Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.383
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 291-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» և «թ» ենթակետերով.

«ը) ամբողջ բնակչության համար առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնությունից, որն անվճար է միայն սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված անձանց համար) սկսած 2006 թվականի հունվարի 1-ից իրականացվում է անվճար.

թ) անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պարտադիր ծավալները, ինչպես նաև ոչ պարտադիր բժշկական օգնության տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը».

բ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» և «ե» ենթակետերով.

«դ) բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը` համաձայն N 5 հավելվածի».

գ) որոշմամբ հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում`

հանել «65 և ավելի բարձր տարիքի անձինք (միայն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում)» բառերը,

16-րդ պարբերությունից հանել «և ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը,

1-ին տողում «38.00» թիվը փոխարինել «36.00» թվով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Մինչև 8 տարեկան երեխաներ և 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով)».

դ) որոշմամբ հաստատված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի`

7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալների վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարի չափով նվազեցումները կատարվում են ընթացիկ տարվա ֆինանսավորման գումարներից»,

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով՝ հունվար և փետրվար ամիսներին տարեկան պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության մինչև 1/3-րդի չափով, մարտ ամսվանից սկսած՝ փաստացի ներկայացված աշխատանքների ծավալների չափով: Պայմանագրային ժամանակահատվածի վերջում իրականացվում է ֆինանսավորման ճշտում՝ ելնելով փաստացի ընդունված աշխատանքների ծավալներից»,

ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81-րդ կետով.

«81. Հատուկ բժշկական ցուցումների դեպքում համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն կարող է տրամադրվել նաև`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների սահմաններում,

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` իր հիմնադրած և պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների սահմաններում,

Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից տրված ուղեգրերով` իրենց հիմնադրած կամ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների 5 տոկոսի սահմաններում,

պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` տվյալ կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների 4 տոկոսի սահմաններում».

13-րդ կետից հանել «և բժշկասոցիալական վերականգնման ու աշխատունակության փորձաքննության իրականացման» բառերը,

15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

III գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ (ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ) ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

23. Բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 396 որոշմամբ հաստատված ցանկերում ներառված խմբերին և հիվանդություններով տառապող անձանց, ընդ որում, հիմնական դեղորայքի ցանկը և տրամադրման կարգը սահմանում է նախարարը:

24. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության համար «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության» պայմանագրային ծավալը որոշվում է`

ա) առողջության առաջնային պահպանման տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետների մասնագետի համար տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.

բ) անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման համար՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.

գ) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով) կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների (ցանկը հաստատվում է նախարարի կողմից) բուժման համար տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.

դ) մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) և լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) համար՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.

ե) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության համար` նախարարության կողմից սահմանված կարգով.

զ) մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության համար`

հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի սպասարկված հղիների միջին թվի ու նախարարի կողմից մեկ հղիի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

իգական սեռի անձանց գինեկոլոգիական բուժօգնության (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող իգական սեռի անձանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

հղիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի սպասարկված հղիների միջին թվի և նախարարի կողմից մեկ հղիի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

իգական սեռի անձանց (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող աղջիկների և կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

մանկաբարձ-գինեկոլոգի կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների բուժման մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող աղջիկների և կանանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով` միջինացված գումարի արտադրյալով.

է) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող փորձաքննության համար զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով՝ հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվի և մեկ մասնագետի համար հաստատված գնի արտադրյալով:

25. Հեմոդիալիզի անցկացման համար պայմանագրային գումարները որոշվում են նախարարության կողմից՝ ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:

26. Պատվիրատուն յուրաքանչյուր առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) կազմակերպության հետ կնքում է պայմանագիր՝ սույն կարգով հաշվարկված ծավալի չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:

Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առողջապահական ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ կազմակերպությունների պայմանագրային գումարներում:

27. Պատվիրատուի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է՝

ա) առողջության առաջնային պահպանման՝ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետի մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը), մանկաբարձագինեկոլոգիական (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության և գինեկոլոգիական բուժօգնության համար) բուժօգնության մասով՝ ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում պայմանագրով նախատեսված մշտական բնակվող անձանց թվով՝ նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) ամսական կտրվածքով` մեկ բնակչի հաշվով դիֆերենցված գներով:

Տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների գյուղական բժշկական ամբուլատորիաներ և բուժակ-մանկաբարձական կետեր այցերի, պոլիկլինիկաներում իրականացվող ազատ ընդունելության օրերի, ինչպես նաև հրավիրված մասնագետների աշխատանքի կազմակերպման և փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը.

բ) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների բուժման, մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) և մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան, գինեկոլոգիական բուժօգնության նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար) մասով փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը.

գ) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի մասով՝ բնակչությանը փաստացի տրամադրված դեղորայքի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը.

դ) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննություն իրականացնող զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով՝ հանձնաժողովներում ընդգրկված փաստացի մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվով՝ մեկ մասնագետի համար հաստատված գումարով:

28. Պատվիրատուն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումը կատարում է յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» խմբի «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ենթախմբի համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:

28.1. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների վերաբերյալ տրված ուղեգրերով:

28.2. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատում են Երևանի քաղաքապետը և Հայաստանի Հանրապետության մարզպետները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա սկզբի դրությամբ բնակչության թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա: Պայմանագրերը կնքելու պահին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում տրված բնակչության թվի փոփոխության դեպքում, նախարարության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 15
Երևան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 291-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

1. Հիվանդանոցային, ախտորոշիչ, մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն իրականացվում են տվյալ բուժհաստատության տարեկան գլոբալ բյուջեի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:

2. Ամսական կտրվածքով բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացիան իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով, բացառությամբ հետևյալ ծառայությունների`

սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունները,

շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները,

ծննդօգնություն,

0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,

անհետաձգելի վիճակների բուժօգնություն:

3. Ելնելով բուժհաստատության առանձնահատկություններից` բժշկական կազմակերպությունը սույն կարգի պահանջների պահպանմամբ մշակում է հիվանդների հերթագրման կարգ:

4. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ:

5. Հիվանդները, մինչև հերթագրմամբ բուժօգնություն ստանալու ժամկետը, անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական պատվեր իրականացնող այլ հիվանդանոցային բուժհաստատություններում և տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում:

6. Բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է ստեղծի հիվանդների պլանային հոսպիտալացման հերթագրման մասնագիտական հանձնաժողով և հաստատի դրա կազմն ու գործունեության կանոնակարգը: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից:

7. Հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:

8. Հիվանդների հոսպիտալացման նպատակով հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով հերթագրման թերթիկ և կատարվում է գրառում անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում (ձև NN 1 և 2):

9. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել և ելնելով միայն հիվանդի վիճակից` հիվանդը կարող է արտահերթ հոսպիտալացվել` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:

10. Ելնելով հիվանդի վիճակից` արտահերթ հոսպիտալացման որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների մասնակցությամբ: Հանձնաժողովի որոշումը վավերացվում է առնվազն 3 բժիշկ - մասնագետի ստորագրությամբ` համապատասխան նշում կատարելով հերթագրման մատյանում:

11. Հերթագրված հիվանդների հոսպիտալացումը կատարվում է հիվանդանոցի հրավերի (գրավոր կամ հեռախոսակապով) հիման վրա:

12. Բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալացման հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների վերաբերյալ բնակչությանն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ` փակցնելով դրանք բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի վայրում:

13. Եռամսյակային բյուջեի սպառման ժամկետի մասին բնակչության իրազեկումը պարտադիր է, որի վերաբերյալ հայտարարությունը ստորագրվում և կնքվում է բուժհաստատության ղեկավարի կողմից և փակցվում բժշկական կազմակերպության ընդունարանում` դիմողների համար տեսանելի տեղում:

14. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս արտահերթ բուժօգնությունն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաստատված ընդհանուր հիմունքներով:

15. Բժշկական կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը սույն կարգի շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 Մ Ա Տ Յ Ա Ն

ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

NN
ը/կ
Ազգանունը, անունը,
հայրանունը
Բնակության
վայրը
Ախտորոշումը Ուղեգրող
բուժհաստատության
անվանումը
Դիմելու
ամսաթիվը
Նախատեսվող
ընդունման
ամսաթիվը
Այլ նշումներ
               
               
               
               
               

Ձև N 2

 

Բուժհաստատության անվանումը

_______________________________________________________

_______________________________________________________

 

Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

 

N _________________

Ամսաթիվը ______________________

Ազգանունը, անունը __________________________________________

Հասցեն __________________________________________________

Նախատեսվող ընդունման ամսաթիվը ________________________________

 

Հիվանդ կամ նրա հարազատ ___________________________

(ստորագրությունը)

Բժշկական հաստատության ղեկավար ___________________________

(ստորագրությունը)

  

 

 

 

 

Կ.Տ.

________________________________________________________

 

կտրման գիծը

________________________________________________________

 

Հիվանդին տրվող կտրոն            

Բուժհաստատության անվանումը

________________________________________________________

________________________________________________________

 

Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

 

N _________________

Ամսաթիվը ______________________

Ազգանունը, անունը ____________________________________________

Հասցեն ____________________________________________________

Նախատեսվող ընդունման ամսաթիվը __________________________________

 

Հիվանդ կամ նրա հարազատ ___________________________

(ստորագրությունը)

Բժշկական հաստատության ղեկավար ___________________________

(ստորագրությունը)

 


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 291-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և կանոնակարգվում են դրանց հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է առողջապահական կազմակերպություններում` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պատշաճ մակարդակով` կազմակերպման և բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով:

3. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված ֆինանսական ծավալների սահմաններում:

4. Բժշկական սարքավորումների անվանացանկը որոշվում է բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջների բավարարման սկզբունքով` սահմանափակ քանակով պարզ, մատչելի և համեմատաբար ոչ թանկարժեք բժշկական տեխնոլոգիաների միջոցով որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով:

5. Բժշկական սարքավորումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպություններին:

6. Առողջապահական կազմակերպությունը` տրամադրված բժշկական սարքավորումներով իրականացվող հետազոտությունները և բժշկական օգնությունը կազմակերպելիս առաջնահերթություն է տալիս պետական պատվերի շրջանակներում բուժվողներին:


II. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

7. Բժշկական սարքավորումների ձեռքբերման ու բաշխման գործընթացը կանոնակարգելու և արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծվում է կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման մշտական գործող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

8. Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) համատեղ հրամանով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

10. Հանձնաժողովն առողջապահական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի ուսումնասիրությունների և մասնագիտական (փորձագիտական) գնահատման հիման վրա առաջարկություն է ներկայացնում նախարարին`

ա) բժշկական սարքավորումների ձեռքբերման և բաշխման հեռանկարային ու միջին ժամկետ քաղաքականության հիմնական սկզբունքների և դրույթների մշակման ուղղությամբ.

բ) ամենամյա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայտում ընդգրկվող բժշկական սարքավորումների անվանացանկի ընտրության վերաբերյալ:

11. Հանձնաժողովը`

ա) տեղեկացնում է հանրապետության առողջապահական կազմակերպություններին կենտրոնացված կարգով ձեռք բերվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ` վերջիններիս կողմից հետագայում համապատասխան հայտեր ներկայացնելու նպատակով.

բ) ուսումնասիրում ու ամփոփում է առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը և եզրակացություն է տալիս հաջորդ տարվա նրանց համար առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ.

գ) քննարկում և ընդունում է վերջնական որոշում կենտրոնացված կարգով տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված բժշկական սարքավորումները (բժշկական սարքավորումների տեսակները և քանակը) առողջապահական կազմակերպություններին տրամադրելու ձևի մասին.

դ) պարբերաբար իրականացնում է դիտարկումներ կենտրոնացված կարգով ձեռք բերված և առողջապահական կազմակերպություններին տրամադրված բժշկական սարքավորումների նպատակային ու արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ե) քննարկում է կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման քաղաքականությունից և ռազմավարությունից բխող այլ հարցեր:

Հանձնաժողովը կազմակերպում է նիստեր, ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

12. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության, հրավիրվում են բժիշկ- մասնագետներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են` համապատասխան որոշում ընդունելու նպատակով:


III. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

14. Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը առողջապահական կազմակերպությունները, նախարարի կողմից սահմանված կարգին համապատասխան, նախարարին ներկայացնում են հայտ` հաջորդ տարվա իրենց համար առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ:

15. Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերն ուսումնասիրվում ու ամփոփվում են հանձնաժողովի կողմից:


IV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

16. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


V. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

17. ԿԵնտրոնացված կարգով ձեռք բերված բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է`

ա) այն առողջապահական կազմակերպություններին, որոնք իրականացնում են`

պետական նպատակային ծրագրերում ներառված բուժօգնության տեսակներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային ծրագրեր,

առողջապահական գերակա ուղղությունների զարգացման ծրագրեր,

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետի կողմից հաստատված համայնքային առողջապահական զարգացման ծրագրեր.

բ) Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, առողջապահական կազմակերպությունների տնօրենների (անկախ սեփականության ձևից) գրավոր առաջարկություններին.

գ) սահմանամերձ տարածաշրջաններում տեղակայված առողջապահական կազմակերպություններին:

18. Հանձնաժողովը քննարկում և առաջարկություն է ներկայացնում նախարարին կենտրոնացված կարգով տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված բժշկական սարքավորումների (ըստ առողջապահական կազմակերպությունների) բաշխման վերաբերյալ:

19. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և նախարարի համատեղ հրամանով (ըստ առողջապահական կազմակերպությունների) հաստատվում է հատկացվող բժշկական սարքավորումների ցանկը և հատկացման ձևը (ընդ որում, 100 տոկոս պետությանը պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող կազմակերպություններին հանձնվում է դրանց կանոնադրական կապիտալում բժշկական սարքավորումները սահմանված կարգով ներդնելու միջոցով, իսկ պետությանը պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) չունեցող կազմակերպություններին բժշկական սարքավորումները հանձնվում են վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման` 5 տարի ժամկետով, որից հետո այն կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օտարվել տվյալ առողջապահական կազմակերպությանը:

20. Բժշկական սարքավորումների օգտագործման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կողմերի իրավունքները, պարտավորությունները, պատասխանատվությունը, ծագած վեճերը և այլ հարաբերություններ կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան