Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.02.2006-12.06.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ. 467
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 383-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը (վարչությունը) բաժանման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի փրկարար ծառայության պետական հակահրդեհային ծառայության (վարչության)` կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչության` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(1-ին կետը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության կանոնադրությունը հաստատելու մասին» N 654 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(Վերնագիրը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 4
Երևան


             

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 383-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն (այսուհետ` ծառայություն) պետական հրդեհային տեսչությունը (այսուհետ` տեսչություն) ծառայության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական մարմին է, որն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ:

(1-ին կետը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 19.05.05 N 634-Ն)

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Տեսչության հիմնական նպատակը և խնդիրը հակահրդեհային քարոզչության իրականացումն ու հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պահպանելն է:

8. Տեսչությունն իր նպատակները և խնդիրները կատարելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

բ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ շենքերի, շինությունների, շինարարական և դրանց շահագործման հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի մշակում, որոնց պահանջները պարտադիր են կատարման պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից.

գ) բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման, շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալը.

դ) նորմատիվ փաստաթղթերով չսահմանված հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ մշակելը և ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հրդեհային հետազոտությունների իրականացում կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում.

զ) շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.

է) բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանն ու լուծմանը մասնակցություն.

ը) հրդեհների հաշվառում և դրանց պատճառների վերլուծության իրականացում` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջոցառումների մշակման համար.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հրդեհներին վերաբերող գործերով հետաքննության իրականացում.

ժ) վարչական պատասխանատվության միջոցների կիրառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

ժա) հակահրդեհային քարոզչության իրականացում` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

ժբ) նորմատիվ փաստաթղթերով չսահմանված հակահրդեհային պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների արտադրության, իրացման և օգտագործման արգելում.

ժգ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ նրանց ենթակա օբյեկտներում հրդեհները կանխելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն ու ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն պահանջելը.

ժդ) օբյեկտի կամ առանձին արտադրամասերի, տեղամասերի, ագրեգատների, շենքերի և շինությունների շահագործման դադարեցում (արգելում) հրդեհի սպառնալիք առաջանալու դեպքում:

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Տեսչությունը կառավարում է ծառայության տնօրենը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության տնօրենը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, ծառայության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն)

10. Տեսչության պետն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսուչն է, իսկ նրա տեղակալները` գլխավոր պետական տեսուչի տեղակալները։

11. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ծառայության տնօրենին կամ ծառայության աշխատակազմի ղեկավարին.

գ) ծառայության տնօրենին կամ ծառայության աշխատակազմի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

դ) ապահովում է ծառայության տնօրենի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նրա համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության տնօրենին կամ ծառայության աշխատակազմի ղեկավարին.

ե) ծառայության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

զ) կատարում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

է) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ.

ը) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի ու աշխատողների թվի վերաբերյալ.

թ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

(11-րդ կետի «բ», «գ», «դ», «ե» և «ը» ենթակետերը փոփ. 22.12.05 N 2309-Ն)

12. Տեսչության պետի բացակայության դեպքում, նրա ներկայացմամբ և ծառայության տնօրենի հրամանով, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:

(12-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն)

13. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների պետերն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության ավագ պետական տեսուչներ են։

14. Տեսչության տեսչական գործառույթներ իրականացնող ծառայողներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության պետական տեսուչներ են։

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է ծառայությունը:

(15-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն)

16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Տեսչության կազմում կարող է լինել տեխնիկական սպասարկող անձնակազմ:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(Կանոնակարգի վերնագիրը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 383-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Տեսչության տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժին

Հրդեհների հետաքննության բաժին

Նորմատիվ տեխնիկական աշխատանքների բաժին

Հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժին

II. Տարածքային մարմիններ

Երևանի հրդեհային տեսչություն

Արագածոտնի մարզային հրդեհային տեսչություն

Արարատի մարզային հրդեհային տեսչություն

Արմավիրի մարզային հրդեհային տեսչություն

Գեղարքունիքի մարզային հրդեհային տեսչություն

Լոռու մարզային հրդեհային տեսչություն

Կոտայքի մարզային հրդեհային տեսչություն

Շիրակի մարզային հրդեհային տեսչություն

Սյունիքի մարզային հրդեհային տեսչություն

Վայոց ձորի մարզային հրդեհային տեսչություն

Տավուշի մարզային հրդեհային տեսչություն



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան