Գլխավոր տեղեկություն
Համար
N 2127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1585
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2127-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի
N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 1-ին կետով հաստատված ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ    

 Ա. Մարգարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 1-ի N 2127-Ն որոշման


   
Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայողի վերապատրաստում (որակավորում) (այսուհետ՝ վերապատրաստում) անցնելու կարգը և պայմանները:

2. Ոստիկանության ծառայողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում նրանց մասնագիտական վարպետության կատարելագործման, մշտական մարտական պատրաստվածության ու օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում:

3. Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:

4. Վերապատրաստման կազմակերպման մեթոդական ղեկավարումը և վերահսկումն իրականացվում են ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից:

5. Ոստիկանության ստորաբաժանումներում վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացնում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատը, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների կատարման անմիջական պատասխանատուն:

Այն ստորաբաժանումներում, որտեղ կադրային ապարատներ չկան, պատասխանատու է նշանակվում ոստիկանության ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության փորձառու ծառայող:

6. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է՝

ա) որակավորման ատեստատով, ինչը լրացվում է կադրային ապարատի ծառայողի կողմից և կցվում ծառայողի անձնական գործին: Որակավորման ատեստատի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը (այսուհետ` ոստիկանության պետ).

բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատի ծառայողի, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում՝ վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուի կողմից:

7. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ոստիկանության ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներն առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ: 

9. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջով ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողն անցնում է վերապատրաստում` 2 ամիս ժամկետով:

Ատեստավորման հանձնաժողովի կողմից «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով սահմանված որոշումն ընդունելու դեպքում ոստիկանության ծառայողն անցնում է վերապատրաստում` 3 ամիս ժամկետով:

10. Ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները՝ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:

 Ոստիկանության ծառայողի վերապատրաստման ուսումնական պլանները ոստիկանության կադրային ստորաբաժանման հետ համաձայնեցվելուց հետո հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից, իսկ ոստիկանության ծառայողների վերապատրաստման առարկայական ծրագրերը՝ ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

 Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումն իրականացվում է ոստիկանության պետի որոշմամբ:

11. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կադրային ապարատների ծառայողների, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուների կողմից կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների ցուցակները՝ համաձայնեցնելով ծառայողների ղեկավարների հետ:

 Ցուցակների հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացվում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտը:

Վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտերի հիման վրա ոստիկանության կադրային ստորաբաժանումն ուսումնական հաստատության հետ համատեղ, ըստ ծառայությունների և պաշտոնների, մշակում է վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլան-գրաֆիկներ, որոնք հրամանով հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից:

 Պլան-գրաֆիկով նախատեսվում են այն ուսումնական հաստատությունները, որտեղ անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սահմանվում ու վերապատրաստման ենթակա ծառայողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման ժամկետները:

12. Վերապատրաստում չեն անցնում`

 ա) այն ծառայողները, որոնք հեռակա ուսուցման ձևով սովորում են ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում.

 բ) այն ծառայողները, որոնց ոստիկանությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 3 տարվանից պակաս ժամանակ.

 գ) այն կին ծառայողները, որոնք ունեն մինչև 3 տարեկան երեխա:

13. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսուցման ավարտից հետո հաջողությամբ ստուգարքներ և քննություններ հանձնած ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի ձևը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով:

Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո վերապատրաստում անցած ծառայողի ստորաբաժանման ղեկավարին ոստիկանության ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են տեղեկություններ վերապատրաստում անցած ծառայողի հաճախումների և առաջադիմության վերաբերյալ:

Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով՝ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

Դասընթացների ընթացքում ցուցաբերած գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում ոստիկանության ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցող ոստիկանության կարիքավոր ծառայողներն ապահովվում են հանրակացարանով և սննդով:

14. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում ծառայության բնույթը փոխած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման շրջանավարտները պաշտոնի նշանակվելուց հետո տվյալ պաշտոնում իրենց գործառութային պարտականությունները հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:

15. Ստաժավորման տևողությունը 30 օր է:

16. Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում, անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել ոստիկանության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:

17. Ստաժավորումը կազմակերպում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են՝

ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանը և նշանակել ստաժավորման ղեկավար.

բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարի և ստաժավորվողի աշխատանքների նկատմամբ.

գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց.

դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:

18. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է՝

ա) ստաժավորվողի հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.

բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին.

գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.

դ) հետևել ստաժավորման պլանի կատարման ընթացքին.

ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.

զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:

19. Ստաժավորում անցնող ծառայողը պարտավոր է՝

ա) ստաժավորման ղեկավարի հետ միասին կազմել ստաժավորման անհատական պլան.

բ) սահմանված ժամկետում կատարել պլանով նախատեսված հանձնարարությունները.

գ) հաշվառել կատարված աշխատանքը.

դ) կազմել հաշվետվություն ստաժավորման արդյունքների մասին:

20. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական պատրաստվածությունը և որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, ոստիկանության ծառայողներն անցնում են ծառայողական և մարտական պատրաստականություն՝ որպես վերապատրաստման տեսակ:

21. Ծառայողական և մարտական պատրաստականությունը կազմակերպվում է ոստիկանության պետի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը և ժամերը:

22. Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, ինչպես նաև կրակային, շարային և տեխնիկական պատրաստականությանը, ռազմական տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ թեմաներ:

Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` մինչև 30 ծառայողներից` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայության առանձնահատկությունները և նշանակվում են խմբերի ղեկավարներ:

23. Ծառայողական և մարտական պատրաստականության ուսուցման տարեկան պլանները կազմվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից՝ հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը՝ ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից կազմված ուսուցման տիպային թեմատիկ պլանների հիման վրա:

24. Տարվա ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները՝ հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:

Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների արդյունքներն ամփոփվում են տարվա վերջում՝ դիֆերենցված ստուգարքների ընդունմամբ:

25. Ոստիկանության ծառայողների ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից, որը տեղերում ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն՝ դրանք արդյունավետ կազմակերպելու համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան