ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1992 թվականի N 585
քաղ. Երևան
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործվում են հետևյալ կերպ`
ա) ռուբլին և օտարերկրյա վալյուտան, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, մուրհակներ, ակրեդիտիվներ և այլն) և արժեթղթերը (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) հանձնվում են Հայաստանի Հանրապետության բանկ` նրա կողմից սահմանված կարգով, դրանք համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության վալյուտային ֆոնդին և հանրապետական բյուջեի եկամուտներին հաշվանցելու համար.
բ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, վալյուտային այլ արժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված զարդերն ու պերճանքի առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան, իսկ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը.
գ) շինությունները, բնակելի տները կամ դրանց մասերը հանձնվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործկոմներին` իրացման համար, ստացված գումարները մուտքագրվում են հանրապետական բյուջե, իսկ տեղական կարիքների համար օգտագործման անհրաժեշտության դեպքում հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.
դ) պատմական, թանգարանային, մշակութային, գիտական արժեք ներկայացնող իրերի օգտագործման կարգը որոշվում է համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա:
Սույն կետի «ա», «բ», «գ», «դ», ենթակետերում չնախատեսված մյուս իրերը և առարկաները հանձնվում են համապատասխան արտադրող կամ իրացնող կազմակերպություններին` իրացումից ստացված եկամուտը (հանած դրանց վերամշակման և իրացման ծախսերը) փոխանցելով հանրապետական բյուջե:
(1-ին կետը լրաց. 19.03.96 N 85)
2. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած արժեքների հաշվառման, գնահատման և սահմանված կարգով օգտագործման գործի կազմակերպումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների վրա, բացառությամբ մշակութային արժեքների:
(2-րդ կետը լրաց. 19.03.96 N 85)
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, հաշվետվության, գնահատման ու իրացման կարգի մասին» հրահանգը:
(3-րդ կետը խմբ. 07.05.93 N 214)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան ստեղծելու մասին» N 77 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 20-ի N 124 և 1991 թվականի օգոստոսի 10-ի N 421 կարգադրությունները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.1997, N 587 | 04.01.1998, N 585 | |
19.03.1996, N 85 | 01.03.1996, N 585 | |
07.05.1993, N 214 | 07.05.1993, N 585 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|