ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ԿԱԶԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 մարտի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջպետական համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2005 թ. օգոստոսի 26-ին, Կազանում` ԱՊՀ երկրների տնտեսական և սոցիալական առաջընթացը, քաղաքացիական համերաշխությունը և ազգամիջյան համաձայնությունն ապահովելու նպատակով:
2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ձեռնարկել համաձայնեցված միջոցներ` հումանիտար համագործակցության հետագա զարգացման համար:
Համաձայնագիրը սահմանում է այն միջոցները, որոնք Կողմերը պետք է ձեռնարկեն ազգային մշակույթների փոխհարստացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, կրթության, սպորտի և զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու, գիտության և տեխնոլոգիաների առաջնային ուղղությունների զարգացման համար գիտական համագործակցությանը պետական աջակցություն ցուցաբերելու, ԱՊՀ ընդհանուր տեղեկատվական դաշտ ձևավորելու նպատակով:
3. Կողմերը հումանիտար ոլորտում աշխատանքները համակարգելու նպատակով իրենց ներկայացուցիչներից ստեղծում են Հումանիտար համագործակցության խորհուրդ (ՀՀԽ), որը կոչված է քննարկելու հայեցակարգային հարցեր, որոշելու համագործակցության առաջնային ուղղությունները և ձևերը, Կողմերին ներկայացնելու հումանիտար ոլորտում կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
ՀՀԽ-ի գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի առանձին համաձայնագրով հաստատվող կարգով:
Համաձայնագրով նախատեսված ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրն ստորագրել է վերապահմամբ: Սահմանադրական դատարանն ի գիտություն ընդունեց ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը վերապահման` իրավական առումով հետագա հստակեցման մտադրության մասին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թ. օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|