ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 1994 թ. N 581
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության մեթոդական ղեկավարման, կոորդինացման, աուդիտորների ատեստավորման և նրանց հիմնական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր ստեղծել աուդիտորական գործունեության հանձնաժողով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել աուդիտորական գործունեության հանձնաժողովի անհատական կազմը և նրա կանոնակարգը:
4. Սահմանել, որ աուդիտորական մասնագիտացված պետական ձեռնարկություն կարող է ստեղծվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Աուդիտը աուդիտորի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, այլ պատվիրատուի (այսուհետև` ձեռնարկություն) միջև կնքված պայմանագրի հիման վրա ձեռնարկության ֆինանսական հաշվետվության ստուգման ձև է, որն ուղղված է դրա հաշվետվության, հաշվեկշռի ու տնտեսավարման արդյունքների գնահատմանը և արժանահավատության ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հարցերի պարզաբանման և բացահայտման ուղղությամբ այլ ծառայությունների մատուցմանը:
2. Աուդիտորական գործունեությամբ կարող են զբաղվել սահմանված կարգով աուդիտորական գործունեության լիցենզիա ու պետական գրանցում ստացած ձեռներեցները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները` անկախ սեփականության ձևից (բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների):
(2-րդ կետը խմբ. 10.03.97 N 36)
3. Աուդիտորական գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների հաշվապահական հաշվառման և հաշվետվության ճիշտ կազմակերպմանը, ինչպես նաև դրանց ֆինանսական տեղեկատվության և հաշվետվության արժանահավատության մասին որակյալ գնահատականների տրամադրմանը ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին) և ղեկավար մարմիններին:
4. Աուդիտորական գործունեության օբյեկտ կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեությունը:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանձին կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների հրապարակման ենթակա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն, ինչպես նաև վիճակագրական մարմիններին պետք է ներկայացվեն աուդիտորի կողմից վավերացված ձևով:
6. Աուդիտորական մասնագիտացված ձեռնարկությունների և անհատ աուդիտորների գործունեության վերահսկողությունը, այդ գործունեության գծով ստացվող գանգատների քննարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր աուդիտորական գործունեության հանձնաժողովի և պետական իրավասու այլ մարմինների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. Աուդիտորական գործունեության կարգավորումը
7. Աուդիտորը սահմանված կարգով աուդիտ անցկացնող, լիցենզիա ստացած և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր աուդիտորական գործունեության հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կողմից հաշվառման վերցված ձեռնարկություն է կամ անհատ ձեռներեց:
8. Աուդիտորական գործունեության լիցենզիա (թույլտվություն) տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սույն կանոնադրության 2-րդ կետում նշված տնտեսավարող սուբյեկտներին:
(8-րդ կետը փոփ. 10.03.97 N 36)
9. Աուդիտ անցկացնող մասնագետը (այսուհետև` մասնագետ) պետք է ստանա որակավորման վկայական: Վկայականի ստացման համար անցկացվող տեստավորմանը մասնակցելու դիմում ներկայացրած անձը պետք է ունենա տնտեսագիտական կամ իրավաբանական բարձրագույն կրթություն, կամ աուդիտորական, հաշվապահական, տնտեսագիտական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ:
10. Աուդիտորը վարում է հիմնական գործունեության օրագիր, որտեղ արտացոլում է (գրառում է) աուդիտների արդյունքները: Տարեկան մեկ անգամ, հանձնաժողովի կողմից նախատեսված ժամկետում, աուդիտորը նշված օրագիրը ներկայացնում է հանձնաժողովին` վերահսկողության իրականացման և համապատասխան հաշվառման համար: Օրագրի ձևը և վարման կարգը սահմանում է հանձնաժողովը:
11. Աուդիտի անցկացման ժամանակ աուդիտորը ստուգում է ձեռնարկության հաշվապահական հաշվառման և ներտնտեսական վերահսկողության վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված կարգին և կանոններին, հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների արժանահավատությունը, ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանումը և տալիս է հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների վիճակի գնահատական:
12. Կնքված պայմանագրի համաձայն, աուդիտորը ձեռնարկությանը կարող է մատուցել նաև այլ ծառայություններ (ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, վերլուծության հիման վրա ձեռնարկության գործունեության բարելավման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստում, ֆինանսների հաշվապահական հաշվառման, հարկային կարգապահության պահպանման, ներտնտեսական վերահսկողության և տնտեսական օրենսդրության այլ հարցերով խորհրդատվական գործունեության իրականացում):
13. Աուդիտորին արգելվում է զբաղվել սույն կանոնադրության 1-ին և 12-րդ կետերում չնշված գործունեության տեսակներով:
III. Աուդիտի անցկացման կարգը
14. Ձեռնարկությունն աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի հետ կնքում է աուդիտի անցկացման և (կամ) աուդիտորական ծառայությունների մասին պայմանագիր:
15. Աուդիտորի կողմից ձեռնարկության աուդիտ չի կարող անցկացվել, եթե նա`
գտնվում է ձեռնարկության հիմնադրի կամ ղեկավար մարմնի անդամ հանդիսացող անձանց հետ մերձավոր ազգակցական կապի մեջ.
աշխատում է տվյալ ձեռնարկությունում կամ վերջինիս հետ այլ պայմանագրային հարաբերությունների մեջ է.
հանդիսանում է տվյալ ձեռնարկության հիմնադիրը (բաժնետերը):
16. Աուդիտի անցկացման համար ձեռնարկության ղեկավարը և մյուս աշխատողներն աուդիտորին տրամադրում են անհրաժեշտ փաստաթղթեր ու հաշվային տվյալներ և հնարավորություն են ստեղծում սահմանված կարգով աուդիտն ավարտելու ու համապատասխան եզրակացություն նախապատրաստելու համար:
17. Աուդիտորն աուդիտի արդյունքները ձևակերպում է եզրակացության ձևով, որը տրամադրում է ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին) և (կամ) ղեկավար մարմնին:
Եզրակացության մեջ աուդիտորը, կնքված պայմանագրի համաձայն, անհրաժեշտ ծանոթագրությունների և պարզաբանումների հետ միասին տալիս է ձեռնարկությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատականը:
Եզրակացության պատրաստման ժամանակ աուդիտորը պարտավոր է լինել անկախ և օբյեկտիվ, պահպանել ձեռնարկության ներքին կարգապահական կանոնները, առևտրային գաղտնիքը, ինչպես նաև աուդիտի անցկացման մասին կնքված պայմանագրի պահանջները:
18. Աուդիտորն աուդիտի արդյունքների հիման վրա ընդունում է որոշում ձեռնարկության կողմից ներկայացվող` պայմանագրում նշված ժամանակահատվածի հաշվապահական հաշվետվությունը հաստատելու կամ հաստատելուց հրաժարվելու մասին և այդ կապակցությամբ կատարում է համապատասխան գրառում տվյալ հաշվետվությունում:
19. Աուդիտորի եզրակացության մեջ նշված տվյալներն ու հետևությունները պետք է հիմնավորվեն համապատասխան փաստաթղթերով և գործող օրենսդրության նորմերով:
IV. Աուդիտորի պատասխանատվությունը
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 07.05.97 N 124)
21. (21-րդ կետն ուժը կորցրել է 07.05.97 N 124)
22. (22-րդ կետն ուժը կորցրել է 07.05.97 N 124)
20. Եթե ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ աուդիտորի սխալ եզրակացության հետևանքով վնաս է հասցվել ձեռնարկությանը և (կամ) դրա հետ պայմանագիր կնքած երրորդ կողմին, ապա վերջինիս և (կամ) կազմակերպության հանդեպ աուդիտորը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
(Նախկինում` 23-րդ կետ 07.05.97 N 124)
21. Ձեռնարկության առևտրային գաղտնիքը հրապարակելու կամ հայտնի դարձնելու դեպքում աուդիտորը կամ մասնագետը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Նախկինում` 24-րդ կետ 07.05.97 N 124)