Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.15/17(335) Հոդ.165
Ընդունող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2006
Ստորագրող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50406112


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

1 փետրվարի 2006 թ.
ք. Գավառ

N 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող  բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերությունը.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման անցկացման ընթացակարգը»` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության եղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման թերթի ձևանմուշը (Ձև-1)»՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 33-րդ հոդվածների համաձայն, պետական իրավական փորձաքննության ենթարկելու և պետական գրանցում ստանալու նպատակով ուղարկել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարություն:

Մարզպետ

 Ս. Բարսեղյան

Հավելված N 1
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի
2006թ. փետրվարի 1-ի
N 14-Ն որոշման

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող  պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման անցկացման պայմանները:

2. Ատեստավորումը` Տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Մինչև սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելը պետական ոչ առևտրային կազմակեպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո մեկամսյա ժամկետում: Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Տնօրենը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջինս ցանկություն չի հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ): Սույն ընթացակարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

6. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշմամբ սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով): 

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Մարզպետը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

8. Աշխատակազմը ատեստավորման ենթակա Տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և նրանց ապահովում է թեստային առաջադրանքներով:

9. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ Տնօրենը Մարզպետին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ Մարզպետը Տնօրենի ներկայացրած հաշվետվությունը հանձնում է ատեստավորման  նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին: Աշխատակազմի ղեկավարը հաշվետվությունը տնօրենի ատեստավորման օրը հանձնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:

10. Ատեստավորումն անցկացվում է առանձին` մարզական կամ մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի անմիջական մասնակցությամբ, թեստավորման և հարցազրույցի միջոցով:


 III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից ստանում է Տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (2 օրինակից):

Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

12. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ներկայացրած հաշվետվություններին:

13. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, ատեստավորվող Տնօրենի (Տնօրենների) ներկայությամբ, Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

Թեստային առաջադրանքները կազմված են առանձին բնագավառներով` հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.

Մարզական գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի համար`

ա) ՀՀ Սահմանադրություն - 5 հարց 

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք - 5 հարց

գ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք -10 հարց

դ) «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենք - 10 հարց

ե) ՀՀ աշխատանքային օրենսգիրք - 5 հարց

զ) Համապատասխան կազմակերպության կանոնադրություն - 5 հարց

է) Տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր - 10 հարց:

Մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի համար.

ա) ՀՀ Սահմանադրություն - 5 հարց

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք - 5 հարց

գ) «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք -15 հարց

դ) Աշխատանքային օրենսգիրք - 5 հարց

ե) Համապատասխան կազմակերպության կանոնադրություն - 5 հարց

զ) Տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր - 15 հարց:


 IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Թեստավորումն անցկացվում է գրավոր կամ, հնարավորության դեպքում, համակարգչի միջոցով:

15. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

16. Սույն ընթացակարգով նախատեսված ատեստավորման ենթակա Տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Տնօրենի ինքնությունը և թույլատրում  նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորմանը Տնօրեններին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

17. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է Տնօրենների բոլոր հարցերին` կապված առաջադրանքի էության հետ:

18. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին տալիս է սույն ընթացակարգի 11-րդ կետում նախատեսված  ամփոփաթերթ` 2 օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, Տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը և հայրանունը, և անջատելով այն հիմնական մասից, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

19. Տնօրենի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է, իսկ մաքրած լինելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

20. Գրավոր թեստավորման ժամանակ Տնօրենը, կտրոնները հանձնելուց հետո, ստանում է թեստավորման առաջադրանքների տետր:

21. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը Տնօրեններին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:

22. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով ճիշտ) պատասխան: Տնօրենը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս: Թեստավորման ընթացքում  չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Տնօրենը ցանկանում է լքել սենյակը՝ նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

23. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

24. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո,  Տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Տնօրենը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի 2-րդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը` վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

25. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Տնօրենին տրվում է 60 րոպե ժամանակ:

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Տնօրենին (Տնօրեններին), թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

27. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատախանների  ամփոփաթերթի վրա:


 V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

28. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

29. Թեստավորման աշխատանքները ստուգվում են սույն ընթացակարգի 13-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

30. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Տնօրենների ամփոփաթերթերում նշված պատասխանները: Յուրաքանչյուր Տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

31. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ  պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլ մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխանը չնշելը, ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքը:

32. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո Տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ:

33. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված  տոկոսը, ինչն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

34. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն ընթացակարգի 33-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր Տնօրեն ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստանոմ է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած Տնօրենների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ` Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր Տնօրենի հավաքած միավորները (տոկոսները):

35. Միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

36. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել սույն ընթացակարգի 35-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

37. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

38. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Տնօրենների միավորները ավելացվում են մեկ միավորով: 

Եթե Հանձնաժողովը պարզում է, որ Տնօրենի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

39. Բողոքարկման արդյունքները ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն ընթացակարգի 36-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը որոշում է կայացնում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված տնօրենի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով Տնօրենի ատեստավորման թերթում (Ձև 1-ը կցվում է):

Տնօրենն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

40. Սույն ընթացակարգի 39-րդ կետի առաջին պարբերությունում նշված որոշումը Տնօրենը կարող է բողոքարկել դատական կարգով:

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

41. Տնօրենների հետ հարցազրույցը անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից`  զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում նրա գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

42. Հանձնաժողովը  յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսերի ճիշտ պատասխանները: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Տնօրենին պատրաստվելու համար տրվում է 10 րոպե ժամանակ, իսկ հարցատոմսի համարն արձանագրվում է:

Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ  Տնօրենի կողմից տրված պատասխանը գնահատվում է ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե Տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամը բարձրաձայն հայտարարում է ճիշտ պատասխանը: 

43. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում են յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը),  իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

44. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

45. Հանձնաժողովը քվեարկության արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

46. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

47. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի համար քվեարկության է դնում սույն ընթացակարգի 45-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 45-րդ կետի «բ»  ենթակետով նախատեսված որոշումը:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

48. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովը ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում  ատեստավորման թերթ:

49. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

50. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում: Տնօրենը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

51. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա) համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը.

բ) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

գ) Տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

52. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք)  քննության է առնում Մարզպետը` Աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո  սույն ընթացակարգի  55-րդ կետի «ը-ժզ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Մարզպետին:

Աշխատակազմը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի (Տնօրենների) անունը, ազգանունը և հայրանունը` ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Մարզպետը քննության է առնում մարզպետարանի Աշխատակազմում այն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքի քննարկմանը կարող են ներգրավվել Աշխատակազմի համապատասխան մասնագետներ, որոնք ուսումնասիրում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:

Բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս Մարզպետի տվյալ նիստին, որպես կանոն, չեն մասնակցում մարզպետարանի Աշխատակազմի այն անդամները, որոնք տվյալ ատեստավորմանը մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ: Նրանք բողոքի քննարկմանը կարող են հրավիրվել միայն անհրաժեշտության դեպքում: 

Բողոքի քննարկման արդյունքում Մարզպետն  ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը  Տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) Տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

Սույն կետի 7-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

53. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթն ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատակազմը եռօրյա ժամկետում ներկայացնում է Մարզպետին:

Սույն կարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով, ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև որոշումը:

54. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև Տնօրենների համար ստացած, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

55. Հանձնաժողովը, հանձնման ակտով, ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

ա) Հանձնաժողովի կնիքի և Տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման  մասին ստացականը.

բ) հաշվետվությունների քննարկման և Տնօրենների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

գ) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

դ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

ե) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

զ) հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.

է) թեստավորման ավարտից հետո հարցազրույցը անցկացնելու օրվա մասին որոշումը.

ը) Տնօրենների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը.

թ) քվեարկությունների արդյունքներում  Տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

ժ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.

ժա) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.

ժբ) թեստավորման առաջադրանքների տետրը.

ժգ) թեստավորման արդյունքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

ժդ) քվեաթերթիկները.

ժե) ատեստավորման թերթիկները.

ժզ) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.

ժէ) այլ փաստաթղթեր:

Աշխատակազմը սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

Աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


 VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

56.  Մարզպետը` Տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն ընթացակարգի 53-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն ընթացակարգի 52-րդ կետի 7-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը ստանալուց հետո, դրանց համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

բ) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹ


57. Սույն ընթացակարգի դրույթների խախտման դեպքում տվյալ Տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր` դատական կարգով:

Հավելված N 2
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի
2006թ. փետրվարի 1-ի
N 14-Ն որոշման

Ձև 1

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
(Տնօրեն)

Ներմուծեք նկարագրությունը_13044

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան