Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2006-25.02.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.17/11(220) Հոդ.119
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.03.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006100


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 մարտի 2006 թ. 

թիվ 118-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 49-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման  կարգը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 12-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման  կարգը» հաստատելու մասին» թիվ 80 որոշումը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
    բանկի նախագահ
     

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 20
 Երևան

Հաստատված է

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 14-ի
թիվ 118-Ն որոշման


Կ Ա Ր Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ


 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից արտարժույթի և թանկարժեք մետաղների (բանկային ստանդարտացված ձուլակտորների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ՝ ՀՀ դրամ) հաշվարկային փոխարժեքների սահմանման մեխանիզմը:

2. Կենտրոնական բանկը ամեն օր հայտարարում է արտարժույթի նկատմամբ, բացի Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ ԱՄՀ) հատուկ փոխառության իրավունքներից (ՀՓԻ), ՀՀ դրամի հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքները, որոնք սահմանվում են ուղիղ գնանշման եղանակով՝ արտարժույթի 1, 10 կամ 10-ին պատիկ  միավորի գինը՝ արտահայտված ՀՀ դրամով:

3. Արտարժույթի նկատմամբ, բացի ԱՄՀ-ի հատուկ փոխառության իրավունքներից (ՀՓԻ), ՀՀ դրամի հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղների՝ ոսկու, արծաթի և պլատինի (բանկային ստանդարտացված ձուլակտորների) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

4. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանվում  է նախորդ օրը, մինչև ժամը 16.00-ը՝  ֆինանսական շուկայում ձևավորված միջին կշռված փոխարժեքի հիման վրա, որը  հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի ձև 19 հաշվետվությունների և Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ի ձև 1 հաշվետվության հիման վրա: ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանելիս հաշվի չեն առնվում ածանցյալ գործառնությունները:

5. Այլ արժույթների նկատմամբ, բացի ԱՄՀ-ի հատուկ փոխառության իրավունքներից (ՀՓԻ), ՀՀ դրամի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում են քրոս-փոխարժեքի միջոցով՝ հիմք ընդունելով «Ռոյթերս»  ինֆորմացիոն համակարգից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ համապատասխան արժույթների փոխարժեքները և ԱՄՆ դոլարի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքը: «Ռոյթերս»  ինֆորմացիոն  համակարգի խափանման դեպքում արժույթների նկատմամբ ՀՀ դրամի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում են՝ հիմք ընդունելով «Ինտերնետ» կամ «Բլումբերգ» տեղեկատվական համակարգերից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան արժույթների փոխարժեքները (http://www.ecb.int/http:www.ecb.int/) և ԱՄՆ դոլարի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքը: Ընդ որում, այն երկրներից, որտեղ գործում է պաշտոնական փոխարժեքի ինստիտուտը, վերցվում են այդ երկրների կենտրոնական (ազգային) բանկերի սահմանած պաշտոնական փոխարժեքները, իսկ այն երկրներից, որտեղ գործում է ընթացիկ փոխարժեքի հաստատագրումը (ֆիքսինգ)՝ բորսայական փոխարժեքը ժամը 16:00-ի դրությամբ:

6. ՀՓԻ/ՀՀ դրամ փոխարժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության ֆինանսական շուկայի վերլուծության և կարճաժամկետ ծրագրավորման բաժնի կողմից յուրաքանչյուր ամիս՝ հիմք ընդունելով ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար և ՀՓԻ/ԱՄՆ դոլար փոխարժեքները, ինչպես նաև ՀՓԻ-ով գործարք կատարելիս՝ հիմք ընդունելով ԱՄՀ-ից ստացված հաղորդագրությունները: ՀՓԻ/ՀՀ դրամ փոխարժեքը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

7. Ոսկու, արծաթի և պլատինի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները սահմանվում են՝ հիմք ընդունելով «Ռոյթերս» ինֆորմացիոն համակարգից ստացված Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցացիայի կողմից նախորդ օրվա ժամը 10:30-ի դրությամբ սահմանված փոխարժեքները:

8. Կենտրոնական բանկի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում և տրամադրվում են զանգվածային լրատվության միջոցներին նախորդ օրը՝ մինչև ժամը 17:55-ը:

9. Կենտրոնական բանկը, ելնելով դրամավարկային քաղաքականության խնդիրներից և շուկայում ձևավորված իրավիճակից, կարող է նույն օրվա ընթացքում սահմանել նոր հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքներ, որոնք ուժի մեջ են մտնում  հրապարակման պահից:

10. Կենտրոնական բանկի կողմից տեղեկատվական գործակալություններին և մամուլին տրամադրված հաշվարկային փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնական է և ունի իրավաբանական ուժ: