Գլխավոր տեղեկություն
Համար
N 2199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2006-06.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.10.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2199-Ն

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ գլխի 5-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 215-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 21
Երևան

    

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2199-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման գործընթացը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու կոնցեսիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Սույն կարգի դրույթները տարածվում են երկրաբանական ուսումնասիրություն կատարող, օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցներ շահագործող ընդերքօգտագործողների վրա:

4. Սույն կարգի նպատակն է լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրամադրված ընդերքի տեղամասի վերաբերյալ նախկինում կատարված երկրաբանական և այլ տեղեկատվության արդյունքների ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները և մոտեցումները:

5. Անկախ փորձաքննություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձինք (այդ թվում` օտարերկրյա)՝ ընդերքօգտագործողի սեփական միջոցների հաշվին:

6. Անկախ փորձագետի ընտրությունը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից:

7. Անկախ փորձաքննության կարող է ենթարկվել լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրամադրված ընդերքի տեղամասի մասին հետևյալ երկրաբանական տեղեկատվությունը`

ա) ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրության նյութերը,

բ) օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման վերաբերյալ նյութերը,

գ) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործական հետախուզությանը վերաբերող նյութերը,

դ) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շահագործման համար ընդերքի նախատեսված տեղամասի երկրաբանական ուսումնասիրության նյութերը:

8. Եթե անկախ փորձաքննության արդյունքում փոխվել են պատկերացումներն ընդերքի երկրաբանական կառուցվածքի կամ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականի վերաբերյալ, ապա ընդերքօգտագործողը կարող է անկախ փորձաքննության նյութերը ներկայացնել լիազոր մարմին` քննարկման և հաստատման:

9. Ներկայացված նյութերը լիազոր մարմինը պարտավոր է ենթարկել պետական ընդերքաբանական փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1784-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

10. Լիազոր մարմնի կողմից փորձաքննության արդյունքները չհաստատվելու դեպքում ընդերքօգտագործողն այն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2012, N 1148-Ն 06.10.2012, N 2199-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան