Գլխավոր տեղեկություն
Համար
N 479
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2000-23.04.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.04/10(382)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.1998
Վավերացման ամսաթից
30.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2015

040.0479.30.07.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1998 թվականի N 479

քաղ. Երևան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի N 479 որոշմամբ


Կ Ա Ր Գ

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի, տարածքի գոտևորման նախագծի, հողերի օգտագործման սխեմայի բացակայության դեպքերում, մինչև դրանց մշակումը և հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է սույն կարգով:

2. Քաղաքաշինական նպատակներով հողի կատեգորիայի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում և մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում սահմանված կարգով կազմակերպում են կառուցապատման աշխատանքները:

3. Համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակներով նոր հողօգտագործումների, առանձին հողակտորների գործառական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է մարզպետին:

Նշված, ինչպես նաև հողի կատեգորիայի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները պետք է ընդգրկեն համապատասխան հիմնավորումներ (բացատրագիր, սխեմա և այլն):

Մարզպետն առաջարկություններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում առաջարկությունների վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում)` համաձայնեցման: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն առաջարկություններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:

Մարզպետի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնություններն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում ընդունում է որոշում` նոր հողօգտագործման կամ հողակտորի գործառնական նշանակության փոփոխության մասին և որոշումը սահմանված կարգով գրանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում: Որոշման գրանցումից հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում կառուցապատողին է տալիս ճարտարապետահատակագծային առաջադրանք:

Սույն կետով նախատեսված գործառույթներն իրականացվում են նաև այն դեպքերում, երբ առկա քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրված չէ համապատասխան հողակտորի գործառական նշանակությունը:

4. Անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությամբ օժտված սուբյեկտների կողմից համապատասխան գույքի (սեփականության իրավունքով պատկանող կամ քաղաքաշինական նպատակով օգտագործման տրամադրված) նկատմամբ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը) սահմանված կարգով տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք:

Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով համայնքի ղեկավարին վերապահված գործառույթներն իրականացնում է համապատասխան մարզպետը:

(4-րդ կետը փոփ. 16.12.00 N 830)

5. Մինչև քաղաքաշինական նոր ծրագրային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը, Երևանի տարածքում մանրամասն հատակագծման նախագծերում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 3-րդ կետով սահմանված գործառույթների` ապահովելով օրենքով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:

Երևանի գլխավոր հատակագծով ամրագրված դրույթների փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով (բացատրագիր, սխեմա և այլն), քննարկվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշմամբ հաստատված` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի համաձայն:

(5-րդ կետը լրաց. 16.12.00 N 830)