Գլխավոր տեղեկություն
Համար
N 796-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2006-26.04.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.729
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 796-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին մեկ ամսվա ընթացքում համատեղ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված հայեցակարգն ամրագրող կենսաթոշակային բարեփոխումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները հաստատելու մասին» N 666-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 10
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 796-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԵՐԵՎԱՆ-2006


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը

Հին կենսաթոշակային համակարգի դերը

Անաշխատունակության նպաստը և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը

Եկամտահարկը և սոցիալական վճարները

Կենսաթոշակների ստացման եղանակները

Պետական կենսաթոշակային հիմնադրամի դերը


ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այս հայեցակարգով (այսուհետ` հայեցակարգ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը մանրամասնում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իր ռազմավարությունը։ Բարեփոխման արդյունքի տեսակետից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակում է իր պատկերացումներն ապագա կենսաթոշակային համակարգի վերաբերյալ և նկարագրում է այն գործողությունների հաջորդականությունը (միջոցառումների ժամանակացույց), որը կապահովի այդ համակարգի ներդրումը:

Այս հայեցակարգի ընդունումը հետևում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները» N 666-Ն որոշմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն արձանագրում է, որ այդ որոշմամբ սահմանված սույն հայեցակարգի ձևավորման նախապայման հանդիսացող բոլոր գործողություններն իրականացված են: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրել է գործող համակարգի բարելավման և ապագա համակարգի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները: Կատարվել են նաև ակտուարական 20-ից ավելի կարճաժամկետ և երկարաժամկետ (50-75 տարվա կտրվածքով) սցենարային վերլուծություններ, որոնցից ընտրվել է սույն հայեցակարգում նկարագրված սցենարը: Սցենարի ընտրությունը կատարվել է կենսաթոշակային համակարգը նկարագրող մի շարք պարամետրերի համադրման արդյունքում: Վերջնական ընտրության համար հիմք է հանդիսացել նաև ընտրված կենսաթոշակային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի հայեցակարգային մոտեցումներում առաջ քաշված խնդիրների արդյունավետ լուծումը (տես հայեցակարգային մոտեցումների երկրորդ բաժինը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 666-Ն որոշում):

Ապագա կենսաթոշակային համակարգի ընտրությունը կատարվել է բազմակողմանի քննարկումների և խորհրդատվության հիման վրա: Այն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և այլ կառավարման պետական մարմինների միջև տևական և շահագրգիռ քննարկումների արդյունք է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորհրդակցել է նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ` մասնակցելով վերջիններիս կողմից կազմակերպված ֆորումներին: Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունից անկախ կատարել են ապագա կենսաթոշակային համակարգի մի շարք սցենարային (ակտուարական) վերլուծություններ, որոնք հիմնավորում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետազոտված սցենարների արդիականությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն անցած 10 ամսվա ընթացքում անընդհատ խորհրդակցել է նաև միջազգային կառույցների և փորձագետների հետ, որոնք օգնել են ձեռք բերել փոխհամաձայնություն ապագա կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հայեցակարգում չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխման արդիականության և հրատապության հարցին, քանի որ վերջին 10 ամսվա հետազոտություններն ու քննարկումները վերահաստատեցին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2005 թվականի մայիսին հաստատված` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումներում բերված փաստարկների և հիմնավորումների ամբողջականությունը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրահանգեց, որ ներկայիս կենսաթոշակային համակարգն իր բնույթով ավելի շատ սոցիալական ապահովության, քան սերունդների միջև համերաշխության սկզբունքով գործող սոցիալական ապահովագրության համակարգ է, քանի որ վճարվող կենսաթոշակների չափը կախված չէ ոչ կենսաթոշակառուների աշխատած տարիների աշխատավարձի, ոչ էլ վերջիններիս կողմից իրենց կյանքի ընթացքում վճարված սոցիալական վճարների չափերից: Այս փաստը մեծացնում է ապագա բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետության կառավարության ճկունությունը:

Հայեցակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է կենսաթոշակային համակարգի բարեփոխման շրջանակը կամ նոր համակարգի հիմնական բաղադրիչների նկարագիրը: Այն նկարագրում է ապագա կենսաթոշակային համակարգը` կատարվելիք սոցիալական վճարների, սպասվող կենսաթոշակների մակարդակի հաշվարկներով և դրանց վճարման ու ստացման եղանակներով: Վերջում հայեցակարգը ներկայացնում է նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հետագա քայլերը:

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման շրջանակը բնութագրում է այն բոլոր փոփոխությունները, որոնք ազդելու են քաղաքացիների վարքագծի վրա: Այն կներառի նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը և հին կենսաթոշակային համակարգի դերը: Անաշխատունակության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքերում կենսաթոշակի և այլ ոչ ավանդական կենսաթոշակների հստակ սահմանումը նույնպես կենսաթոշակային համակարգի կայունության և բարեփոխման հաջողության երաշխիքներից է: Բարեփոխման ընթացքի կարևորագույն տարրերից է հին ու նոր համակարգերին սոցիալական վճարների և այդ համակարգերից ստացվող կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրների հստակ սահմանումը:

 

Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության նպատակը կենսաթոշակային այնպիսի համակարգի ստեղծումն է, որը յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որևէ տեսակի եկամուտ. նվազագույնն աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչև կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի բազմաստիճան, տարբեր ֆինանսավորման աղբյուրներից սնվող, նոր կենսաթոշակային համակարգ: Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նաև կանոն, թե որ քաղաքացիները կամ տարիքային խմբերը կարող են անցնել նոր կենսաթոշակային համակարգի: Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: 45-ից բարձր տարիքի քաղաքացիները մնում են հին համակարգում: Այս սահմանափակումը բացատրվում է այն հանգամանքով, որ նոր կենսաթոշակային համակարգը հասունանալու և դրա առավելություններից օգտվելու համար կպահանջվի 25-30 տարի:

Նոր կենսաթոշակային համակարգը կներառի հետևյալ 4 աստիճանը` (ա) նվազագույն ծերության սոցիալական նպաստ, (բ) բազային կենսաթոշակ, (գ) պարտադիր մասնավոր կուտակային կենսաթոշակ և (դ) կամավոր կուտակային կենսաթոշակ:

 

Նվազագույն ծերության սոցիալական նպաստը (համապատասխանում է ներկայիս բազային կենսաթոշակին)

 

Այս կենսաթոշակը կվճարվի այն քաղաքացիներին, որոնք իրենց կյանքի ընթացքում եղել են աղքատ և ունեն ոչ բավարար աշխատանքային պատմություն կամ եղել են գործազուրկ կամ աշխատել են ստվերում և չունեն բավարար խնայողություններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կառաջարկի օրենսդրական փաթեթ այդ իրավունքների ճանաչման չափանիշները հաստատելու մասին և կսահմանի սոցիալական ծառայությունների աշխատակարգ, որը կսահմանի այդ ծառայությունների կողմից նման կենսաթոշակառուների որակավորման գործառույթները: Այդ աշխատակարգն անընդհատ կզարգացվի` հաշվի առնելով իրավիճակի առանձնահատկությունները և մարտահրավերները: Օրենքի և աշխատակարգի ընդունումը հրատապ խնդիր չէ և կարող է ներդրվել բարեփոխմանը հաջորդող 10-15 տարվա ընթացքում` խոստումները տեսանելի դարձնելու տեսակետից միջին ժամկետում (3-5 տարի):

Այս կենսաթոշակի չափը կարող է լինել որոշակի` սահմանված գումարի տեսքով կամ հաշվարկվել բանաձևի հիման վրա: Քանի որ այս կենսաթոշակն առաջին անգամ կվճարվի միայն 15-20 տարի հետո, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետում կսահմանի այդ կենսաթոշակի մեծության սահմանման մեթոդաբանությունը: Ամեն դեպքում այդ շեմը կսահմանվի առանձին օրենքով և կինդեքսավորվի գնաճի մեծությամբ այնքան ժամանակ, քանի դեռ բարեկեցության մակարդակն էական որակական փոփոխություններ չի կրել:

Նվազագույն ծերության սոցիալական նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: Այդ նպաստ ստացողները չեն կարող լրացուցիչ եկամուտ կամ կենսաթոշակ ստանալ այլ աղբյուրներից` ներառյալ պարտադիր և կամավոր կուտակային համակարգից: Մինչև նպաստի նշանակումը` այլընտրանքային եկամուտը, դրա ստացման իրավունքը և մասնավոր կենսաթոշակային համակարգում բոլոր կուտակումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Բազային կենսաթոշակ (համապատասխանում է ներկայիս կենսաթոշակին)

 

Այս կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն քաղաքացիները, որոնք իրենց կենսաթոշակն ստանում են պարտադիր կուտակային համակարգից և չեն ստանում նվազագույն ծերության սոցիալական նպաստ: Դրա չափը կամ հաշվարկման մեթոդաբանությունը կամրագրվի օրենքով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կփոխանցվի կենսաթոշակառուի պարտադիր կուտակային հիմնադրամի` վերջինիս անհատական հաշվին: Ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից` այս կենսաթոշակի չափը կարող է բանաձևով կապվել պարտադիր կուտակային համակարգում կուտակված միջոցների մեծության հետ:

Այս կենսաթոշակի իրավունքն առաջին անգամ կարող է ծագել միայն նոր համակարգի ներդրումից 18 տարի հետո, եթե 45 տարեկանից ցածր քաղաքացիներից որևէ մեկը որոշի անցնել նոր համակարգ: Այդուհանդերձ, բարեփոխման արդյունքը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր համակարգի ներդրման պահին կսահմանի բազային կենսաթոշակի գումարի չափի հաշվարկման կարգը, որը հարկաբյուջետային հնարավորություններից ելնելով պարբերաբար կվերանայվի:

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակ

 

Այս կենսաթոշակը համարվում է բարեփոխման հիմնաքարը և վճարվում է կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացիների անհատական հաշիվներում կուտակված միջոցներից և տարիների ընթացքում դրանց դիմաց հաշվեգրված տոկոսային եկամուտներից: Նոր համակարգին անդամագրվածներն իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար յուրաքանչյուր ամիս պարտադիր կերպով փոխանցում են իրենց կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամի իրենց անհատական հաշիվներին:

Այս կենսաթոշակ ստացողներն ստանում են նաև բազային կենսաթոշակը: Այս կենսաթոշակից օգտվողները չեն կարող ստանալ նվազագույն ծերության սոցիալական նպաստ, սակայն կարող են լրացուցիչ կենսաթոշակ ստանալ կամավոր կուտակային համակարգից:

Պարտադիր կուտակային համակարգից կենսաթոշակները տրամադրվում են մասնավոր կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով, որը կնկարագրվի կենսաթոշակների վճարման եղանակները բաժնում:

 

Կամավոր կուտակային կամ ոչ կուտակային կենսաթոշակ

 

Այս կենսաթոշակի համակարգն աշխատում է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի նման, միայն թե կամավոր սկզբունքով: Սոցիալական վճարների չափը և կենսաթոշակների ստացման կարգը որոշվում են կենսաթոշակային հիմնադրամի և քաղաքացու միջև կնքված պայմանագրի հիման վրա: Համաձայն պայմանագրի կենսաթոշակները կարող են վճարվել ուղղակիորեն կենսաթոշակային հիմնադրամներից և կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով: Կենսաթոշակային ապահովագրությունը, այս դեպքում, կարելի է գնել և որպես կուտակային (defined contribution) և որպես ոչ կուտակային (defined benefit) կենսաթոշակներ:

 

Հին կենսաթոշակային համակարգի դերը

 

Բարեփոխման սկզբնավորման պահին արդեն իսկ կենսաթոշակային տարիքին հասած անձինք և նոր համակարգին չանցած քաղաքացիները շարունակում են մնալ գործող համակարգի կանոնների ներքո և ստանալ կենսաթոշակ գործող բանաձևի հիման վրա: Ընդ որում, նոր համակարգին անցած անձինք որևէ պահին այդ համակարգից հրաժարվելու դեպքում չեն կարող հետ վերադառնալ հին համակարգ և կարող են հավակնել միայն նոր համակարգի ներքո նվազագույն ծերության սոցիալական նպաստի:

Բարեփոխման գործընթացը պարզ պահելու նպատակով և ելնելով հարկաբյուջետային առկա սահմանափակումներից Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր համակարգի ներդրման փուլում գործող կամ հին կենսաթոշակային համակարգում փոփոխություններ չի նախատեսում` բացառությամբ Աղքատության հաղթահարման ռազմավարությամբ նախատեսված կենսաթոշակների ավելացման և այլ միջոցառումների:

Ենթադրվում է, որ նոր համակարգին անցածները կստանան ավելի լավ կենսաթոշակ, քան հին համակարգում մնացածները: Այդուհանդերձ, քանի որ հին համակարգում մնացած քաղաքացիները պարտադիր կուտակման համար եկամտից սոցիալական վճարումներ չեն կատարելու, ապա վերջիններս կարող են կամավոր կենսաթոշակային ապահովագրություն գնել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից` կամավոր կուտակային և ոչ կուտակային կենսաթոշակների տեսքով:

 

Անաշխատունակության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստը և կենսաթոշակը

 

Անաշխատունակության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և կենսաթոշակների համակարգը շարունակում է գործել:

Այդուհանդերձ, նոր համակարգի ներքո հնարավոր է բարելավել այդ նպաստների և կենսաթոշակների չափը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները կգնեն կյանքի ապահովագրություն, որը թույլ կտա փոքր գումարներ վճարելով բավարար կերպով ապահովագրել քաղաքացիների ապագա եկամուտների կորուստները: Օրենքով կսահմանվի նաև այն բիզնեսների ցանկը, որոնք, գործունեության ռիսկայնությունից ելնելով, պարտավոր են ապահովագրել իրենց աշխատողներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր համակարգի ներդրման միջոցառումների ներքո կհրապարակի այդ նոր հնարավորությունների մեխանիզմները, սակայն ներդրման ժամկետները կախված կլինեն կյանքի ապահովագրության կառույցների ձևավորումից:

 

Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների և ինքնազբաղվածների կենսաթոշակային ապահովումը

 

Այս 2 ոլորտում զբաղվածների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի առանձին կենսաթոշակային համակարգ: Այդ համակարգի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարձու աշխատողների համեմատ այդ ոլորտի զբաղվածները չունեն կայուն ամսական եկամուտներ և վերջիններս կրում են սեզոնային բնույթ:

Հետևաբար, զբաղվածների այս խմբի համար սոցիալական հարկը կսահմանվի տարեկան եկամուտների կամ ավելի հաճախակի (օրինակ` ամսական կամ եռամսյակային) վճարումների դեպքում այդ տարեկան եկամուտների միջանկյալ հաշվարկային մեծության նկատմամբ:

Այդ առանձնահատկության ներքո կենսաթոշակային համակարգն այս 2 ոլորտի համար կձևավորվի բացառապես նոր համակարգի սկզբունքներով: Սա նշանակում է, որ այս 2 ոլորտում զբաղվածները նույնպես կստանան նվազագույն ծերության սոցիալական նպաստ:

 

Եկամտահարկը և սոցիալական վճարները

 

Ներկայիս սոցիալական վճարների և եկամտահարկի ինտեգրված համակարգը և դրանց հանրագումարային 25 տոկոս դրույքաչափն արդյունավետ համակարգ է և մինչև նոր կենսաթոշակային համակարգի հասունանալը կարող է պահպանվել:

Այդուհանդերձ, սոցիալական վճարների և եկամտահարկի վարչարարությունը պարզեցնելու տեսակետից, այդ համակարգի հետագա բարեփոխումը կդառնա Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին քննարկման առարկա հատկապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող այդ 2 վճարի հետագա ինտեգրման տեսակետից: Ներկայումս վարձու աշխատողները վճարում են իրենց եկամտահարկի մի մասը որպես սոցիալական վճար/հարկ, իսկ մյուս մասը որպես եկամտահարկ, որոնց հանրագումարը չի գերազանցում եկամտի 25 տոկոսը: 2 հարկատեսակն էլ առանձին-առանձին հաշվարկում է գործատուն և վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվում է մասհանում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին (ՍԱՊՀ), որն էլ վճարում է կենսաթոշակները:

Այլընտրանքներից մեկը կարող է լինել այն, որ կենսաթոշակային բարեփոխման ներքո և նոր համակարգ անցածները, և հին համակարգում մնացածները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծեն միայն եկամտահարկ` եկամտի 25 տոկոսի չափով, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծեն որևէ սոցիալական վճար: Դրա ներքո վարձու աշխատողների համար հաշվարկը և վճարումները կշարունակվեն կատարվել գործատուների կողմից և նոր կենսաթոշակային համակարգի հասունացմանը զուգընթաց, և անձնական հայտարարագրման մեխանիզմի ներդրման արդյունքում քաղաքացիները կարող են ինքնուրույն հաշվարկել և վճարել իրենց եկամտահարկը:

Դրա ներքո օրենքով սահմանված կարգով գործատուների կողմից ներկայումս վճարվող սոցիալական վճարների չափով կավելացվեն աշխատողների աշխատավարձերը, որպեսզի քաղաքացիների մոտ եկամտի կորուստ չառաջանա: Գործատուների մոտ նույնպես եկամուտների կորուստներ չեն առաջանա, քանի որ այդ գումարներն արդեն իսկ վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ընդհակառակը գործատուների համար հարկային վարչարարությունը կպարզենա:

Պետության կողմից երաշխավորվող կենսաթոշակների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կպլանավորվեն առանձին ծախսային հոդվածներ, որոնք կերաշխավորվեն եկամտահարկից ստացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներով:
Այդուհանդերձ, նկարագրված մոտեցումը նախանշում է եկամտահարկի և սոցիալական վճարների համակարգի ինտեգրման ուղղությունը, սակայն ներկայացնում է տարբերակներից միայն մեկը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջնական որոշումը, այդ թվում` արդյոք անհրաժեշտ է փոփոխել ներկայիս համակարգը, թե ոչ, կկայացնի հետագա քննարկումների արդյունքում:

Ամեն դեպքում նոր համակարգին անցած քաղաքացիները գործատուների միջոցով իրենց աշխատավարձից կվճարեն նաև ներկայիս 3 տոկոսը և լրացուցիչ 7 տոկոսի չափով սոցիալական վճարը (ընդհանուր 10 տոկոս), որը կփոխանցվի քաղաքացիների կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամներում բացված անձնական հաշիվներին: Յուրաքանչյուր տարի այդ վճարներն իրականացնող անձինք անվճար կստանան իրենց հաշվի վերաբերյալ տեղեկատվություն փաստացի կուտակված միջոցների չափի և դրանց կառավարումից ստացված տոկոսային եկամուտների վերաբերյալ:

 

Կենսաթոշակների ստացման եղանակները

 

Պետության կողմից երաշխավորվող բոլոր կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակիորեն` ըստ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (տես ՍԱՊՀ-ի դերը բաժնում) կողմից տրված կենսաթոշակների չափի և կենսաթոշակառուների ցանկի: Նոր համակարգին անցած քաղաքացիներին հասանելիք պետական կենսաթոշակները, ըստ կենտրոնացված ՍԱՊՀ-ի տվյալների, կփոխանցվեն ՍԱՊ-ի ներքո վարվող կենսաթոշակային հիմնադրամների` վերջիններիս անձնական հաշիվներին:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարումներ կատարողներն իրենց կենսաթոշակները կստանան կենսաթոշակային հիմնադրամներից: Այդուհանդերձ, օրենքը կպարտադրի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների անձնական հաշիվներում կուտակված միջոցները վճարել նվազագույն (ասենք առնվազն 15 տարվա) կյանքի տևողության հաշվարկից ելնելով կամ կենսաթոշակի տարիքին հասած քաղաքացիների համար գնել կյանքի ապահովագրություն (անուիտետ): Կյանքի տևողության նվազագույն չափը կսահմանվի կյանքի ապահովագրությունն առավելագույնս խթանելու սկզբունքով: Վերջինս կերաշխավորի, որ կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակառուն ապահովված կլինի կենսաթոշակով ամբողջ կյանքի ընթացքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված բազային կենսաթոշակը կարող է նույնպես ուղղվել անուիտետի ձեռքբերմանը:

Կուտակված, սակայն չօգտագործված գումարները կենսաթոշակառուները մահից հետո կարող են փոխանցել իրենց հարազատներին: Հարազատներն այդ միջոցները կանխիկով ստանալու դեպքում կհարկվեն առնվազն եկամտահարկի չափով: Հարազատների կողմից այդ միջոցների ուղղումն իրենց անձնական կենսաթոշակային հաշիվներին կազատի այդ հարկի վճարումից:

 

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի դերը

 

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը նոր կորպորատիվ սկզբունքների ներքո կիրականացնի քաղաքացիների սոցիալական անհատական հաշվառման համակարգի վարումը, պետական և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգերից ստացվող կենսաթոշակների հաշվառումը և վճարումը, պարտադիր կուտակային համակարգին սոցիալական վճարների հավաքագրումը և ակտիվների կառավարիչներին փոխանցումը: Բոլոր տեսակի սոցիալական վճարների և կենսաթոշակի վճարումների աստիճանաբար անցումը կկատարվի կենսաթոշակառուների և սոցիալական նպաստառուների անձնական բանկային հաշիվների միջոցով վճարումների ձևին:

ՍԱՊՀ-ի շրջանակներում ձևավորվելու է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ՍԱՊՀ-ի, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներից բաղկացած ներդրումային խորհուրդ, որը որոշում է ներդրումների ուղղությունը և ծավալը:

Պարտադիր կուտակային համակարգին անցած քաղաքացիների անհատական կենսաթոշակային պահանջները կհաշվառվեն ոչ միայն ՍԱՊՀ-ում, այլև առանձին իրավաբանական անձի կարգավիճակով ստեղծված և շահույթի նպատակ չհետապնդող կենսաթոշակային հիմնադրամների ներքո: Վերջիններս կապահովեն կենսաթոշակային կուտակումների անձեռնմխելիությունը և դրանց խորհուրդները (հոգաբարձուների) կկատարեն կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարիչների ընտրություն:

Կենսաթոշակային նոր համակարգի հասունացմանը և կապիտալի շուկաների հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց կքննարկվի նաև ՍԱՊՀ-ի ապակենտրոնացման հարցը, որը կարող է տևել բարեփոխումն սկսվելուց հետո մինչև 5 տարի:

 

ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ

 

Սույն հայեցակարգի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի կենսաթոշակային բարեփոխման մանրամասն ծրագիր, որտեղ կներկայացվեն բոլոր այլ կառուցվածքային և ինստիտուցիոնալ փոփոխությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի նաև այն օրենքների և այլ իրավական ակտերի ներկայացման ժամանակացույցը, որը պարտադիր է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման համար:

Սույն հայեցակարգի դրույթների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն հայեցակարգն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում, կներկայացնի «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Միաժամանակ, կենսաթոշակային բարեփոխման մանրամասն ծրագրի ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմանրամասնի կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցը:

Սույն հայեցակարգի ներքո պահանջվող միջոցառումներն ամփոփված են միջոցառումների ժամանակացույցում:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 796-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Արդյունքը և դրա նկարագիրը

Կատարման պատասխանատուն  Իրականացման ժամկետը

1

2

3

4

5

6

I. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակի ամփոփումը, այդ թվում`

1. Հայեցակարգն ամրագրող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» ՀՀ օրենքի մշակումը բարեփոխման ընթացքի կայունության ապահովումը  օրենքի նախագիծ, որն առնվազն կներառի`

ա) ապագա կենսաթոշակային համակարգի բոլոր 4 աստիճանի սահմանումը

բ) յուրաքանչյուր աստիճանին կատարվելիք սոցիալական վճարների սահմանաքանակները

գ) յուրաքանչյուր աստիճանից ակնկալվող կենսաթոշակների բնութագիրը և ստացման կարգը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2006 թ.հունիս
2. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի մշակումը բարեփոխման հրապարակայնության և ընթացքի կառավարելիության ապահովումը  նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը`
1. առնվազն կանդրադառնա`
ա) նոր համակարգի մանրամասն նկարագրությանը
բ) անցման առանձնահատկություններին և գործող համակարգի բարեփոխումներին
գ) անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններին և նոր ինստիտուտների ձևավորմանը
դ) բարեփոխման ընթացքի` համակարգված կերպով կառավարմանը
2. իրենից կներկայացնի ոչ միայն նկարագրական կամ սահմանումներ տվող, այլ կոնկրետ բարեփոխման պրոցեսները նկարագրող փաստաթուղթ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2006 թ. հուլիս կվերանայվի յուրաքանչյուր տարի
3. Կենսաթոշակային բարեփոխման քաղաքական խորհրդի և աշխատանքային խմբի նշանակումը բարեփոխման որոշումների պրոֆեսիոնալիզմն ապահովելը  առավելագույնը 5-7 անձից բաղկացած խմբերի ստեղծումը, որոնք պարտավոր են հանդիպել առնվազն որոշակի հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության և պարտավոր են արձանագրել բոլոր հանդիպումները  ՀՀ կառավարություն 
2006 թ. հունիս
4. Բարեփոխման ազդեցությունը կրող հաստատությունների միջև հուշագրերի կնքումը բացի ղեկավարությունից` ներգրավված հաստատությունների բոլոր կառույցների մասնակցությունը բարեփոխման գործընթացին գրավոր հուշագրերի ստորագրումը 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 

2006 թ. սեպտեմբեր

II. Միջազգային համագործակցությունը և օժանդակությունը

5. Այլ երկրների կենսաթոշակային համակարգերը կարգավորող և այլ մարմինների հետ համագործակցությունը  ուսուցման գործընթացի արագացումը և արտասահմանյան ակտիվների կառավարիչների ճիշտ ընտրությունը   փոխադարձ հուշագրերի ստորագրումը, որը հասանելի կդարձնի վիճակագրությունը և առանձին կառույցների գործունեության ու արդյունավետության մասին տեղեկատվությունը

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2007-2008 թթ.
6. Արտասահմանյան օժանդակության համակարգումը արտասահմանյան օժանդակության առավելագույն և օգտակար կերպով օգտագործումը  համատեղ ծրագրի կազմումն արտասահմանյան
օժանդակություն տրամադրող կառույցների հետ`
ներառյալ Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն, ԱՄՆ-ի զարգացման գործակալությունը և այլն: Այդ ծրագրերի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

աշխատանքներն սկսել անմիջապես և ծրագիրը
հաստատել
2006 թ-ի դեկտեմբերին
7. Ֆինանսական օժանդակությունը բարեփոխման գինը նվազեցնելը վարկերի և դրամաշնորհների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը և նախապայմանները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

 2007 թ.

 III. Անհատականացված հաշվառման համակարգի ներդրումը

8. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի լիարժեք ներդրումը կուտակային համակարգին անցնելու նախապայմանի ստեղծումը բոլոր առկա կենսաթոշակառուների և սոցիալական վճար վճարողների անհատական տվյալների ամփոփումը` տվյալների միասնական էլեկտրոնային բազայում և դրանց հիման վրա վիճակագրական տվյալների ստացումը
անհատական տվյալների կամ հաշիվների տարեկան քաղվածքների անվճար տրամադրումը
տվյալների համադրումը տարբեր տվյալների բազաների հետ (հարկային, զբաղվածության և այլն)
սոցիալական քարտերի համակարգի կիրառման ապահովումն այլ պետական կառավարման մարմինների կողմից, այդ թվում` կառավարման մարմինների տեղեկատվական համակարգերում քաղաքացուն նույնականացնելու միասնական և եզակի միջոցի առկայությունը, որը կկանոնակարգի և կբարելավի տեղեկատվական համակարգերում տվյալների մշակումն ու հնարավորություն կտա ներդնելու տվյալների ավտոմատ փոխանակության արդյունավետ մեխանիզմներ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2006 թ.
հուլիս
ամբողջական վիճակագրության ստացման
մասով,
2007 թ. մնացած արդյունքների մասով
9. Տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմների ներդրումը, կորպորատիվ ցանցի ստեղծումը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կուտակային համակարգին անցման նախապայմանի ստեղծումը ֆինանսական և սոցիալական հաստատությունների միջև ներհանրապետական էլեկտրոնային ցանցի ստեղծումը տվյալների ավտոմատ փոխանակությունն ապահովելու նպատակով
այդ էլեկտրոնային ցանցից ստացված տվյալները պաշտոնական համարելու և հաճախորդներին սպասարկելու հիմք դարձնելու պայմանների սահմանումը
պետական կառավարման մարմինների տեղեկատվական բազաների միջև տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմների կիրարկումը 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

այլ շահագրգիռ մարմիններ

2006-2008 թթ.

 IV. Պարտադիր կուտակային համակարգի ներդրման համակարգի համար անհրաժեշտ հաստատությունների հիմնումը

10. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ինստիտուցիոնալ զարգացումը պարտադիր կուտակային համակարգի ներդրումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կառավարման համակարգի վերանայումը` առնվազն հետևյալ ուղղություններով`
ա) օրենսդրական փաթեթի ընդունումը (օրենք ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մասին, պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենք և այլն)
բ) կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրումը
գ) առկա կենսաթոշակառուների և հին համակարգում մնացած քաղաքացիների կենսաթոշակային համակարգի նկարագրումը
դ) պարտադիր կուտակային համակարգի ադմինիստրավորման կառույցի ներդրումը
ե) հրապարակայնության և հաշվետվության ընդլայնման միջոցառումները
զ) մասնավոր ֆինանսական հաստատության ռեժիմին անցնելը, որը կպահանջի ռազմավարական խնդիրների, մարդկային ռեսուրսների, ֆինանսական կառավարման և ՏՏ-ի համակարգի փոփոխությունը
է) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007 թ.
11. Ակտուարական վերլուծությունների ընդլայնումը բարեփոխման ընթացքի գնահատումը  ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը պետք է ի վիճակի լինի պատրաստել`
ա) տարեկան ակտուարական հաշվետվություններ
բ) վիճակագրական վերլուծություններ
գ) բարեփոխման հետ կապված տարաբնույթ հետազոտություններ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ կենտրոնական բանկ 

բարեփոխման ստրատեգիայի ներքո
12. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կարգավորման մարմնի հիմնումը կենսաթոշակային միջոցների արդյունավետ կառավարումը  կենտրոնական բանկի միասնական վերահսկողության մարմնի ներքո`
ա) կենսաթոշակային կարգավորման մարմնի հիմնումը` վարչության կարգավիճակով
բ) կանոնադրության հաստատումը, աշխատանքի նկարագրերի կազմումը, կազմակերպական կառուցվածքի և բյուջեի հաստատումը
գ) կարգավորման մարմնի բիզնես գործընթացների նկարագրումը  

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 

2006 թ.
օգոստոս
13. Կենսաթոշակային հիմնադրամների և դրանց ակտիվների կառավարման ենթաօրենսդրական ակտերի ընդունումը և դրանց ներդրման ապահովումը  կենսաթոշակային հիմնադրամների ֆինանսական սահունության ապահովումը  ենթադրվում է`
ա) համապատասխան ենթաօրենսդրական ակտերի կամ կարգերի ընդունումը հետևյալ ոլորտների վերաբերյալ`
ներդրումների սահմանափակումները
ակտիվների վերագնահատումը
անհատական հաշիվների տվյալների պահպանման գործընթացները
կենսաթոշակային հիմնադրամների և ակտիվների կառավարիչների հաշվապահական հաշվառման չափանիշների սահմանումը
գանձումները
մարքեթինգի, վաճառք իրականացնող գործակալների արտոնագրման և այլ վարքագծի կանոնները
արտոնագրման գործընթացները
բ) հեռահար վերահսկողության համակարգի ներդրումը, որը պահանջում է համապատասխան մանրամասն համակարգչային ծրագիր` ներառյալ ակտուարական հաշվարկները
գ) տեղերում վերահսկողության ձեռնարկի մշակումը և գործընթացի նկարագրումը 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 

2006-2007 թթ.
14. Կապիտալի շուկաների հնարավորությունների գնահատումը կապիտալի շուկաների ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը  ա) ֆինանսական կանխատեսումների իրականացումը և հաշվետվությունների ձևով հրապարակումը, կուտակված ակտիվների չափի, նոր համակարգին անցնողների հնարավոր քանակի գնահատումը` առնվազն առաջիկա 10 տարվա համար
բ) կապիտալի շուկաների վերլուծությունը` ներքին և արտաքին շուկաների ընձեռած հնարավորությունները որոշելու համար 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 

2007-2008 թթ.

IV. Օրենսդրական փոփոխությունների պահանջը

15. Օրենսդրական փոփոխությունների ժամանակացույցի կազմումը բարեփոխումների օրենսդրական հիմքերի ստեղծումը   առնվազն հետևյալ օրենսդրական ակտերի ընդունումը`

ա) «Պետական կենսաթոշակային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

բ) «Պարտադիր կուտակային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

գ) «Կամավոր կուտակային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 

2006-2007 թթ.

V. Հանրային իրազեկման աշխատանքները

16. Բարեփոխումների նպատակը, դրա մանրամասները և ընթացքը հանրությանը ներկայացնելու և բարեփոխումներին ակտիվ մասնակիցը դարձնելու համալիր ծրագիրը  բարեփոխումներին հանրության ներգրավվածության ապահովումը և գործընթացին օժանդակումը  փաստաթուղթ, որը կներառի միջոցառումներ հետևյալի մասին`
ա) պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ուսուցումը և վերապատրաստումը
բ) տեղեկատվական գրքույկների հրատարակումը և տրամադրումը քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և պետական կառավարման մարմիններին
գ) կլոր սեղանների, սեմինար-խորհրդակցությունների կազմակերպումը և անցկացումը` հասարակական կազմակերպությունների, գործատուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ
դ) իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեսահոլովակների և այլ ռեպորտաժների պատրաստումը և եթեր հեռարձակումը հեռուստատեսությամբ և ռադիոյով
ե) հասարակական կարծիքի մշտական մոնիթորինգ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 

2006թ-ից սկսած
17. Ուսուցումը և կարողությունների ընդլայնումը բարեփոխման ծախսերի նկատմամբ օգուտների հստակ հաղորդակցումը և բարեփոխման ընթացքի թափանցիկությունը 

ա) հանրային կրթական արշավի կազմակերպումը` ներառյալ ինտերակտիվ ինտերնետային համակարգի օգտագործումը, հետևյալ բնագավառներում` կուտակային համակարգին վճարների և ակնկալվելիք կենսաթոշակների հաշվարկումը
կենսաթոշակային հիմնադրամներին անդամակցության առանձնահատկությունների և դրանց միջոցով ակտիվների կառավարման վրա ազդելու հնարքներ ներկայացնելը
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից և կենսաթոշակային հիմնադրամներից ստացված քաղվածքների և դրանց կողմից հրապարակված հաշվետվությունների ընկալումը
տարաբնույթ վեճերի լուծման ընթացակարգերը ներկայացնելը
բ) բարեփոխմանը մասնակցող պետական կառավարման մարմինների անձնակազմի գիտելիքների բարձրացումը` տարաբնույթ սեմինարների և կրթական ծրագրերի միջոցով  

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ
 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 

2006-2008 թթ.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան