Գլխավոր տեղեկություն
Համար
N 380
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.08.2001-09.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1994 թ. N 380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, տնտեսական օբյեկտների (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) հրդեհային անվտանգության ապահովման, հրշեջ պահպանության համակարգի նյութատեխնիկական բազայի թարմացման և վերազինման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) 1994 թվականի 3-րդ եռամսյակում քննարկել ենթակա օբյեկտների և բնակավայրերի հակահրդեհային վիճակի հարցը և պետական հրդեհային հսկողության մարմինների հետ մշակել դրանց հրդեհային անվտանգության ապահովման հեռանկարային ծրագրեր:

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հրդեհային անվտանգության ապահովման պատասխանատվությունը դնել դրանց ղեկավարների վրա.

բ) հրդեհները մարելու և ահազանգելու նպատակով միջոցներ ձեռնարկել ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում, ինչպես նաև բնակավայրերում հակահրդեհային ջրացանցերը, ջրավազանները և հակածխային պաշտպանության ինքնաշխատ համակարգերը 1994 թվականի ընթացքում վերականգնելու և գործարկելու համար.

գ) կատարել անհրաժեշտ նպատակային հատկացումներ օբյեկտների հրշեջ մասերի տեխնիկայի թարմացման և վերանորոգման, ինչպես նաև պահեստամասերի ու վառելանյութի ձեռքբերման համար:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`

ա) ապահովել Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման ընթացքում անհրաժեշտ բոլոր հակահրդեհային նորմերի և կանոնների կատարումը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ քննարկել և որոշել նախարարության ենթակայության նավթամթերքի բազաներում հակահրդեհային նորմերի ու կանոնների պահանջների խախտումների վերացման ժամկետները:

3. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին`

ա) պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով հանրապետության հրշեջ պահպանության ստորաբաժանումներն ապահովել վառելանյութով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին և նրա կողմից ներկայացված հիմնավորված քանակներով.

բ) հրշեջ ստորաբաժանումներն ապահովել երաշխավորված անկախ էլեկտրասնուցմամբ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և ներքին գործերի նախարարությանը`

ա) 1994 թվականի 3-րդ եռամսյակում քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հանրապետության 1994 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին Ռուսաստանյան Դաշնությունից հրշեջ-տեխնիկական միջոցների և հատուկ հանդերձանքի ձեռքբերման մասին.

բ) քննության առնել և լուծել հանրապետության կամավոր հրշեջ ընկերության Երևանի «Հրշեջ տեխնիկա» գործարանի արտադրանքը (կրակմարիչներ և հրդեհաշիջման սկզբնական այլ միջոցներ) պետական պատվերի մեջ մտցնելու հարցը` հաշվի առնելով նշված արտադրանքի կարևորությունը բնակավայրերի և օբյեկտների հակահրդեհային պաշտպանվածության ապահովման գործում:

5. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ քննության առնել ԱՊՀ անդամ պետությունների շինարարության բնագավառում տեխնիկական նորմավորման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի կողմից մշակված հրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները և, հաշվի առնելով հանրապետության առանձնահատկությունները, սահմանված կարգով մինչև 1994 թվականի վերջը մշակել ու հաստատել հանրապետական շինարարական նորմեր և կանոններ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) պարտավորեցնել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար լիցենզիաներ ստացած ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին և քաղաքացիներին նախագծային, շինարարական ու շահագործման աշխատանքներն սկսել պետական հրդեհային հսկողության մարմինների համապատասխան դրական եզրակացության առկայության դեպքում.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 10.08.01 N 744)

7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը, լուսավորության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ մշակել ծրագրեր և 1994/95 ուսումնական տարվա սկզբից բոլոր ուսումնական հաստատություններում ու դպրոցներում անցկացնել 10-ժամյա դասընթացներ հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ հետևողականորեն լուսաբանել հրդեհային անվտանգության հարցերը` հատուկ ուշադրություն դարձնելով կենցաղում հրդեհային կանոնների պահպանմանը:

9. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ