.99 N 403)

8. ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) անց է կացնում մրցույթներ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր գիտական խնդիրների լուծման նպատակով.

բ) զարգացնում է Հայաստանի Հանրապետության գիտնականների միջազգային համագործակցությունը, պայմանագրեր է կնքում այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների հետ, մասնակցում է միջազգային գիտական կազմակերպությունների ստեղծմանը, նրանց գործունեությանը, անց է կացնում միջազգային գիտաժողովներ, խորհրդակցություններ և սիմպոզիումներ, անդամակցում է միջազգային գիտական կազմակերպություններին, համագործակցում է նրանց հետ.

գ) հրատարակում է գիտական պարբերականներ և լույս է ընծայում ՀՀ ԳԱԱ-ի գիտնականների աշխատությունները.

դ) շնորհում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից սահմանված մրցանակներ և մեդալներ.

ե) իրականացնում է ՀՀ գործող օրենսդրությունից և սույն օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

9. ՀՀ ԳԱԱ-ն ունի հետևյալ կառուցվածքը`

ընդհանուր ժողով.

նախագահություն.

բաժանմունքներ.

ինստիտուտներ և այլ ձեռնարկություններ:

ՀՀ ԳԱԱ-ն ունի երեք բաժանմունք, որոնք ձևավորվում են ըստ գիտության բնագավառների`

ա) ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների.

բ) բնական գիտությունների.

գ) հումանիտար գիտությունների:

10. ՀՀ ԳԱԱ-ի համակարգն ընդգրկում է նրա ենթակայության տակ գտնվող գիտահետազոտական ինստիտուտները, գիտահետազոտական կենտրոնները, լաբորատորիաները, փորձարարական գործարանները, փորձատարածքները, դիտարանները, փորձակայանները, բուսաբանական այգիները, գրադարանները, հրատարակչությունը, արխիվները, թանգարանները, գիտահետազոտական արշավախմբերը, ասպիրանտուրան և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով ստեղծված մյուս գիտական և գիտաօժանդակ կազմակերպությունները և հիմնարկները:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը

 

11. ՀՀ ԳԱԱ-ի ղեկավար բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովը բաղկացած է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից, թղթակից անդամներից, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների տնօրեններից և ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների լիազոր ներկայացուցիչ գիտաշխատողներից, որոնք ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից սահմանված քվոտաներով ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների գիտական կոլեկտիվների ժողովների կողմից` մեկ տարի ժամկետով:

Լիազոր ներկայացուցիչների թիվը ՀՀ ԳԱԱ-ի յուրաքանչյուր բաժանմունքի գծով սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը: Լիազոր ներկայացուցիչների թիվն ըստ բաժանմունքների չի գերազանցում տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը: Համակարգի յուրաքանչյուր գիտական հիմնարկի քվոտան սահմանվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից` համապատասխան բաժանմունքի ներկայացմամբ:

(11-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

12. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը`

ա) հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընտրությունների մասին կանոնադրությունը, ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների կանոնադրությունները և ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների մասին օրինակելի կանոնադրությունը.

բ) որոշում է հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունները, քննարկում դրանց զարգացման ընթացքը, լուծում ՀՀ ԳԱԱ-ի կարևորագույն կազմակերպական հարցերը, լսում, քննարկում և հաստատում ՀՀ ԳԱԱ-ի նախագահության, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի հաշվետու զեկուցումները.

գ) լսում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունը.

դ) լսում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների, համակարգի հիմնարկների, առանձին գիտնականների զեկուցումները, քննարկում գիտական և գիտակազմակերպական հիմնախնդիրները, ընտրում ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը, ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտին: Ընդհանուր ժողովում ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները, թղթակից անդամներից, արտասահմանյան և պատվավոր անդամները սույն օրենսդրության VI բաժնի համաձայն:

(12-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

13. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ: ՀՀ ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ` հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստերը հրավիրվում են ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երկրորդի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի պահանջով:

ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ընդհանուր ժողովի անդամները` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության միջոցով, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների գիտաշխատողները և գիտական խորհուրդները` բաժանմունքների որոշմամբ.

14. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է նրա անդամների առնվազն երկու երրորդը:

15. ՀՀ ԳԱԱ-ի օրինադրության նախագծի կամ օրինադրության մեջ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկություններն ընդունվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից` ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

ՀՀ ԳԱԱ-ի օրինադրությունը և օրինադրության մեջ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը

 

16. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունն ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում ՀՀ ԳԱԱ-ի կառավարման կոլեգիալ մարմինն է:

ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը կազմավորվում է.

ա) ի պաշտոնե անդամներից` ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտ, փոխպրեզիդենտներ, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս քարտուղար, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ.

բ) ընտրովի անդամներից` որոնց թվաքանակը և կազմը ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի առաջարկով որոշում է ընդհանուր ժողովը, որն էլ ընտրում է նրանց:

Նախագահության երկարամյա նախկին անդամները նախագահության որոշմամբ կարող են հաստատվել ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի կամ համապատասխան ինստիտուտների տնօրենների խորհրդականներ կամ պատվավոր տնօրեններ: Խորհրդականների և պատվավոր տնօրենների համար պահպանվում են ակադեմիայի համակարգում զբաղեցրած վերջին պաշտոններին համապատասխան աշխատավարձը և գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

ՀՀ ԳԱԱ-ի գիտական և գիտավարչական բոլոր պաշտոնները զբաղեցվում են ընտրությունների միջոցով` հինգ տարի ժամկետով:

Նախագահության կազմում ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ քվեարկության համար հաստատված ցուցակի մեջ ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությունը:

Պրեզիդենտի, փոխպրեզիդենտների, ակադեմիկոս քարտուղարի և նախագահության մյուս անդամների միջև պարտականությունների բաշխումը կատարում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը` ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի առաջարկությամբ:

Նախագահությունն իր գործունեությամբ հաշվետու է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին:

Նախագահությունը տարեկան ընդհանուր ժողովին զեկուցում է ընդհանուր ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ-ի գիտական կարևոր ձեռքբերումների, իր ընդունած կարևորագույն որոշումների և դրանց կատարման ընթացքի մասին:

17. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը կարող է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ ԳԱԱ-ի նախագահության գործունեությունը կամ ազատել նրա առանձին անդամների և այս դեպքում անցկացնել նախագահության կամ նրա առանձին ընտրովի անդամների ընտրություններ, մնացած ժամկետի համար: Նախագահության առանձին անդամների վաղաժամկետ ազատման որոշումն ընդունվում է փակ (գաղտնի) քվեարկությամբ ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ:

18. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը`

ա) հրավիրում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի նիստեր.

բ) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտահետազոտական և գիտաօժանդակ հիմնարկների ու ձեռնարկությունների ստեղծման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ, հաստատում է (համապատասխան բաժանմունքների ներկայացմամբ) այդ հիմնարկների և ձեռնարկությունների կանոնադրությունները, որոշում է ՀՀ ԳԱԱ-ի նոր ստեղծված գիտահետազոտական հիմնարկների աշխատանքների ուղղությունները և մասնագիտացումը.

գ) ապահովում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների և ինստիտուտների ընդհանուր ղեկավարումը.

դ) ձևավորում է գիտական խորհուրդներ և հանձնաժողովներ` հիմնարար հետազոտությունների կարևորագույն հիմնահարցեր մշակելու, փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար.

ե) ղեկավարում է ՀՀ ԳԱԱ-ի հրատարակչական գործունեությունը, հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի հրատարակչական պլանը և վերահսկում դրա կատարումը.

զ) ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին ակադեմիայի տարեկան հաշվետվությունները.

է) հաստատում է ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, մյուս գիտական և գիտաօժանդակ հիմնարկների տնօրեններին և ամսագրերի գլխավոր խմբագիրներին:

19. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը հաստատում է ակադեմիայի բյուջետային ֆինանսավորման տարեկան պլանը: ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին ներկայացնում ֆինանսական պլանի կատարման հաշվետվությունը, որը ՀՀ ԳԱԱ-ի տարեկան հաշվետվության մասն է:

Նախագահությունը ստեղծում է հատուկ հիմնադրամներ, պահուստներ, այդ թվում արտաբյուջետային հիմնարար հետազոտությունների առավել հեռանկարային ուղղությունների նպատակային ֆինանսավորման համար, ինչպես նաև գիտական աշխատությունների հրատարակման և ՀՀ ԳԱԱ-ի գիտաշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար:

20. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը վերահսկողություն է իրականացնում ակադեմիայի բոլոր անդամների, նրա հիմնարկների և պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ԳԱԱ-ի օրինադրության կատարման նկատմամբ:

21. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունն ունի աշխատակազմ, որն ստեղծվում և գործում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից հաստատված կանոնադրության համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը

 

22. ՀՀ ԳԱԱ-ի բարձրագույն պաշտոնատար անձը ակադեմիայի պրեզիդենտն է, որն իրականացնում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը:

23. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից:

24. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտը`

ա) նախագահում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովներում և նրա նախագահության նիստերում.

բ) ընդհանուր ժողովին առաջարկում է ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտների և ակադեմիկոս քարտուղարի թեկնածությունները` խորհրդակցելով բաժանմունքների հետ.

գ) ՀՀ ԳԱԱ-ի նախագահության հաստատմանն է ներկայացնում նախագահության աշխատակազմի կառուցվածքը, թվաքանակը և հաստիքացուցակը.

դ) հանդիսանում է ՀՀ ԳԱԱ-ի վարկերի գլխավոր կարգադրիչը.

ե) ստորագրում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից կնքվող գիտական համագործակցության մասին և այլ պայմանագրեր, համաձայնագրեր.

զ) առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության անդամների վաղաժամկետ ազատման վերաբերյալ.

է) ապահովում է ՀՀ օրենքների, օրենսդրական մյուս ակտերի, ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի և նրա նախագահության որոշումների կատարումը.

ը) ստորագրում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից ընդունված որոշումները, իր կողմից արձակվող հրամանները, կարգադրությունները, մյուս փաստաթղթերը.

թ) իրականացնում է սույն օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի տեղակալներ, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են պրեզիդենտի կողմից:

Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը:

(24-րդ կետը լրաց. 10.06.99 N 403)

25. Իր իրավասության շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն արձակում է հրամաններ և կարգադրություններ, ինչպես նաև իրավունք ունի վերացնելու ՀՀ ԳԱԱ-ի համակարգի մեջ մտնող գիտահետազոտական ինստիտուտների, հիմնարկների, կազմակերպությունների օրենսդրությանը և սույն օրինադրության պահանջներին հակասող հրամաններն ու կարգադրությունները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմի աշխատողներին:

26. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտների, ակադեմիկոս քարտուղարի, նախագահության մյուս անդամների կողմից պարտականությունների կատարման անհնարինության կամ զբաղեցրած պաշտոններից վաղաժամկետ ազատման դեպքում ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտը նախագահությանն առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ-ի նախագահության այդ անդամների ժամանակավոր փոխարինման կամ թափուր մնացած տեղերի ժամանակավոր զբաղեցման թեկնածուների վերաբերյալ` մինչև ՀՀ ԳԱԱ-ի առաջիկա ընդհանուր ժողովը:

27. Պրեզիդենտի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պրեզիդենտի պարտականությունները կատարում է փոխպրեզիդենտներից մեկը:

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտները, ակադեմիկոս քարտուղարը

 

28. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտները և ակադեմիկոս քարտուղարն ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից կամ թղթակից անդամներից:

(28-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

29. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտներն իրականացնում են համապատասխան բնագավառի ուղղությամբ ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների ընդհանուր ղեկավարումը` միաժամանակ հանդիսանալով այդ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարներ:

ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտների քանակը սահմանվում է բաժանմունքների քանակով:

30. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտները`

ապահովում են հիմնարար գիտության համապատասխան բնագավառների զարգացման մոտակա և երկարաժամկետ ծրագրերի մշակումը, իրականացնում են համապատասխան բաժանմունքների և պրոբլեմային գիտական խորհուրդների գործունեության գիտակազմակերպական ղեկավարումը.

ապահովում են բաժանմունքի ընդհանուր ժողովին և նախագահության նիստերին համապատասխան բաժանմունքների կողմից ներկայացվող առաջարկությունների նախապատրաստումը և նշված մարմինների կողմից ընդունված որոշումների կատարումը.

ղեկավարում են միջազգային գիտական կապերի կազմակերպումը, հրատարակչական գործունեությունը, գիտական կադրերի պատրաստումը.

կատարում են ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի կողմից տրված հանձնարարությունները:

31. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս քարտուղարը նախապատրաստում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովները և նախագահության նիստերը, վերահսկողություն է սահմանում ընդհանուր ժողովների և նախագահության որոշումների, ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի հրամանների և կարգադրությունների կատարման նկատմամբ, կազմակերպում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի հաշվետվության նախապատրաստումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների հետ օպերատիվ կապը:

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բաժանմունքը

 

32. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքները գիտությունների տվյալ ճյուղում կատարվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման հիմնական կենտրոններն են:

Բաժանմունքներն իրենց կազմում ունեն պրոբլեմային գիտական խորհուրդներ, գիտական կենտրոններ, գիտական և գիտաօժանդակ այլ հիմնարկներ:

33. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքը միավորում է տվյալ բաժանմունքում ընտրված ակադեմիայի անդամներին, ինչպես նաև տվյալ բաժանմունքի կազմի մեջ մտնող ինստիտուտների, մյուս գիտական և գիտաօժանդակ հիմնարկների գիտաշխատողներին:

34. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքի ղեկավար մարմինը բաժանմունքի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի անդամներին, բաժանմունքի ենթակայության տակ գտնվող գիտական հիմնարկների տնօրեններին, ինչպես նաև այդ հիմնարկների գիտական կոլեկտիվների կողմից, սահմանված քվոտաներով մեկ տարի ժամկետով ընտրված լիազոր ներկայացուցիչ գիտաշխատողներին: Այդ գիտաշխատողները նույն ժամկետով տվյալ բաժանմունքի ենթակայության տակ գտնվող գիտական հիմնարկների կողմից լիազորվում են նաև ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողով:

Բաժանմունքի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ: Բաժանմունքի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ` հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստեր հրավիրվում են բաժանմունքի անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երկրորդի, ինչպես նաև բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի պահանջով:

Բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն նրա բոլոր անդամները, բացառությամբ սույն օրինադրության 47-րդ, 48-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա նիստերին մասնակցում են ընդհանուր ժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրինադրության 48-րդ կետով նախատեսված դեպքի:

35. Բաժանմունքի ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում բաժանմունքի աշխատանքները ղեկավարում է բաժանմունքի բյուրոն, որն ընտրվում է տվյալ բաժանմունքի անդամներից և համապատասխան ինստիտուտների տնօրեններից:

Բյուրոյի գործունեությունը գլխավորում է բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը:

Ակադեմիկոս քարտուղարի տեղակալը, բյուրոյի անդամներն ու գիտական քարտուղարն ընտրվում են բաժանմունքի ընդհանուր ժողովում:

Ակադեմիկոս քարտուղարի տեղակալը ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից և թղթակից անդամներից:

Բաժանմունքի բյուրոյի ամբողջ կազմի ընտրություններն անցկացվում են միաժամանակ` գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով:

Բաժանմունքի բյուրոն իր գործունեության համար հաշվետու է բաժանմունքի ընդհանուր ժողովի առջև: Բյուրոն բաժանմունքի ընդհանուր ժողովին զեկուցում է ժողովների միջև ընկած ժամանակահատվածում իր կողմից կատարված աշխատանքների մասին:

Հերթական ընտրությունների ժամանակ բյուրոն տվյալ բաժանմունքի ընդհանուր ժողովին ներկայացնում է անցած հնգամյա ժամանակաշրջանում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

(35-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

36. Բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերում ներկայացնում է բաժանմունքի իրավասությանը վերապահվող հարցերը, նախագահում է բաժանմունքի ընդհանուր ժողովում և իր գործունեությամբ հաշվետու է բաժանմունքի ընդհանուր ժողովի և ՀՀ ԳԱԱ-ի նախագահության առաջ:

Բաժանմունքի ընդհանուր ժողովի և բաժանմունքի բյուրոյի իրավասությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքի մասին կանոնադրությամբ, որը հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը:

37. Բաժանմունքի պրոբլեմային խորհուրդները, որոնք միավորում են տվյալ նեղ մասնագիտության գծով գիտնականներին, կոորդինացնում են հիմնարար գիտության կոնկրետ պրոբլեմների գծով հետազոտությունները, քննարկում են հանրապետության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հիմնարար և կիրառական հիմնահարցերը, ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների քննարկմանն են ներկայացնում եզրակացություններ ու առաջարկություններ, լուծում են այլ գիտական և կազմակերպական հարցեր:

Պրոբլեմային գիտական խորհուրդների ցանկը և հիմնական խնդիրները սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

 

38. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գտնվող հիմնական սկզբնական գիտական հաստատությունը գիտահետազոտական ինստիտուտն է, որի գլխավոր նպատակը հիմնարար գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումն է:

Գիտահետազոտական ինստիտուտը գտնվում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքներից մեկի անմիջական ենթակայության տակ և հանդիսանում է տվյալ բաժանմունքի բաղկացուցիչ մասը:

Գիտահետազոտական ինստիտուտն ունի բաժիններ, լաբորատորիաներ, թեմատիկ խմբեր և այլ գիտահետազոտական կառուցվածքային միավորներ: Անհրաժեշտության դեպքում ինստիտուտը կարող է ունենալ նաև արտադրական և փորձարարական ստորաբաժանումներ:

39. ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտը ղեկավարում է ինստիտուտի տնօրենը: Ինստիտուտի տնօրենն ընտրվում է ինստիտուտի գիտական կոլեկտիվի կողմից առաջադրված թեկնածուներից, համապատասխան բաժանմունքի ընդհանուր ժողովում, փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով և հաստատվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից:

Ինստիտուտը իրավաբանական անձ է:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

40. ՀՀ ԳԱԱ-ի անդամներ են հանդիսանում ակադեմիկոսները, թղթակից անդամները, պատվավոր անդամները և արտասահմանյան անդամները:

(40-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

41. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս ընտրվում են այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով, ստեղծել են գիտական դպրոց:

Հայաստանի կամ իրենց գործունեությամբ Հայաստանի հետ կապված գիտական ակնառու արդյունքներ ունեցող, աշխարհում ճանաչված գիտնականները կարող են ընտրվել ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան կամ պատվավոր անդամներ:

ՀՀ ԳԱԱ-ի անդամներն ընտրվում են ցմահ:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրվում են այն գիտնականները, ովքեր գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով:

(41-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

42. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների առավելագույն թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության առաջարկությամբ:

(42-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

43. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Ընտրությունների անցկացման ժամկետը, մասնագիտությունների անվանումը և թափուր տեղերի թվաքանակն ըստ առանձին մասնագիտությունների առաջարկում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը և հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(43-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

44. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների, թղթակից անդամների, արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրություններն անցկացվում են սույն օրինադրությամբ, ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ընտրությունների մասին կանոնադրությանը համապատասխան:

(44-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

45. Ընտրությունների անցկացման մասին ՀՀ ԳԱԱ-ի նախագահության հայտարարությունը հրապարակվում է մամուլում ոչ ուշ, քան ընտրությունների անցկացման օրվանից երկու ամիս առաջ:

ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսի և թղթակից անդամի թեկնածությունների առաջադրման իրավունքը վերապահվում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին, գիտական հիմնարկներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին: Թեկնածուների առաջադրումը կատարվում է գիտական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերում` ձայների պարզ մեծամասնությամբ:

(45-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

46. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններն անցկացվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված թեկնածուների թվից:

(46-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

47. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսները և թղթակից անդամները:

(47-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

48. Բաժանմունքի առանձին անդամների հարգելի պատճառով բացակայության դեպքում բաժանմունքի ընդհանուր ժողովին մասնակցող ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր ցուցակները ճշգրտվում են ժողովից առաջ, և բաժանմունքը հաստատում է դրանք քվեարկության համար: Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների ընտրություններ, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երեք քառորդը:

Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամների թեկնածուների ընտրություններ, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդը:

Ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ:

Բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների թվաքանակը չպետք է գերազանցի տվյալ բաժանմունքի համապատասխան թափուր տեղերի թվաքանակը:

ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսի թեկնածու ընտրված են համարվում այն անձինք, որոնք ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս քան տվյալ բաժանմունքի քվեարկության ցուցակում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների թվի երկու երրորդը:

ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամի թեկնածու են համարվում այն անձինք, ովքեր ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան տվյալ բաժանմունքի քվեարկության ցուցակում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների թվի երկու երրորդը:

(48-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

49. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս ընտրելիս վճռական ձայնի իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները, իսկ թղթակից անդամ ընտրելիս` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները և թղթակից անդամները: Քվորումը և քվեարկության կարգն այնպիսին են, ինչպես բաժանմունքների ընդհանուր ժողովներում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների թեկնածուների ընտրության ժամանակ: Քվեարկության համար ցուցակային կազմը հաստատվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ:

ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս ընտրված են համարվում այն անձինք, որոնք ստացել են ցուցակային կազմի մեջ ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ձայների պարզ մեծամասնությունը: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են ցուցակային կազմի մեջ ընդգրկված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ձայների պարզ մեծամասնությունը:

(49-րդ կետը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 04.04.00 N 153)

50. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից, բաժանմունքների առաջարկությամբ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրություններն անցկացվում են ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընտրությունների համար նախատեսված կարգով: Քվեարկության կարգը որոշում է ընդհանուր ժողովը:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

51. ՀՀ ԳԱԱ-ի յուրաքանչյուր անդամ ՀՀ ԳԱԱ-ի որևէ բաժանմունքի անդամ է:

52. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն իրավունք ունեն իրենց բաժանմունքի բյուրոյի և ՀՀ ԳԱԱ-ի նախագահության քննարկմանը ներկայացնել գիտական և գիտակազմակերպական հարցեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և բաժանմունքի միջոցով այդ հարցերի քննարկումը տեղափոխել բաժանմունքի ընդհանուր ժողով և ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողով:

53. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել ակադեմիայի ղեկավար մարմինների կազմում:

54. ՀՀ ԳԱԱ-ի անդամները պարտավոր են կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները, մասնակցել ՀՀ ԳԱԱ-ի վրա դրված խնդիրների կատարմանը: Ամեն տարի հաշվետվություն ներկայացնել իրենց գիտական և կազմակերպչական գործունեության մասին այն բաժանմունքներին, որի գծով նրանք ընտրվել են ՀՀ ԳԱԱ-ի անդամ:

 

VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

55. ՀՀ ԳԱԱ-ի գույքը և միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, պայմանագրային աշխատանքներից ստացված եկամուտներից, հանրապետական և միջազգային հիմնադրամների, այլ կազմակերպությունների ու մասնավոր անձանց նվիրատվություններից:

56. ՀՀ ԳԱԱ-ն և համակարգի հաստատությունները, հիմնարկներն ու ձեռնարկություններն իրենց օգտագործման, տիրապետման և տնօրինության տակ ունեն շենքեր, շինություններ, կառույցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, կապի միջոցներ և այլ գույք, ինչպես նաև ակադեմիայի համակարգում աշխատողների սոցիալական պահանջների բավարարումն ապահովող գույք (բնակարանային ֆոնդ, պոլիկլինիկա, հյուրանոցներ, հանգստյան տներ, պանսիոնատներ, ճամբարներ, գիտնականների ստեղծագործական տներ և այլն):

57. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

 

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

58. ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներն են:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր կարող են ծառայել պետական, հասարակական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև այն միջոցները, որոնք ստացվում են հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա:

59. ՀՀ ԳԱԱ-ն տնօրինում է պետական բյուջեից սահմանված կարգով իրեն հատկացվող ֆինանսական միջոցները, դրանք բաշխում է ըստ գիտական ուղղությունների և փորձաքննությամբ հաստատված գիտահետազոտական թեմաների:

60. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

 

X. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

61. ՀՀ ԳԱԱ-ն կարող է վերակազմավորվել կամ լուծարվել ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ ԳԱԱ-ի լուծարման դեպքում նրա գույքի և այլ միջոցների տնօրինման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է լուծարային հանձնաժողով:

(հավելվածը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 10.06.99 N 403, 04.04.00 N 153)