ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 ապրիլի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հունիսի 23-ին` Մոսկվայում:
Համաձայնագրի նպատակն անդամակցող պետությունների զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական կազմավորումների համար զինվորական կադրերի պատրաստման միասնական համակարգի կազմավորումն ու զարգացումն է:
2. Համաձայնագրով գաղտնի տեղեկությունների հետ կապված հարցերը պետք է լուծվեն 2004թ. հունիսի 18-ին կնքված` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» համաձայնագրին համապատասխան (ՀՀ-ն վավերացրել է 24.05.2005թ.):
3. Համաձայնագրով Կողմերը, մասնավորապես, պարտավորվում են.
- զինվորական կադրերի պատրաստումը և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումն իրականացնել ռուսերենով,
- ուղարկող Կողմի զինծառայողների կեցությունը կազմակերպել յուրաքանչյուրն իր սահմանած պայմաններով և կարգով,
- արտոնյալ կարգով զինվորական կադրերի պատրաստումն իրականացնել յուրաքանչյուրն իր միջոցների հաշվին, իսկ կեցության ծախսերը` ուղարկող Կողմի հաշվին,
- անհատույց կարգով զինվորական կադրերի պատրաստման դեպքում ուսուցման և կեցության ծախսերն իրականացնել յուրաքանչյուրն իր միջոցների հաշվին,
- ուսուցման հայտերն ընդունող Կողմին ուղարկել համաձայնագրով սահմանված ժամկետում,
- որպես ուղարկող Կողմ անցկացնել թեկնածուների ընտրությունն ու նրանց բժշկական ստուգումը,
- փոխադարձաբար ճանաչել զինվորական ուսումնական հաստատությունների ավարտական և գիտական աստիճանների շնորհման մասին փաստաթղթերի համարժեքությունը,
- փոխադարձաբար օժանդակել ազգային զինվորական ուսումնական հաստատությունների զարգացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|