ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 1995 թ. N 248
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինքնակամ կառուցվածքի շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը (կցվում է):
2. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործկոմ ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերի ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը:
(2-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
3. Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման, գնահատման և գրանցման ընդհանուր աշխատանքների ավարտման, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան նյութերի և տեղեկատվության ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1996 թվականի հունիսի 30-ը:
(3-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և «Հայբանկկոմտնտ» հանրապետական միավորմանը` ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքի մասին ամեն ամիս տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ամփոփել ստացված տեղեկատվությունը և յուրաքանչյուր եռամսյակ արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
(4-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել տեղերում հասարակական կարգի պահպանումը` պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից սույն որոշման պահանջների կատարման ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը պարբերաբար լուսաբանել սույն որոշումը:
(6-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրության պահանջների խախտմամբ, այն է` առանց համապատասխան թույլտվության, առանց սահմանված կարգով հողհատկացման և առանց համապատասխան նախագծի, բնակավայրի գլխավոր հատակագծին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծին, կառույցի նախագծին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող կամ այլ խախտումներով կառուցված շինությունների (բնակելի տների, կցաշենքերի, ավտոտնակների, կենցաղային, տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված) հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը:
2. Հաշվառման և գույքագրման ենթակա են մինչև սույն կարգի ընդունումը ինքնակամ կառուցված և անավարտ շինությունները: Հաշվառման և գույքագրման աշխատանքներն իրականացվում են «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի կողմից:
(2-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
3. Գնահատման և գրանցման ենթակա են ինքնակամ կառուցված այն շինությունները, որոնց կառուցողները դրանց հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը պատգամավորների համապատասխան շրջխորհրդի (քաղխորհրդի) գործկոմ կներկայացնեն մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը և կապահովեն սույն կարգով սահմանված պայմանների կատարումը:
Նշված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով չներկայացնելու դեպքում դրանց կառուցողների նկատմամբ կկիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցներ:
(3-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
2. Հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը
4. Ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հարցերի քննարկման և համապատասխան եզրակացությունների տրման համար պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներն ստեղծում են հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են ճարտարապետական-քաղաքաշինական, հրշեջ, բնության և շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահամաճարակային, բնակարանային-կոմունալ, տեխնիկական գույքագրման և համապատասխան այլ ծառայությունների ներկայացուցիչները:
(4-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
5. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտե ներկայացված հայտերն ու դրանց կից` տեխնիկական գույքագրման ծառայությունների կողմից կազմված հաշվառման ու գույքագրման նյութերը, ինչպես նաև առկա մյուս փաստաթղթերը (թույլտվություն, նախագիծ և այլն) ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը:
Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի, անհրաժեշտության դեպքում` նաև տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա քննարկում է հարցը, և, ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական և այլ անհրաժեշտ ակտերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`
ա) ինքնակամ կառուցված շինությունըենթակա է գրանցման սեփականության իրավունքով, եթե այն համապատասխանում է գործող շինարարական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ինչպես նաև համապատասխանում է տվյալ քաղաքի, շրջանի գլխավոր հատակագծի կամ հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի պահանջներին:
Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները տարածվում են նաև ինքնակամ կառուցվող անավարտ շինությունների վրա.
բ) ինքնակամ կառուցված շինությունը ենթակա է գրանցման որպես ինքնակամ կառուցված շինություն, եթե այն չի համապատասխանում շինարարական, սանիտարական և մյուս նորմերին ու պայմաններին, կամ, թեև համապատասխանում է դրանց, բայց չի համապատասխանում տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նաշագծերի պահանջներին:
6. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեն մեկամսյա ժամկետում ընդունում է տվյալ շինությունը սեփականության իրավունքով գրանցելու կամ այն որպես ինքնակամ կառուցված շինություն գրանցելու մասին որոշում, ինչպես նաև առաջին դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հողը որպես սեփականություն կամ օգտագործման տրամադրելու հարցը`
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5 հոդվածի 1-ին կետով նշված դեպքերում` որպես սեփականություն, նախատեսելով վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի վեցապատիկի չափով.
բ) մնացած դեպքերում` մշտական օգտագործման, նախատեսելով օգտագործման իրավունքի վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի վեցապատիկի չափով:
Վերոհիշյալ գումարները վճարվում են միանվագ կարգով` հողի հատկացման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:
(6-րդ կետը լրաց. 08.12.95 N 102)
7. Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ընդունված որոշման հիման վրա տեխնիկական գույքագրման համապատասխան ծառայության կողմից մեկամսյա ժամկետում կատարվում է տվյալ շինության գնահատում և սեփականության իրավունքի գրանցում:
Սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում շինությունը գրանցվում է որպես ինքնակամ կառուցված շինություն: Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառումը, 1988 թվականից առաջ ինքնակամ կառուցած շինության և ինքնակամ զբաղեցրած հողամասի օգտագործման համար կառուցողը մուծում է ամենամյա վճար` շինության գնահատված արժեքի գույքահարկի և հողի հարկի չափով, իսկ 1988 թվականից հետո իրականացվածների համար` կրկնակի չափով, նշված հարկատեսակների համար սահմանված համանման ժամկետներում և կարգով:
(7-րդ կետը փոփ. 08.12.95 N 102)
4. Վճարների չափերը
8. Շինության ինքնակամ կառուցողները`
ա) հայտը ներկայացնելուց հետո, մինչև հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը, հաշվառման, գույքագրման, գնահատման և գրանցման, ինչպես նաև ճարտարապետական մարմինների ծառայության համար տեխնիկական գույքագրման ծառայուոթյունների հաշվին մուծում են վճար` կենցաղային և տնտեսական շինությունների մեկ քառ.մետր մակերեսի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 8 տոկոսի, բնակելի և արտադրական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար 10 տոկոսի չափով.
բ) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից որոշման ընդունումից հետո մեկշաբաթյա ժամկետում պետական բյուջեի հաշվին մուծում են վճար` կենցաղային և տնտեսական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի, բնակելի և արտադրական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:
(8-րդ կետը լրաց., փոփ. 08.12.95 N 102)