ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 նոյեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 45 և 56 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված` Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում և 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված` Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումներն են սահմանադրական դատարան:
Գործում առկա Համաձայնագիրն ու դրանում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի որոշմամբ միավորվել են որպես նույն հարցին վերաբերող գործեր:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Համաձայնագիրն ու Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն Համաձայնագիրն ստորագրվել է 1993 թ. հունվարի 22-ին` Մինսկում, իսկ Արձանագրությունը` 1997 թ. մարտի 27-ին` Մոսկվայում:
Համաձայնագրի և Արձանագրության նպատակն է երաշխավորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքումը:
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերի սուրհանդակային ծառայության ստորաբաժանումներից ստեղծվում է Միջկառավարական սուրհանդակային կապ (այսուհետ` ՄՍԿ), որին վերապահվում է պայմանավորվող պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների, իշխանության և կառավարման մարմինների միջև պաշտոնական թղթակցության առաքման պարտականությունը: ՄՍԿ-ի օպերատիվ ղեկավարումն իրականացնելու համար ստեղծվում է Համաձայնագրի մասնակից պետությունների սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների ղեկավարների համակարգող խորհուրդ:
3. Համաձայնագիրը սահմանում է ՄՍԿ-ի միջոցով առաքվող պաշտոնական թղթակցության անձեռնմխելիության, ինչպես նաև ՄՍԿ-ի աշխատակիցների իրավունքներին ու պարտականություններին առնչվող հարցերը:
4. Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգը սահմանվում է Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Կանոնակարգով:
5. Արձանագրությամբ փոփոխվում է Համաձայնագրով նախատեսված ՄՍԿ-ի աշխատակցի կարգավիճակը, ըստ որի աշխատակիցը զենք կրելու, պահելու, դրանից օգտվելու իրավունքից օգտվում է գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան:
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- Համաձայնագրի այլ Կողմերի հետ համատեղ ապահովել ՄՍԿ-ի գործունեությունը,
- հանձնարարել իր սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներին ապահովել միջկառավարական թղթակցության փոխադրման փոխհամաձայնեցված տեխնոլոգիայի միասնությունը,
- օրենսդրությամբ սահմանել միջկառավարական թղթակցության փոխադրման միասնական տեխնոլոգիայի պահպանմանն առնչվող հարցերը,
- պաշտոնական թղթակցությունն ուղեկցող փաստաթղթերը ձևակերպել ռուսերեն,
- թույլ չտալ ՄՍԿ-ի գործունեության բոլոր ուղղությունների հետ կապված տեղեկատվության արտահոսք,
- ապահովել ՄՍԿ-ի աշխատակիցների` պետական սահմանների անարգել անցումը` պաշտոնական թղթակցության հետ մեկտեղ,
- պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքման հարցում համապատասխան պետական կառույցների միջոցով աջակցել ՄՍԿ-ի աշխատանքների կազմակերպմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1993 թ. հունվարի 22-ին Մինսկում ստորագրված` Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. 1997 թ. մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված` Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
29 նոյեմբերի 2005 թվականի ՍԴՈ-616 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|