Գլխավոր տեղեկություն
Համար
N 203
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.1997-16.02.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.08/7(462)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
24 հունիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 1997 թվականի N 203
քաղ. Երևան

«ՄԱՐՍ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և ի կատարումն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996—1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. «Մարս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել միջազգային մրցույթով։

2. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովի կազմը և պետական ձեռնարկության մեկնարկային գինը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով։

3. «Մարս» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել՝

ա) արտահրապարակային գազամուղը, մալուխային էստակադան և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը.

բ) արտահրապարակային կապի գիծը (քաղ. Երևան, Բաբաջանյան 17) և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության տնօրինությանը.

գ) հակահրդեհային դեպոն (քաղ. Երևան, Րաֆֆու 111) և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը.

դ) երկաթուղու ենթագիծը և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը.

ե) N 2 ավտոճանապարհն ու դրա շարունակությունը (քաղ. Երևան, Րաֆֆու 111), NN 3, 4, 5 ավտոճանապարհները (քաղ. Երևան, Րաֆֆու 111) և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը.

զ) բնակելի շենքը (քաղ. Երևան, Բաբաջանյան 19), արտաքին ջերմամատակարարման գիծը, արտահրապարակային անձրևաջրերի կոյուղու կոլեկտորը (քաղ. Երևան, Հրազդանի կիրճ), արտահրապարակային ֆեկալը (քաղ. Երևան, Րաֆֆու 111), արտահրապարակային տեխնիկական ջրագիծը (քաղ. Երևան, Րաֆֆու 111), արտահրապարակային խմելու ջրագիծը (քաղ. Երևան, Րաֆֆու 111) և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Մալաթիայի թաղային համայնքին՝ սեփականության իրավունքով։

4. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովը մրցույթն արդյունավետ իրականացնելու նպատակով մրցույթի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներում որպես մասնագիտացված կազմակերպություն ընդգրկում է «Մերիլ Լինչ Ինտերնեյշնլ» (Լոնդոն, Անգլիա) ընկերությունը։

Նշված մասնագիտացված կազմակերպությանը վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան։

5. Մրցույթին մասնակցելու համար մրցույթի մասնակիցները (այսուհետև՝ մասնակից) մրցութային առաջարկները (այսուհետև՝ առաջարկ) ներկայացնում են մրցութային հանձնաժողովին և մասնագիտացված կազմակերպությանը հրավերում նշված հասցեներով։

Առաջարկները ներկայացնելու վերջնական ժամկետ սահմանել 1997 թվականի սեպտեմբերի 15-ի Գրինվիչի ժամանակով ժամը 15.00-ն։

Մրցույթի անցկացման վայրը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքն է։

6. Մասնակցի ներկայացրած առաջարկը պետք է ներառի հետևյալ ֆինանսական պարտավորությունները`

ա) պետական ձեռնարկության գինը, որը մասնակիցը պատրաստ է վճարել մրցույթում հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

բ) ներդրումների ծավալը, ձևը և ժամկետները՝ իր ներկայացրած ներդրումների ծրագրին համապատասխան.

գ) զբաղվածության երաշխիքները, այդ թվում աշխատատեղերի քանակը, միջին աշխատավարձը և ժամկետները։

Մասնակիցը պետք է պատրաստ լինի առանց վերապահումների կատարել առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած սեփականաշնորհման պայմանագրի նախագծի։ Պայմանագրի նախագիծը պետք է կցված լինի առաջարկին, որտեղ այդ մասին պետք է լինի հստակ ծանուցում։

Առաջարկում և պայմանագրում վերապահումների առկայության դեպքում մրցութային հանձնաժողովն իրավասու է առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները գնահատել ի վնաս մասնակցի։

Առաջարկի հետ մեկտեղ նույն ծրարով պետք է ներկայացվի նաև գնորդի գործարքներ իրականացնելու ֆինանսական հնարավորությունները հաստատող փաստաթուղթ։

7. Առաջարկը պետք է բավարարի հետևյալ լրացուցիչ պահանջները՝

ա) առաջարկը պետք է ներկայացված լինի անմիջական գնորդի կողմից.

բ) ֆինանսական պարտավորությունները պետք է արտահայտված լինեն ԱՄՆ-ի դոլարով.

գ) առաջարկում պետք է նշված լինի, որ այն ուժի մեջ է մնում մինչև 1997 թվականի  հոկտեմբերի 15-ը, Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ն.

դ) առաջարկներն անվանել են, եթե՝

ներկայացված են լիազորագրերի հիման վրա,

պահանջում են լրացուցիչ ժամանակ՝ ձեռնարկության ուսումնասիրման համար,

պայմանավորված են այլ մասնակիցների ներկայացրած առաջարկներով։

8. Առաջարկների ծրարների բացման օրը և ժամը սահմանել 1997 թվականի սեպտեմբերի 15-ը, Գրինվիչի ժամանակով ժամը 15.00-ն։

9. Մրցույթի պահանջներն առավել բավարարող առաջարկը որոշելու նպատակով առաջարկներում ներառված ֆինանսական պարտավորությունները գնահատվում են 100 միավոր գնահատման համակարգով։

Սահմանել ֆինանսական պարտավորությունների գնահատման հետևյալ միավորները

ա) գնի համար, որը մասնակիցը պատրաստ է ԱՄՆ-ի դոլարով վճարել պետական ձեռնարկության դիմաց 50 միավոր

բ) ներդրումային ծրագրի համար` 25 միավոր,

գ) զբաղվածության երաշխիքների համար` 25 միավոր։

Յուրաքանչյուր ֆինանսական պարտավորության արժեքավորման կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը՝ մասնագիտացված կազմակերպության  ներկայացմամբ։

10. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով։ Մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչվում է առավելագույն գնահատական ստացած մասնակիցը։

11. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսը՝ ներառյալ հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

12. Մրցութային հանձնաժողովը՝

ա) կարող է մերժել առաջարկներն առանց որևէ պատճառաբանության.

բ) գնահատում է վերապահումներ պարունակող ֆինանսական պարտավորությունները.

գ) իրավասու է ներկայացված առաջարկների շուրջ բանակցել մեկ կամ մի քանի մասնակիցների հետ, ընդ որում, հանձնաժողովը բանակցությունների արդյունքում մրցույթի պայմանները փոխելու կամ նոր մրցույթ հայտարարելու համար չի կրում որևէ պարտավորություն.

դ) առաջարկների գնահատման արդյունքում հաղթողին ճանաչելու դեպքում այդ մասին պետք է տեղյակ պահի մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին և առաջարկի նրան ստորագրել սեփականաշնորհման պայմանագիրը` նշելով դրա ստորագրման և պետական ձեռնարկության գնի վճարման ժամկետները։ Եթե մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը ծանուցումն ստանալուց հետո նշված ժամկետում սեփականաշնորհման պայմանագիրը չի ստորագրում կամ ստանձնած պարտավորությունները չի կատարում, ապա հանձնաժողովն իրավասու կատարել այլ առաջարկի ընտրություն։

13. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սեփականաշնորհման պայմանագիրը ենթակա է ստորագրման նրա առաջարկած գնին համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին փոխանցելուց հետո։

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում հանձնաժողովի և մասնագիտացված կազմակերպության համաձայնությամբ ընտրել «էսքրոու» գործակալ բանկ և բացել «էսքրոու» տիպի հատուկ հաշիվ։

15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհման պայմանագիր կնքել մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ։

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 24-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան