Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-634
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ, ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ` «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 մայիսի 2006 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2006 թվականի մարտի 27-ին Վաշինգտոնում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, միջև կնքված` «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդել տնտեսական աճի խթանման միջոցով նպաստել Հայաստանում աղքատության կրճատմանը: Այն իրագործելու համար ԱՄՆ կառավարությունը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, համաձայնագրի գործողության 5 տարվա ժամկետում, ՀՀ կառավարությանը պետք է տրամադրի դրամաշնորհ` 235.650.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, որը կծախսվի համաձայնագրի 1-ին հավելվածում նկարագրված ծրագրերի իրականացման նպատակով, այն է.

- գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 943 կմ ընդհանուր երկարությամբ, որից մինչև 321 կմ` հանրապետական նշանակության և մինչև 622 կմ` համայնքային նշանակության, ինչպես նաև թվով 19 կամուրջների և ճանապարհային անվտանգության համակարգի բարելավում)` ծրագրային այնպիսի ծավալով, որի ընդհանուր նկարագիրը տրված է համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին առդիրում,

- ոռոգման համակարգի զարգացում, մասնավորապես` ոռոգվող տարածքների ավելացում, գյուղացիական տնտեսություններին ջրի մատակարարման ընդհանուր արդյունավետության բարձրացում և այդ բնագավառում կառավարչական կարողությունների հզորացում, ջրօգտագործողների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն ու վարկավորում` ծրագրային այնպիսի ծավալով, որի ընդհանուր նկարագիրը տրված է համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ առդիրում:

2. Համաձայնագրի շրջանակներում նախատեսված բազմամյա (հնգամյա) ֆինանսավորման ամփոփ պլանը նկարագրված է 2-րդ հավելվածում (առդիր «Ա»), համաձայն որի` գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է 67.10 մլն ԱՄՆ դոլար, ոռոգման համակարգերի զարգացման նպատակով` 145.67 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման նպատակով` 5.08 մլն ԱՄՆ դոլար և իրականացվելիք ծրագրերի վարչարարության ու վերահսկման նպատակով` 17.79 մլն ԱՄՆ դոլար:

3. Համաձայնագրի 5.4 բաժնում թվարկված են այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան գրավոր տեղեկացմամբ կարող է առկախել կամ դադարեցնել համաձայնագրի կատարումը և ծրագրի ֆինանսավորումը:

Համաձայնագրով նախատեսված ծրագրային միջոցառումներից ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները (ցուցանիշների աղյուսակը) սահմանված են համաձայնագրի 3-րդ հավելվածում:

4. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, հետևաբար, նաև` նախատեսված ծրագրային ֆինանսավորումը պայմանավորված են համաձայնագրի 4 հոդվածում նախատեսված մի շարք պայմանների առկայությամբ, ինչպիսիք են` 4.1, 4.2 բաժիններում թվարկված համաձայնագրերի ստորագրումը, գրավոր տեղեկանքների ներկայացումը և այլ նախապայմաններ:

5. Համաձայնագրի Կողմերի ներկայացուցչությունը ծրագրերի իրագործման ողջ ընթացքում իրականացվելու է 5.2 բաժնում նախատեսված պայմաններով: Ընդ որում, ԱՄՆ կառավարության անունից հանդես եկող «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` ՀՀ-ում գործող աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները համաձայնագրով նախատեսված իրենց պարտականությունների կատարման ընթացքում օգտվելու են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

6. Համաձայնագրի մի շարք դրույթներով նախատեսված է ծրագրային միջոցառումների կատարման կառավարման և վերահսկման ընդլայնված համակարգ: Մասնավորապես, 1-ին հավելվածի 3-րդ կետին համապատասխան ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հսկողության և ծրագրային կառավարման գործառույթներ պետք է իրականացնեն սահմանված կարգով և կազմով ձևավորված «Կառավարող խորհուրդը», «Կառավարման միավորը» և «Շահագրգիռ կողմերի հանձնաժողովը»:

Որպես համաձայնագրի կատարման անհրաժեշտ պայման կարևորված է ծրագրի կատարման հրապարակայնությունը: Այդ նպատակին է ծառայելու նաև ծրագրի իրականացմանը հասարակության անդամների մասնակցությունը:

Ծրագրի պատշաճ և արդյունավետ կառավարման նպատակով` համաձայնագրով նախատեսված է նաև մրցակցային սկզբունքով անկախ կառավարչի ընտրության և ֆինանսական գործակալներ ներգրավելու հնարավորություն, իսկ 3.8 բաժնում նախատեսված է բազմակողմ հաշվեքննության (աուդիտի) իրականացման ընթացակարգ: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի թիվ 487-Ն որոշմամբ ստեղծվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ընդհանուր պատասխանատվություն է կրելու ծրագրի իրականացման համար:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- համաձայնագրի ժամկետի ավարտի կամ դադարեցման դեպքում վերադարձնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (այսուհետ` ՀՄԿ) կողմից տրված այն գումարները, որոնք դեռևս չեն ծախսվել (համաձայնագրի 2.1 բաժնի (ii) ենթակետ),

- ապահովել թույլատրված հաշվին ՀՄԿ-ի ֆինանսավորման գումարների վրա հաշվեգրված ցանկացած տոկոսային կամ այլ եկամուտ և դրանք հաշվեգրել 1-ին հավելվածում կամ այլ ցանկացած համապատասխան լրացուցիչ համաձայնագրում սահմանված հաշվեգրված տոկոսային եկամտի հաշվարկման պահանջների համաձայն: Եռամսյակային ժամանակահատվածով և համաձայնագրի ժամկետը լրանալու կամ դադարեցնելու պահին ապահովել ամբողջ հաշվեգրված տոկոսային եկամտի վերադարձը ՀՄԿ-ի կողմից նշված հաշվին (համաձայնագրի 2.1 բաժնի (c) կետ),

- ցանկացած հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարներից ազատել ծրագիրը, ծրագրային բոլոր ակտիվները, ՀՄԿ-ի ֆինանսավորումը, հաշվեգրված տոկոսային եկամուտը, ներառյալ` ցանկացած աշխատանք կամ գործունեություն, որը կատարվում է համաձայնագրին համապատասխան ՀՄԿ-ի ցանկացած միջոցներից ֆինանսավորվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից (ներառյալ` կապալառուները և դրամաշնորհ ստացողները) (համաձայնագրի 2.2 բաժնի (m) ենթակետ),

- վերադարձնել վճարված հարկի գումարները, եթե ՀՄԿ-ի միջոցներից վճարվել են հարկեր (համաձայնագրի 2.2 բաժնի (iii) կետ),

- ապահովել ՀՄԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների, դրանց վրա հաշվեգրվող տոկոսների, ինչպես նաև ծրագրի ակտիվների հնարավոր ծանրաբեռնվածության վերացումը (համաձայնագրի 2.2 բաժին),

- ծրագրում ընդգրկված ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ չհանդիսացող անձանց եկամտահարկը և սոցիալական ապահովության վճարները, նրանց անձնական գույքն ազատել գանձումներից (համաձայնագրի 2.2 բաժնի 3-րդ կետ),

- պետական բյուջեից ՀՄԿ-ին վճարել վերջինիս ֆինանսավորման կամ հաշվեգրված տոկոսային եկամտի սխալ օգտագործված գումարը կամ սխալ օգտագործված ծրագրի ակտիվի արժեքի դրական համարժեքը և դրանց տոկոսները, եթե ՀՄԿ-ի ֆինանսավորման, հաշվեգրված տոկոսային եկամտի և ծրագրի ակտիվների որևէ մասն օգտագործվի համաձայնագրով արգելված նպատակով կամ համաձայնագրի պայմանների խախտումով (համաձայնագրի 2.5 բաժնի (i) կետ),

- անհապաղ վերադարձնել ՀՄԿ-ի ֆինանսավորման գումարները և դրանց տոկոսները, եթե համաձայնագիրն ամբողջությամբ կամ դրա մի մասը դադարի գործելուց: Համաձայնագրի գործողությունը լրիվ կամ մասամբ դադարեցվելու դեպքում վերադարձնել միայն հատկացված այն գումարները և հաշվեգրված տոկոսները, որոնք կապված են համաձայնագրի չգործող նորմերի հետ (համաձայնագրի 2.5 բաժնի (ii) կետ),

- ապահովագրել բոլոր ծրագրային ակտիվները` համաձայնագրի 3.9 բաժնում սահմանված պայմաններին համապատասխան,

- ծրագրի ակտիվների մասնակի գնված լինելու դեպքում փոխհատուցել դրանց դրամական համարժեքը, եթե ՀՄԿ-ն կարգադրել է ծրագրի ակտիվների սեփականության փոխանցում ՀՄԿ-ին (համաձայնագրի 5.4 բաժնի (g) կետ),

- ՀՄԿ-ի աշխատակիցներին կամ կորպորացիայի կողմից ներգրավված անձանց ու նրանց ընտանիքների անդամներին տրամադրել այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որպիսիք տրամադրվում են դիվանագիտական ծառայողներին` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն (համաձայնագրի բաժին 5.5),

- բյուջեից փոխհատուցել ՀՄԿ-ին և նրա ցանկացած աշխատակցի և նրա հետ փոխկապված անձի կամ կապալառուի ցանկացած վնասը, որը ծագել է ՀՀ կառավարության անփութության կամ կամավոր սխալ գործողության հետևանքով և կապված է համաձայնագրի իրականացման համար կատարվող որևէ գործողության հետ (համաձայնագրի բաժին 5.8):

8. Բացի վերոհիշյալ պարտավորություններից, համաձայնագրի մի շարք դրույթներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է բավարար ֆինանսական միջոցներ տրամադրել, իրավական բարենպաստ պայմաններ ստեղծել ծրագրով նախատեսված միջոցառումների շարունակականությունը և համաձայնագրի ավարտից հետո դրանց ազդեցության կայուն պահպանումը, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում բնապահպանական և սոցիալական կայունությունն ապահովելու ուղղությամբ:

9. Համաձայնագրով նախատեսված են նաև այլ դրույթներ` Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու, վերանայելու և համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի մարտի 27-ին Վաշինգտոնում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


16 մայիսի 2006 թվականի
ՍԴՈ-634