ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 40604/17)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 սեպտեմբերի 2024թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Բրանկո Լուբարդա [Branko Lubarda]՝ Նախագահ,
Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann],
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2024 թվականի սեպտեմբերի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2017 թվականի մայիսի 30-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան տկն Ա. Չատինյանը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի վերաբերյալ մանրամասները և գանգատին վերաբերելի տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Դիմումատուն բողոք է ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նա նաև այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուն մասնավորապես բողոք է ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։
7. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը: Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, ապա Դատարանը նաև պետք է հավաստիանա, թե արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի համար հիմնավորումը՝ անկախ դրա կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ապացուցվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. The Republic of Moldova [GC]] գործը, թիվ 23755/07, §§ 87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):
8. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 629/11, §§ 54, 59, 2016 թվականի հոկտեմբերի 20) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքի ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ սույն գործում ներպետական դատարանները դիմումատուի մինչդատական կալանքի համար չեն տրամադրել հիմնավոր և բավարար պատճառներ։
10. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին կետի խախտում։
II. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
11. Դիմումատուն ներկայացրել է այլ բողոք, որով հարցեր են բարձրացվել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվի առնելով Դատարանի համապատասխան ձևավորված նախադեպային իրավունքը (տե՛ս կից աղյուսակը): Կառավարությունը ներկայացրել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում չի եղել՝ պնդելով, որ դիմումատուն ներպետական օրենսդրության համաձայն իրավունք ուներ հետամուտ լինելու, որ ճանաչվեր Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքների խախտոմը և այդ առնչությամբ փոխհատուցում պահանջելու՝ 2014 թվականին ներկայացված օրենսդրական փոփոխություններից հետո։ Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ Կառավարությունը չի հիմնավորել իր փաստարկները ներպետական գործելակերպի որևէ օրինակով՝ դիմումատուի կոնկրետ գործով բարձրացված խնդիրների առնչությամբ (համեմատե՛լ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործը, թիվ 13610/12, §§ 73-74, 2021 թվականի հունիսի 15): Հետևաբար այն չի գտնում սույն գործով այլ եզրակացության հանգելու որևէ հիմք։ Ուստի սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ոչ ակնհայտ անհիմն է, ոչ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ առկա բոլոր նյութերը, եզրակացնում է, որ դրանք նաև բացահայտում են Կոնվենցիայի խախտումներ՝ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Khachatryan and Others v. Armenia] (թիվ 23978/06, §§ 155-159, 2012 թվականի նոյեմբերի 27) և Վարդան Մարտիրոսյանի (վերևում հիշատակված, §§ 70, 75) գործերով իր եզրահանգումների լույսի ներքո։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
12. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, § 66), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության առնչությամբ.
3. Վճռում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից աղյուսակը).
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի սեպտեմբերի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար՝ |
Վիկտորիա Մարադուդինա |
Նախագահ՝ |
Բրանկո Լուբարդա |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը)
Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը |
Կալանա-վորման ժամկետը |
Դատարանը, որը կայացրել է կալանա-վորման մասին որոշում/ քննել է բողոքը |
Հատուկ թերու-թյունները |
Ձևավորված նախա-դեպային իրավունքի համաձայն ներկայաց-ված այլ բողոքներ |
Ոչ նյութական վնասի դիմաց դիմումա-տուներից յուրաքան-չյուրին շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2 |
40604/17 2017 թվականի մայիսի 30 |
Գագիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 1984թ. |
Անի Չատինյան Վանաձոր |
2016 թվականի սեպտեմբերի 2-ից 2017 թվականի փետրվարի 2 |
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատարան-ների կողմից բերված պատճառ-ների թույլ բնույթը |
Հոդված 5 (5)՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման համար փոխհա-տուցման բացա-կայություն կամ անբավարար փոխհա-տուցում |
2,000 |
250 |
_______________________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|