Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2006-25.03.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.780
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 823-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան հայեցակարգերով նախատեսված դրույթներով մասնավորեցման ներկայացնելիս բաժնետոմսերի վաճառքի (ուղղակի ձևով՝ վաճառքի, աճուրդով՝ վաճառքի մեկնարկային, մրցույթով՝ վաճառքի նվազագույն) գինը հիմնականում սահմանվում է գնահատված արժեքի 25 տոկոսի չափով:

2. Պետական գույքը, բացառությամբ հողամասերի և սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ներկայացնելիս գույքի վաճառքի (ուղղակի ձևով` վաճառքի, աճուրդով` վաճառքի մեկնարկային, մրցույթով` վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

3. Պետական գույքը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գնով չմասնավորեցվելու դեպքում՝ այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է մասնավորեցման` աճուրդով կամ մրցույթով, ընդ որում, գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային կամ մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:

4. Պետական գույքը սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գներով չմասնավորեցվելու դեպքում՝ այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ներկայացվելիս գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային կամ մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է գնահատված արժեքի 25 տոկոսի չափով:

5. Պետական գույքը (բացառությամբ հողամասերի) սույն որոշման 2-րդ և (կամ)
3-րդ և (կամ) 4-րդ կետով (կետերով) նախատեսված գներով չմասնավորեցվելու դեպքում մինչև այն մասնավորեցնելու մասին նոր որոշումն ուժի մեջ մտնելը մասնավորեցման սուբյեկտների կողմից այդ գույքն ուղղակի վաճառքի ձևով գնելու համար դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում այդ գույքն ուղղակի վաճառքի ձևով այդ գնորդի կողմից առաջարկված պայմաններով վերջինիս մասնավորեցնելու մասին, եթե գնորդի կողմից առաջարկված պայմաններն առնվազն բավարարում են մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պահանջները:

6. Պետական գույքը (բացառությամբ հողամասերի) սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գներով չմասնավորեցվելու դեպքում դրա մասնավորեցման ձևի և գնի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սահմանել, որ պետական գույքի գնահատման հետ կապված ծախսերը ենթակա
են փոխհատուցման` գնորդի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 7
Երևան