Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-28.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.15/17(335) Հոդ.169
Ընդունող մարմին
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Ընդունման ամսաթիվ
18.04.2006
Ստորագրող մարմին
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Ստորագրման ամսաթիվ
18.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50806127


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

18 ապրիլի 2006 թ. 
ք. Կապան

N 53-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի և N 2 հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

 

 

Ս. Խաչատրյան

Հավելված N 1

 


Հաստատված է
ՀՀ Սյունիքի մարզպետի
2006 թ. ապրիլի 18-ի
N 53-Ն որոշմամբ

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման պայմանները:

2. Մրցույթով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:

4. Տնօրենի ընտրության

1) պարտադիր պայմաններն են`

ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

դ) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

2) լրացուցիչ պայմաններն են`

ա) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

բ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

գ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն կարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում ՀՀ Սյունիքի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) կողմից կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:

5. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):

Սույն ընթացակարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

6. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)՝ բաղկացած հինգ անդամից:

7. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

8. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Աշխատակազմը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց երկու ամիս առաջ, 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն մեկ հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

10. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

ա) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է
մրցույթ.

բ) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված՝ մեկ ամսից պակաս լինել.

գ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

դ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

ե) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):


 III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

11. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատակազմին ներկայացնում են`

ա) դիմում.

բ) մեկ լուսանկար 3x4 չափի.

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից.

դ) ինքնակենսագրություն.

ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները.

զ) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված).

է) տեղեկանք մշտական բնակության վայրից.

ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).

թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Աշխատակազմը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

12. Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որը այդ մասին կազմում է համապատասխան արձանագրություն:

13. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և մարզպետարանի կնիքով կնքված մատյան: Գրառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:

Աշխատակազմը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով:

14. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մինչև մրցույթի կայանալը գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

15. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

16. Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից ստանում է Հանձնաժողովի կնիքը և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

17. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` Մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է կամ մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի:

Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

18. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ, Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

ա) ՀՀ Սահմանադրություն` 5 հարց.

բ) ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

գ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք` 10 հարց.

դ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք` 10 հարց.

ե) ՀՀ աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

զ) Տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 15 հարց:


 IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

20. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

21. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

22. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

23. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն ընթացակարգի 16-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և անջատելով այն հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

24. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

25. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր:

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

27. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

28. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

29. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

30. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

31. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

32. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

33. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները և ամփոփաթերթը հանձնել հանձնաժողովին: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:


 V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

34. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

35. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն ընթացակարգի 19-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

36. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

37. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

38. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 30-րդ կետով նախատեսված դեպքը:

39. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

40. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

41. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

42. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

43. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

44. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

45. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

46. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 43-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Մարզպետին:


VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

47. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

48. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են հինգ հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

49. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

50. Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցի մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

51. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

52. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

53. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն՝ Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

54. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

55. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ուղարկում է Մարզպետին:


 VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

56. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրն անմիջապես:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

57. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

ա) Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

գ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

58. Սույն ընթացակարգի 46-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

59. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Մարզպետը` աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 67-րդ կետի «թ-ժդ, ժը, ժթ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է Մարզպետին:

Աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը քննության է առնվում Աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքի քննարկմանը կարող են ներգրավվել Աշխատակազմի համապատասխան մասնագետները, որոնք ուսումնասիրում են տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում են քվեարկության արդյունքների հետ: Անհրաժեշտության դեպքում բողոքի քննարկմանը կարող է հրավիրվել )անձնաժողովի անդամը (անդամները):

Բողոքի քննարկման արդյունքում Մարզպետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը մրցույթի մասնակցի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:


 VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

60. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 59-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է Մարզպետին: Որոշումը ստանալուց հետո, եռօրյա ժամկետոմ, Մարզպետը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով և սահմանված կարգով նշանակում է պաշտոնում:

Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

61. Սույն ընթացակարգի 59-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում հանձնաժողովն իր որոշումը նախատեսված կարգով ներկայացնում է Մարզպետին:

62. Հանձնաժողովի որոշման մեջ պետք է նշվեն`

ա) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

գ) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

ե) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

63. Որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

64. Որոշմանը կից ներկայացվում են որոշման հետ անհամաձայնություն հայտնած Հանձնաժողովի անդամի (անդամների) հատուկ կարծիքը (կարծիքները):

65. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված որոշումը կայացնելուց հետո, ինչպես նաև սույն ընթացակարգի 46-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում:

66. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմին անմիջապես հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

67. Հանձնաժողովը հանձնման ակտով մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ, սույն ընթացակարգի 11-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի, ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

ա) հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

բ) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

գ) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և/կամ չթույլատրելու մասին որոշումը.

դ) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

ե) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

զ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

է) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

ը) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

թ) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

ժ) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

ժա) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

ժբ) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

ժգ) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

ժդ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

ժե) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

ժզ) թեստավորման առաջադրանքների տետրերը.

ժէ) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

ժը) քվեաթերթիկները.

ժթ) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

ի) այլ փաստաթղթեր:

68. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն ընթացակարգի 67-րդ կետում նշված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


 IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

69. Սույն ընթացակարգի 17-րդ կետի 3-րդ, 46-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն` կրկնակի մրցույթ անցկացնելու մասին: Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:

70. Եթե կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:

71. Մրցույթ հայտարարելուց հետո սույն ընթացակարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

Հավելված N 2

 


Հաստատված է
ՀՀ Սյունիքի մարզպետի
2006 թ. ապրիլի 18-ի
N 53-Ն որոշմամբ

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման անցկացման պայմանները:

2. Ատեստավորումը Տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Մինչև սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելն ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):

Սույն ընթացակարգով ատեստավորման նախապատրաստման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

6. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է ՀՀ Սյունիքի մարզպետի (այսուհետ` Մարզպետի) որոշմամբ սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած 5 անդամից:


 II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Մարզպետը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

8. Աշխատակազմը ատեստավորման ենթակա Տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և նրանց ապահովում թեստային առաջադրանքներով:

9. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ Տնօրենը Մարզպետին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ Մարզպետը Տնօրենի ներկայացրած հաշվետվությունը հանձնում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին: Աշխատակազմի ղեկավարը հաշվետվությունը տնօրենի ատեստավորման օրը հանձնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:

10. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ, թեստավորման և հարցազրույցի միջոցով:


III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից ստանում է Տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

12. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ներկայացրած հաշվետվությունների հետ:

13. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, ատեստավորվող տնօրենի /տնօրենների/ ներկայությամբ, Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

ա) ՀՀ Սահմանադրություն` 5 հարց.

բ) ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

գ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք` 10 հարց.

դ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք` 10 հարց.

ե) ՀՀ աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

զ) Տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 15 հարց:


 IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

15. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

16. Սույն ընթացակարգով նախատեսված ատեստավորման ենթակա Տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:

Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Տնօրենի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորմանը Տնօրեններին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

17. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրենին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է Տնօրենի բոլոր հարցերին` կապված առաջադրանքի էության հետ:

18. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրենին տալիս է սույն ընթացակարգի 11-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, Տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

19. Տնօրենի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է, իսկ մաքրած լինելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

20. րավոր թեստավորման ժամանակ Տնօրենը, կտրոնները հանձնելուց հետո, ստանում է թեստավորման առաջադրանքների տետր:

21. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը Տնօրենին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

22. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան: Տնօրենը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

Թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

23. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

24. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, Տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Տնօրենը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս գալիս սենյակից:

25. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Տնօրենին տրվում է 60 րոպե ժամանակ:

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Տնօրենին (Տնօրեններին), թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

27. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:


 V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

28. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

29. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն ընթացակարգի 13-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

30. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Տնօրենների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր Տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

31. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 23-րդ կետով նախատեսված դեպքը:

32. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո Տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ:

33. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

34. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն ընթացակարգի 33-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր Տնօրեն ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստանում իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած Տնօրենների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ` Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր Տնօրենի հավաքած միավորները (տոկոսները):

35. Միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

36. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել սույն ընթացակարգի 35-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

37. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

38. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե Հանձնաժողովը պարզում է, որ Տնօրենի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

39. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 36-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը որոշում է կայացնում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված Տնօրենի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով Տնօրենի ատեստավորման թերթում (Ձև 1-ը կցվում է):

Տնօրենն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

40. Սույն ընթացակարգի 39-րդ կետի առաջին պարբերությունում նշված որոշումը Տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:


 VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

41. Տնօրենների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են հինգ հարցից` զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում

42. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

43. Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցի մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

44. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ Տնօրենի կողմից տրված պատասխանը գնահատվում է ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե մասնակցի (Տնօրենի) տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամը բարձրաձայն հայտարարում է ճիշտ պատասխանը:

45. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում են յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

46. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

47. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

48. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

49. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հաձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի համար քվեարկության է դնում սույն ընթացակարգի 47-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը, Հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում, ընդունված է համարվում սույն ընթացակարգի 47-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:


 VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

50. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովը ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում ատեստավորման թերթ:

51. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

52. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

53. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա) համապատասխան փակ բաժնետիրական ընկերության անվանումը.

բ) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

գ) Տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

54. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Մարզպետը` աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 57-րդ կետի «ը-ժզ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Մարզպետին:

Աշխատակազմը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի (Տնօրենների) անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը քննության է առնվում այն Աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքի քննարկմանը կարող են ներգրավվել Աշխատակազմի համապատասխան մասնագետներ, որոնք ուսումնասիրում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:

Անհրաժեշտության դեպքում բողոքի քննարկմանը կարող է հրավիրվել հանձնաժողովի անդամը (անդամները):

Բողոքի քննարկման արդյունքում Մարզպետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը Տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) Տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

55. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն ընթացակարգի 54-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթն ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է Մարզպետին:

Սույն ընթացակարգի 54-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև որոշումը:

56. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև չօգտագործած ամփոփաթերթերը:

57. Հանձնաժողովը, հանձնման ակտով, ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ, սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

ա) Հանձնաժողովի կնիքի և Տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

բ) Տնօրենների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

գ) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

դ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

ե) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

զ) հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

է) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.

ը) Տնօրենների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը.

թ) քվեարկությունների արդյունքում Տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

ժ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.

ժա) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.

ժբ) թեստավորման առաջադրանքների տետրերը.

ժգ) թեստավորման արդյունքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

ժդ) քվեաթերթիկները.

ժե) ատեստավորման թերթիկները.

ժզ) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.

ժէ) այլ փաստաթղթեր:

Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն ընթացակարգի 54-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

58. Մարզպետը` Տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն ընթացակարգի 55-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն ընթացակարգի 54-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը ստանալուց հետո, դրանց համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

բ) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

59. Սույն ընթացակարգի դրույթների խախտման դեպքում տվյալ Տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր՝ դատական կարգով:


Ձև 1

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

 

 Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (տնօրենների)

 

 Ատեստավորման եղանակը.

 

 

 

թեստավորման և հարցազրույցի

 

 1. Ազգանուն, անուն, հայրանուն

 

 2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը

 

 3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը

 

 4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` .........

 

 5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ... անդամներ, որից կողմ են քվեարկել ..... անդամ

 

 6. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը.

 

 ......................................................................................................................

 ......................................................................................................................

 

 Հանձնաժողովի նախագահ` ...................................... /............................................./

   անուն, ազգանուն  ստորագրություն
 

 Հանձնաժողովի անդամներ` ..................................... /............................................/

   անուն, ազգանուն  ստորագրություն

 ........................................................................................................

 ........................................................................................................

 ........................................................................................................

........................................................................................................

 

 Ատեստավորման անցկացման

 

 ամսաթիվ`                                                                                                                                      «.....» ............. 200 թ.

 

 Ատեստավորման թերթի

 

 հետ ծանոթացա`                                    ....................................................           /............................................../

   ատեստավորվողի ստորագրություն  անուն, ազգանուն

 «......» ............. 200 թ.