«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 210-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` ի գիտություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված 1 |
ՀՀ 2007-2009 թվականների պետական բյուջեների հարկային եկամուտների հավաքագրումն ապահովելու համար ՀՀ հարկային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումները
Բյուջետային մուտքերի ապահովմանն ուղղված աշխատանքներ
Խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների մակարդակի բարձրացման և նրանց կողմից վճարված հարկերի գանձելիության ցուցանիշների ավելացման նպատակով յուրաքանչյուր տարի մասնագիտացված տեսչությունների աշխատանքային ծրագրերի մշակում և հաստատում, 2007-2009թթ:
Հանքարդյունաբերողների և հանքեր շահագործողների հարկային խնդիրների լուծում, նրանց կողմից հարկային պարտավորությունների ճիշտ և ժամանակին կատարման նպատակով վերահսկողական աշխատանքների իրականացում, կառավարչական, վարչական և որակական փոփոխություններ, 2007-2009թթ: Մասնավորապես, նշված խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է հանքարտադրողների ոլորտային տեսչության ստեղծում, 2006թ:
Ապառքների և գերավճարների կրճատմանն ուղղված աշխատանքներ
Պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության վճարների գծով առկա պարտավորությունների կրճատում և ապառքների նվազեցմանն ուղղված ծրագրի մշակում, համապատասխան միջոցառումների իրականացում, 2007-2009թթ:
Առկա գերավճարների կրճատման ծրագրի մշակում, գերավճարների մեծության կրճատում և ընթացիկ գերավճարների աճի բացառում: Արտահանող կազմակերպություններին ԱԱՀ-ի գծով գերավճարների վերադարձի և այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման գործընթացի բարելավում՝ դրանց նկատմամբ հսկողության ուժեղացում, 2007-2009թթ:
Հարկերի հաշվարկման և տեղեկատվական համակարգերի զարգացման հարցեր
Հարկային հաշիվների մշակման ավտոմատացում, հանդիպակաց ստուգումների համար անհրաժեշտ հարկային հաշիվների (100 հազար դրամ և ավելի գումարով) բազայի ստեղծում և շահագործում, դրանց վերաբերյալ հարկային մարմինների կողմից ստացվող տեղեկատվության մշակման համակարգչային ծրագրի և համապատասխան բազայի ստեղծում, հարկային տեսչություններում դրանց ներդրում: Դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում, խաչաձև ստուգումների իրականացում: Հարկային հաշվի կողմ հանդիսացող և օրենքով սահմանված տեղեկատվություն չներկայացրած սուբյեկտների բացահայտում և դրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համապատասխան հաշվառման վայրի հարկային տեսչության տրամադրում, 2007-2009թթ:
Առանձին հարկատեսակների մասով իրականացման ենթակա միջոցառումներ
Ռեզիդենտների նվազագույն շահութահարկի նկատմամբ հսկողական մեխանիզմների կատարելագործում, նվազագույն շահութահարկի մակարդակի ուսումնասիրություն, տարվա ընթացքում նվազագույն շահութահարկի գումարների նկատմամբ հսկողության իրականացում: Շահութահարկ վճարող ռեզիդենտների հարկային վնասների կրճատում, հայտարարած հարկային վնասների առաջացման պատճառների ուսումնասիրություն, հարկային վնասների հաջորդ տարիներ փոխանցման սահմանափակում, տարվա ընթացքում չհիմնավորված հարկային վնասների կուտակման բացառում (2007-2009թթ):
Ենթաակցիզային ապրանքների ապօրինի ապրանքաշրջանառության ծավալների կրճատում, չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների բացահայտման նպատակով ստուգայցերի կազմակերպում և անցկացում, 2007-2009թթ:
Օտարերկրյա ներդրումներով առևտրային կազմակերպությունների օրենքով սահմանված արտոնության կիրառման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացում, մասնավորապես, արտոնությունից օգտվող ռեզիդենտների դասակարգում և դրանց կողմից այլ պարտավորությունների մակարդակի ուսումնասիրություն, արտոնությունից շարունակական և նոր արտոնությունից օգտվող ռեզիդենտների նկատմամբ մշտական հսկողական աշխատանքների իրականացում, 2007թ:
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներից նախորդ տարիների մուտքերի համադրում և վերլուծությունների իրականացում: Գազի, բենզինի և դիզելային վառելիքի, խաղատնային գործունեության ելակետային տվյալների հսկողություն, հաստատագրված վճարների օրենսդրական դաշտի կատարելագործում, այդ թվում` կառուցապատողների գործունեության մասով:
Փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծում և պարբերաբար թարմացում, դրանում առկա տեղեկությունների օգտագործում հսկողական և վերահսկողական միջոցառումների ընթացքում: Պարզեցված հարկ վճարող փոխկապակցված անձանց բացահայտում, մշակված տեղեկությունների հիման վրա պարզեցված հարկ վճարողներին հարկման ընդհանուր դաշտում ներգրավում:
Պետական տուրքի գումարների վճարման նկատմամբ հսկողության ուժեղացում, այդ թվում՝ գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար նախատեսված պետական տուրքի գումարների` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վճարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Ապահովադիրների հետ տարվող աշխատանքներ
Ապահովադիրների կողմից հայտարարագրած աշխատողների միջին ցուցակային թվի և ամսական միջին աշխատավարձի մեծությունների աճի ապահովում: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարի փոփոխության հետ կապված հսկողական աշխատանքների ուժեղացում, բացառելով դրա հետևանքով ապահովադիրների կողմից աշխատավարձերի և աշխատակիցների թվի նվազեցման դեպքերը: Հարկերի հաշվարկման տվյալների բազայի համադրում ապահովադիրների սոցվճարների տվյալների բազայի հետ, դրա արդյունքում հաշվարկային մեծությունների ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացում, 2007 - 2009թթ:
Հարկային հսկողություն և ստուգումների ռազմավարություն
Ստուգումների ազգային ծրագրի կիրառման շրջանակներում հսկողական աշխատանքների արդյունավետ կազմակերպում, ընդունված ռազմավարության հիմունքների լայնամասշտաբ կիրառում (2007-2009թթ):
Անապրանք փաստաթղթեր («կեղծ» փաստաթղթերի) դուրս գրող և ձեռք բերող անձանց նկատմամբ տնտեսության տարբեր ոլորտներում աշխատանքների իրականացում, անապրանք փաստաթղթերի դուրս գրման դեպքերի բացահայտում, դրանց նկատմամբ լիարժեք հսկողության իրականացում, օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառում (2007-2009թթ):
Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների վերլուծության ընդհանուր մեթոդիկայի մշակում` հիմնվելով կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վրա: Օրենքով սահմանված կարգով կամերալ ուսումնասիրությունների իրականացման ընդհանուր մոտեցումների սահմանում, դրանց համատարած կիրառում և դրանց արդյունքների իրացման հետագա շղթայի ապահովում: Արժութային հարաբերությունների օրինականության նկատմամբ հսկողության ուժեղացում (հարկային մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակներում), 2007-2009թթ:
Ոլորտային հսկողություն
Տրանսպորտային գործունեություն (ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ) իրականացնող հարկ վճարողների հարկման մակարդակի բարձրացում, ապօրինի փոխադրումներ իրականացնողների նկատմամբ հարկային հսկողության ուժեղացում, միջքաղաքային և միջպետական երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպությունների հարկման մակարդակի բարձրացում, 2007թ:
Հաց-հացամթերքների, մսամթերքի, երշիկեղենի, թռչնամսի արտադրության և իրացման ծավալների հայտարարագրվող և փաստացի ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողության ուժեղացում, 2007թ:
Տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ ներդնելու նկատմամբ հսկողություն, կազմակերպվող առևտրի օրինականության ապահովում և օրենսդրության պահանջների կատարում: Հսկողական աշխատանքների իրականացում առևտրի իրականացման վայրերում, հարկերի և սոցապ վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողական աշխատանքների պարբերական իրականացում, 2007թ:
Ներմուծող ֆիզիկական անձանց հարկման մակարդակի բարձրացում: Ներմուծում իրականացնող, սակայն հարկային մարմին հաշվետվություններ չներկայացնող անձանց հայտնաբերում: Ներմուծող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարկման մակարդակի բարձրացում (2007-2009թթ):
2008-2009թթ համար ռիսկային ոլորտների նախանշման և դրանց նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացման միջոցառումներ:
Այլ միջոցառումներ
Նկատի ունենալով 2009 թվականի հունվարի 1-ից սկսած գյուղատնտեսության ոլորտի` ամբողջությամբ հարկման դաշտ ընդգրկվելու (արտոնությունների գործողության դադարեցման հետ կապված) հանգամանքը, հարկման մեխանիզմների մշակում և համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում, 2007-2008թթ:
Հարկերի պարտավորությունների պատշաճ կատարմանն ուղղված վարչարարական և օրենսդրական փոփոխությունների իրականացում, հարկերի հաշվարկման և վճարման մասով օրենսդրական սողանցքների վերացում հարկային վարչարարությունը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում, 2007-2009թթ:
ՀՀ 2007-2009 թվականների պետական բյուջեների հարկային եկամուտների հավաքագրումն ապահովելու համար ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումները
2007-2009 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1. Ընդլայնել ինքնահայտարարագրման և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագիր ներկայացնողների շրջանակը և այս մոդելը ներդնել բոլոր մաքսատներում ու մաքսային կետերում:
2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգման և զննման ընտրողականության ավտոմատ համակարգի ներդրում բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:
3. Համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ մաքսային զննման և հաշվառման վայրերի ստեղծում:
4. Մաքսային գործի իրականացման և ապրանքների փորձաքննության (հետազոտության) համար մաքսային լաբորատորիայի ստեղծում:
5. ՀՀ ոստիկանության հետ համատեղ միջոցառումների իրականացում՝ կապված ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ:
6. Մաքսային օրենսդրության կատարելագործման և մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարել.
- ՀՀ մաքսային օրենսգրքում` նպատակ ունենալով մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման գործող համակարգի փոխարինումը ինքնահայտարարագրման նոր համակարգով:
- «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում` մաքսային մեխանիզմների պարզեցման, երկիմաստությունների և տարընթերցումների հնարավորության նվազեցման նպատակով:
- Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման կարգում:
7. ԱՏԳ մասնակիցների հարկային պարտավորությունների կատարման հետագա ընթացքն ապահովելու համար ընդլայնել հարկային մարմինների և ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:
8. Մաքսային մարմինների կողմից ԱՏ մասնակիցներին մատուցվող ծառայությունների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մաքսային կետերի տեխնիկական հագեցվածությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
9. Հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ համագործակցության ընդլայնում: