Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.01/8(185) Հոդ.97
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.02.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005128

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 փետրվարի 2005 թ.

N 69-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հատուցող բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հիմնադրամին ներկայացվող հաշվետվությունների լրացման և ներկայացման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. փետրվարի 23
Երևան

   Կ Ա Ր Գ

Հատուցող բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հիմնադրամին ներկայացվող հաշվետվությունների լրացման և ներկայացման

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն կարգով սահմանվում է երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկերի (այսուհետև՝ Հատուցող բանկ) կողմից ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին (այսուհետև՝ Հիմնադրամ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ավանդների հատուցման և դրան առնչվող հաշվետվությունների ներկայացման կարգը և ձևերը:

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:


ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Հատուցող բանկերը կազմում և Կենտրոնական բանկին և Հիմնադրամին են ներկայացնում սույն կարգի հավելված 1-ով (կցվում է) սահմանված «Երաշխավորված ավանդների հատուցման ընթացքի վերաբերյալ» և հավելված 2-ով (կցվում է) սահմանված «Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ» հաշվետվությունները: Հաշվետվությունները ներկայացվում են հազար դրամ չափման միավորով՝ հարյուրերորդականները ներառյալ:

2.2.1. «Երաշխավորված ավանդների հատուցման ընթացքի վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից:

2.2.2. Աղյուսակ 1-ում ամփոփ ներկայացվում են տվյալներ հատուցման ընթացքի վերաբերյալ, այն է՝ հատուցող բանկին Հիմնադրամի կողմից հատուցման նպատակով փոխանցված գումարի, նախորդ ժամանակահատվածներում հատուցված, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում հատուցման համար փոխանցված գումարի մնացորդի վերաբերյալ: Ընդ որում, «Հատուցող բանկին հատուցման համար փոխանցած գումարը՝ ժամանակահատվածի վերջում» տողում լրացվող գումարը հաշվարկվում է որպես առաջին, երկրորդ տողերի և Աղյուսակ 2-ի վեցերորդ սյունակի և «Ընդամենը» տողի հատման վանդակում լրացված գումարի տարբերություն:

2.1.2. Աղյուսակ 2-ում նշվում են տվյալներ յուրաքանչյուր հատուցված ավանդի գծով:

2.1.3. «Անուն, Ազգանուն, Հայրանուն» և «Անձնագրի,  կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները» սյունակներում նշվում են ավանդատուի նույնականացման տվյալները՝ հատուցում ստացած ավանդատուի անունը, ազգանունը և հայրանունը, նրա անձնագրի, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները:

2.1.4. «Հաշվարկված երաշխավորված ավանդ, այդ թվում» սյունակի «Պայմանագրային գումարների գծով հաշվարկված» ենթասյունակում լրացվում է երաշխավորված ավանդի գումարը՝ պակասեցված հատուցմանը ենթակա հավելագրված տոկոսների  գումարի չափով, իսկ «Հավելագրված տոկոսների գծով հաշվարկված» ենթատողում՝ հավելագրված տոկոսների գծով հատուցմանը ենթակա գումարը:

2.1.5. «Հաշվարկված եկամտահարկ» սյունակում լրացվում է հավելագրված տոկոսների գծով հատուցմանը ենթակա գումարի հաշվարկված եկամտահարկի մեծությունը՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2.1.6. «Փաստացի հատուցված  գումար» սյունակում լրացվում է տվյալ ավանդատուին փաստացի հատուցված գումարը, որը պետք է հավասար լինի «Պայմանագրային գումարների գծով հաշվարկված» և «Հավելագրված տոկոսների գծով հաշվարկված» ենթասյունակների հանրագումարին, հանած «Հաշվարկված եկամտահարկ» սյունակը:

2.2. «Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ» հաշվետվությունը ներկայացվում է ավանդների հատուցման գործընթացն ավարտելուց հետո: Այս հաշվետվությունը պարունակում է հատուցման ժամանակահատվածի ընթացքում հատուցված ավանդների քանակի, ընդհանուր գումարի, ինչպես նաև չհատուցված ավանդների և չհատուցման պատճառների վերաբերյալ տեղեկություններ:

2.2.1. Հաշվետվության Աղյուսակ 1-ում ամփոփ ներկայացվում են տվյալներ հատուցում ստացած ավանդատուների և հատուցված գումարների վերաբերյալ:

2.2.2. «Հատուցում ստացած ավանդատուների քանակը» տողում լրացվում է հատուցող բանկի կողմից հատուցված ավանդատուների ընդհանուր քանակը:

2.2.3. «Հատուցված ավանդների գումարը» տողում լրացվում է հատուցված ավանդների ընդհանուր ծավալը:

2.2.4. «Հատուցում չստացած ավանդատուների քանակը» տողում լրացվում է հատուցման ենթակա, սակայն հատուցում չստացած ավանդների ընդհանուր թիվը:

2.2.5. «Չհատուցված ավանդների գումարը» տողում լրացվում է չհատուցված, սակայն երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը:

2.2.6. Աղյուսակ 2-ում ներկայացվում են տեղեկութուններ հատուցումը չստացած ավանդատուների և հատուցման չստացման պատճառների վերաբերյալ՝

2.2.7. «Հատուցում չստացած ավանդատուի Անունը, Ազգանունը, Հայրանունը», «Անձնագրի,  կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները», «Ավանդի պայմանագրի համարը, կամ ավանդատուի նկատմամբ այլ պարտավորության տվյալները» և «Երաշխավորված ավանդի ընդհանուր գումարը» սյունակները լրացվում են հատուցումը իրականացնելու համար Հիմնադրամի կողմից տրամադրված ցուցակների հիման վրա:

2.2.8. «Չհատուցման պատճառը, այլ նշումներ» սյունակում լրացվում են տվյալ ավանդատուի ավանդի չհատուցման պատճառները, ինչպես նաև բանկի հայեցողությամբ այլ տեղեկատվություն:


ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Հատուցող բանկերը սույն կարգով սահմանված հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Հաշվետվությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին:

3.2. Հատուցող բանկերը, մինչև Հիմնադրամի Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միանալը, Հիմնադրամին հաշվետվություններ ներկայացնում են փաստաթղթային տեսքով և էլեկտրոնային կրիչով՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ձևերին և ֆայլերին համապատասխան: Փաստաթղթային տեսքով ներկայացված հաշվետվությունները պետք է կնքված լինեն բանկի կնիքով և ստորագրվեն Հատուցող բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և գլխավոր հաշվապահի կողմից:

3.3. Հաշվետվությունները Կենտրոնական բանկ և/կամ Հիմնադրամ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» և բարձր ծրագրերով): Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված:

3.4. Սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից ընդունված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են գրավոր ապացույցներ:

3.5. Հատուցող բանկերը, հաշվետվությունները էլեկտրոնային տեսքով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորում են «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակում» կանոնակարգ 3-ով (այսուհետև՝ Կանոնակարգ 3) սահմանված կարգով:

3.6. Հատուցող բանկերի կողմից Կենտրոնական բանկին և Հիմնադրամին ուղղված հաշվետվությունները ներկայացվում են սույն Կարգով սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

3.7. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ մեխանիկական թերություն:

3.8. Հիմնադրամի և Հատուցող բանկի միջև կնքված պայմանագրով կարող են նախատեսվել Հատուցող բանկի կողմից Հիմնադրամ ներկայացվող այլ հաշվետվություններ, ինչպես նաև դրանց լրացման և ներկայացման կարգը և ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4.1. Հատուցող բանկը «Երաշխավորված ավանդների հատուցման ընթացքի վերաբերյալ» հաշվետվությունը Կենտրոնական բանկ և Հիմնադրամ է ներկայացնում յուրաքանչյուր աշխատանքային օր, երաշխավորված ավանդների վճարման ամբողջ ընթացքում:

4.2. Հատուցող բանկը «Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ» հաշվետվությունը Կենտրոնական բանկ և Հիմնադրամ է ներկայացնում Օրենքով սահմանված երաշխավորված ավանդների հատուցման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
                           

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի փետրվարի 16-ի
թիվ 69-Ն որոշման

Հաշվետվություն
Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ
(օրական)

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի փետրվարի 16-ի
թիվ 69-Ն որոշման

Հաշվետվություն
Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ
մեկանգամյա