Գլխավոր տեղեկություն
Համար
N 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.09.2004-05.03.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 1995 թվականի N 97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արգելել`

ա) բոլոր տեսակի թափոնների ներմուծումը հանրապետություն` դրանց պահեստավորման և թաղման նպատակով.

բ) վտանգավոր թափոնների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկի:

(1-ին կետը խմբ. 08.07.04 N 1093-Ն)

2. Թափոնների և երկրորդային հումքի ներմուծումը հանրապետություն թույլատրել միայն դրանց ուղղակի կամ վերամշակումից հետո օգտագործելու նպատակով:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, հանրապետությունից արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերահսկողության կարգը (կցվում է):

4. Սահմանել, որ`

ա) վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը ենթակա է պարտադիր նախնական հայտավորման (ծանուցման) և կատարվում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության թույլտվությամբ.

բ) մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի համար վտանգ չներկայացնող թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով` առանց նախնական հայտավորման (ծանուցման):

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և շահագրգիռ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակել և հաստատել վտանգավոր ու այլ թափոնների ներմուծման, արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման կարգավորման համար անհրաժեշտ ցուցակները, ցանկերը և փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև թափոնների վտանգավոր հատկությունների ցանկը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման կարգը խախտելու համար պատասխանատվություն սահմանող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

գ) ստեղծել վտանգավոր թափոնների վերաբերյալ կոորդինացիոն-տեղեկատվական կենտրոն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 8-ից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի

դեկտեմբերի 8-ի N 97 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության վտանգավոր եվ այլ թափոնների ներմուծումը, արտահանումը եվ հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, հանրապետությունից արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերահսկողության կարգը մշակվել է վտանգավոր թափոնների երկրից երկիր փոխադրման, դրանց հեռացման նկատմամբ հսկողության մասին Բազելյան համաձայնագրի հիմնական դրույթներին համապատասխան:

Սույն կարգի գործողությունը չի տարածվում ռադիոակտիվ թափոնների վրա:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. «Թափոններ»-նյութեր և առարկաներ, որոնք հեռացվում են, նախատեսված են հեռացման համար կամ ենթակա են հեռացման:

3. «Վտանգավոր թափոններ»-թափոններ, որոնք վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի համար:

4. «Այլ թափոններ»-բնակավայրերից հավաքվող թափոններ և կենցաղային թափոնների այրման հետևանքով առաջացած մնացորդներ:

5. «Երկրորդային հումք»-նյութեր և առարկաներ, որոնք արդյունաբերական կամ այլ մշակման, օգտագործման, պահպանման, տեղափոխման մնացորդներ են և որոշակի մշակումից հետո կարող են լիովին կամ մասամբ օգտագործվել: Կարգում օգտագործվող «վտանգավոր և այլ թափոններ» հասկացությունը վերաբերում է ինչպես թափոններին, այնպես էլ երկրորդային հումքին:

6. «Թափոնների կամ երկրորդային հումքի օգտագործում»-գործողություն, որը բերում է թափոնների կամ երկրորդային հումքի լրիվ կամ մասնակի վերականգման, վերամշակման` պիտանի դարձնելով այն կրկնակի կամ այլ նպատակով օգտագործելու համար:

7. «Երկրից երկիր փոխադրում»-վտանգավոր և այլ թափոնների ցանկացած փոխադրում որևէ պետության իրավազորությանը պատկանող շրջանից այլ պետության իրավազորությանը պատկանող շրջան (կամ այդպիսի շրջանի տարածքով):

8. «Հեռացում»-գործողություն, որը հանգեցնում է թափոնների վերականգնման, օգտագործման կամ թաղման:

9. «Վերջնական հեռացում»-գործողություն, որը չի նախատեսում թափոնների վերականգնում կամ օգտագործում և հանգեցնում է դրանց թաղման:

10. «Իրավասու մարմին»-Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմին, որը կոչված է վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման ու հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման հայտերին (ծանուցումներին) պատասխանելու, ինչպես նաև նշված փոխադրման հետ կապված ցանկացած տեղեկատվություն ընդունելու համար:

11. «Առանձնացված կենտրոն»- տվյալ պետության կազմակերպություն, որը պատասխանատու է փոխադրման, փոխադրման ժամանակ տեղի ունեցած վթարների, միջադեպերի, ինչպես նաև հեռացման աշխատանքների, բնական միջավայրի վրա այդ թափոնների ունեցած ազդեցության մասին տեղեկատվություն ստանալու և տրամադրելու համար:

12. «Անձ»- ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:

13. «Արտահանող»-արտահանող պետության իրավազորությանը պատկանող Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ցանկացած անձ, որը կազմակերպում է վտանգավոր և այլ թափոնների արտահանում:

14. «Ներմուծող»-ներմուծող պետության իրավազորությանը պատկանող ցանկացած անձ, որը կազմակերպում է վտանգավոր և այլ թափոնների ներմուծում:

15. «Արտադրող»- ցանկացած անձ, որի գործունեության հետևանքով առաջանում են կամ որի սեփականությունն են հանդիսանում վտանգավոր և այլ թափոններ:

16. «Հեռացման համար պատասխանատու անձ»- ցանկացած անձ, որին հասցեագրված են վտանգավոր և այլ թափոններ և որը կատարում է դրանց հեռացման աշխատանքները:

17. «Անօրինական շրջանառություն»- վտանգավոր և այլ թափոնների ցանկացած տեղափոխում, որը կատարվում է սույն կարգի 34-րդ կետում նշված խախտումներով:

 

III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԱՎՈՐՈՒՄԸ (ԾԱՆՈՒՑՈՒՄԸ)

 

18. Վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման հայտը (ծանուցումը) հաստատված ձևով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմին: Թափոնների փոխադրման հայտում նշված տեղեկությունները պետք է հստակ ցույց տան փոխադրման և վերամշակման հնարավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի վրա:

19. Թափոնների փոխադրման հայտը ներկայացվում է վտանգավոր և այլ թափոններ Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում: Այն ներկայացնում են թափոններն արտադրող կամ արտահանող անձինք:

20. Թափոնների փոխադրման ծանուցումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման կամ նրա տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում: Այն ներկայացնում են արտահանող պետությունների իրավասու պետական մարմինները:

21. Արտահանման հայտ ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինն ստուգում է ներկայացված տեղեկատվությունը և 120 օրվա ընթացքում համապատասխան ծանուցումներ է ուղարկում ներմուծման ու տարանցման պետությունների իրավասու պետական մարմիններին:

22. Ներմուծման և տարանցիկ փոխադրման ծանուցում ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը ծանուցողին գրավոր տեղեկացնում է ծանուցման ստացման մասին, ապահովման համար պահանջվող պայմաններով կամ առանց դրանց համաձայնություն է տալիս թափոնների ներմուծման համար, մերժում է այն, կամ հարցում է անում լրացուցիչ տեղեկատվության համար: Ծանուցման պատասխանը պետք է տրվի 60 օրվա ընթացքում, եթե լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտություն չկա:

23. Եթե ֆիզիկական և քիմիական նույն հատկություններով բնութագրվող վտանգավոր և այլ թափոնները հասցեագրվում են դրանց հեռացման համար պատասխանատու նույն անձին ու փոխադրումը կատարվում է ներմուծման և տարանցման պետությունների մաքսային նույն կետով, ապա շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնությամբ թույլատրվում է օգտագործել մեկ ընդհանուր ծանուցում: Այդ դեպքում շահագրգիռ կողմերին, բացի ընդհանուր ծանուցումից, ներկայացվում են տեղեկություններ առանձին բեռնաառաքումներով տեղափոխվող թափոնների ստույգ քանակության և կազմի մասին: Ընդհանուր ծանուցումը և համաձայնությունն ուժի մեջ են մտնում 1 տարուց (12 ամսից) ոչ ավելի և կարող են ընդգրկել բազմակի բեռնաառաքումներ:

24. Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինն իրավունք ունի պահանջելու, որպեսզի վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր տեղափոխման անվտանգություն ապահովվի երաշխիքով, այդ թվում` գրավով:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

25. Վտանգավոր և այլ թափոնները կարող են ներմուծվել, արտահանվել և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվել`

եթե արտահանող պետությունն իր տրամադրության տակ չունի տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ օբյեկտներ, հզորություններ կամ համապատասխան տեղեր` այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված արդյունավետ հեռացման համար.

եթե նշված թափոններն անհրաժեշտ են ներմուծող պետությանը` որպես հումք.

կողմերի միջև պայմանավորված այլ դեպքերում, որոնք չեն հակասում սույն կարգին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

26. Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը թույլատրում է վտանգավոր թափոնների արտահանում, ներմուծում և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրում, եթե առկա է սույն կարգի 25-րդ կետում նշված պայմաններից մեկը` հաստատված թափոններ արտահանող և թափոնների հեռացման համար պատասխանատու անձանց գրավոր համաձայնությամբ (որտեղ նշված է թափոնների էկոլոգիապես հիմնավորված հեռացումը):

 

V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

27. Վտանգավոր և այլ թափոններ փոխադրողները Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս պարտավոր են Հայաստանի Հանրապետության սահմանապահ և մաքսային ծառայություններին ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնից ստացված փոխադրման թույլտվություն:

28. Փոխադրվող թափոնները պետք է փաթեթավորվեն, պիտակավորվեն և տեղափոխվեն ընդունված և համընդհանուր ճանաչում գտած միջազգային կանոնների համաձայն: Դրանք պետք է ուղեկցվեն փոխադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթով, որտեղ նշվում է ամբողջ երթուղին` ելակետից մինչև հեռացման վայրը:

29. Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու ցանկացած անձ պարտավոր է ստորագրել փաստաթուղթ` թափոնների փոխադրման, ստացման կամ տեղհասցման մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում նա պարտավոր է փոխադրումն սկսելուց 15 օր առաջ և փոխադրման ավարտից 10 օր հետո այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին:

30. Թափոնների հեռացման մասին պատասխանատու անձը պարտավոր է թափոններն ստանալու օրվանից 7-օրյա և դրանց հեռացման գործողությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել արտահանողին, արտահանող և ներմուծող երկրների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետությունից թափոնների արտահանման վերաբերյալ ժամանակին համապատասխան տեղեկություններ չստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ներմուծվող երկրի իրավասու մարմնին:

31. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները գրանցում են վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման ու հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման յուրաքանչյուր դեպք, փոխադրվող թափոնների տեսակը, քանակը, փոխադրման երթուղին և յուրաքանչյուր կիսամյակ համապատասխան տեղեկանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին:

32. Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը կարող է սահմանել թափոնների փոխադրման և հեռացման վերաբերյալ սույն կարգին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող լրացուցիչ պայմաններ:

 

VI. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

33. Էկոլոգիապես հիմնավորված են համարվում վտանգավոր և այլ թափոնների հեռացման այն ձևերը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից:

 

VII. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

 

 34. Անօրինական շրջանառություն է համարվում վտանգավոր և այլ թափոնների ցանկացած տեղափոխում, եթե այն`

կատարվել է առանց շահագրգիռ բոլոր պետությունների հաստատված կարգով ծանուցելու.

կատարվել է առանց շահագրգիռ բոլոր պետությունների համաձայնության.

կատարվել է շահագրգիռ պետությունների կեղծիքի, մոլորեցնելու կամ խաբեության միջոցով ստացված համաձայնությամբ.

չի համապատասխանում ուղեկցող փաստաթղթերին կամ ներկայացված ծանուցմանը.

հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին հակասող կանխամտածված հեռացման (օրինակ, վերջնական հեռացման):

35. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վտանգավոր և այլ թափոնների փոխադրումը Հայաստանի Հանրապետության իրավազորությունից դուրս գտնվող անձանց` արտադրողի, արտահանողի, ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի մեղքով համարվում է անօրինական շրջանառություն, ապա Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել համապատասխան պետության իրավասու մարմնին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի թափոնները հեռացվեն Հայաստանի Հանրապետության տարածքից նշված անձանց կամ պետության կողմից, որի իրավազորությանն են պատկանում նրանք: Եթե դա գործնականորեն նպատակահարմար չէ, ապա համապատասխան ծանուցումը հանձնելուց հետո 30 օրվա կամ փոխադարձ համաձայնությամբ որևէ այլ ժամկետի ընթացքում թափոնները պետք է մշակվեն էկոլոգիապես հիմնավորված ձևով:

36. Այն դեպքում, երբ վտանգավոր թափոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և փոխադրումը Հայաստանի Հանրապետության իրավազորությանը պատկանող անձանց մեղքով դիտվել է որպես անօրինական շրջանառություն ու դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը պաշտոնական ծանուցում է ստացել, ապա նա պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նշված անձինք կամ Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան ծառայությունները վերադարձնեն թափոնները Հայաստանի Հանրապետության տարածք: Եթե դա գործնականորեն նպատակահարմար չէ, թափոնները պետք է մշակվեն էկոլոգիապես հիմնավորված ձևով` ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա կամ փոխադարձ պայմանավորվածությամբ այլ ժամկետի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս թափոնների անօրինական շրջանառությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավազորությանը պատկանող իրավաբանական անձը պարտավոր է լիովին հատուցել անօրինական շրջանառության վերացման համար Հայաստանի Հանրապետության կողմից կատարված բոլոր ծախսերը, ինչպես նաև մուծել տուգանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

37. Եթե անօրինական շրջանառության համար արտահանողը, ներմուծողը կամ հեռացման համար պատասխանատու անձը պատասխանատվություն չի կրում, ապա Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հնարավոր կարճ ժամկետում ապահովում է թափոնների հեռացումը:

 

VIII. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 38. Վտանգավոր և այլ թափոնների տեղափոխմանն ու հեռացմանը մասնակցող Հայաստանի Հանրապետության իրավազորությանը պատկանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, նրա իրավազորությունից դուրս անձինք պարտավոր են`

ապահովել վտանգավոր և այլ թափոններով շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի է ունենում, ապա հետևանքները նվազագույնի հասցնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցների ձևակերպումը.

թույլ չտալ վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանց հեռացումն իրականացվելու է էկոլոգիապես ոչ հիմնավորված ձևով.

արգելել վտանգավոր և այլ թափոնների տեղափոխումն ու հեռացումը առանց համապատասխան թույլտվության:

Սույն կետով սահմանված պարտականությունները խախտող իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետությանը հատուցել իրենց մեղքով պատճառված վնասը, ինչպես նաև մուծել տուգանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով: