Գլխավոր տեղեկություն
Համար
N 585
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.1996-04.01.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 1992 թվականի N 585

քաղ. Երևան

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործվում են հետևյալ կերպ`

ա) ռուբլին և օտարերկրյա վալյուտան, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, մուրհակներ, ակրեդիտիվներ և այլն) և արժեթղթերը (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) հանձնվում են Հայաստանի Հանրապետության բանկ` նրա կողմից սահմանված կարգով, դրանք համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության վալյուտային ֆոնդին և հանրապետական բյուջեի եկամուտներին հաշվանցելու համար.

բ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, վալյուտային այլ արժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված զարդերն ու պերճանքի առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան, իսկ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը.

գ) շինությունները, բնակելի տները կամ դրանց մասերը հանձնվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործկոմներին` իրացման համար, ստացված գումարները մուտքագրվում են հանրապետական բյուջե, իսկ տեղական կարիքների համար օգտագործման անհրաժեշտության դեպքում հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

դ) պատմական, թանգարանային, մշակութային, գիտական արժեք ներկայացնող իրերի օգտագործման կարգը որոշվում է համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա:

Սույն կետի «ա», «բ», «գ», «դ», ենթակետերում չնախատեսված մյուս իրերը և առարկաները հանձնվում են համապատասխան արտադրող կամ իրացնող կազմակերպություններին` իրացումից ստացված եկամուտը (հանած դրանց վերամշակման և իրացման ծախսերը) փոխանցելով հանրապետական բյուջե:

(1-ին կետը լրաց. 19.03.96 N 85)

2. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած արժեքների հաշվառման, գնահատման և սահմանված կարգով օգտագործման գործի կազմակերպումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների վրա, բացառությամբ մշակութային արժեքների:

(2-րդ կետը լրաց. 19.03.96 N 85)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, հաշվետվության, գնահատման ու իրացման կարգի մասին» հրահանգը:

(3-րդ կետը խմբ. 07.05.93 N 214)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան ստեղծելու մասին» N 77 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 20-ի N 124 և 1991 թվականի օգոստոսի 10-ի N 421 կարգադրությունները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ