«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2353-Ն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգը:
2. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդումն իրականացվում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, ուսումնական պլաններին, ծրագրերին, սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև սույն կարգին համապատասխան:
3. 2007/2008 ուսումնական տարվանից հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ժամաքանակի ավելացումը նախատեսվում է իրականացնել միջնակարգ հանրակրթական դպրոցի տիպային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական պարտադիր ժամաքանակների սահմաններում:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներն ուսումնական տարվա սկզբին պետք է ենթարկվեն բժշկական զննման և դրա արդյունքով բաժանվեն հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների:
Աշակերտների բժշկական զննումն անցկացնում են տարածքային պոլիկլինիկաների բժիշկները:
5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
6. Հատուկ խմբերում ընդգրկված աշակերտների հետ պարապմունքներն անցկացնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` հատուկ ծրագրով:
7. Ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսումնական նյութի բովանդակության ուսուցման և դաստիարակության մեթոդների ընտրությունն անմիջականորեն պայմանավորվում է ֆիզիկական կուլտուրայի ժամերին առաջադրվող խնդիրներով, սովորողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակով և պարապմունքների անցկացման պայմաններով:
8. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից առաջադիմության գնահատման հիմնական խնդիրը սովորողների համար համապատասխան կանոնակարգով նախատեսված գիտելիքների շարժողական ունակությունների և հմտությունների յուրացման աստիճանի պարզումն է:
9. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի որակյալ դասավանդման համար նյութատեխնիկական բազան ապահովում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, այլ շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման այլ մարմիններ, որոնց ենթակայությամբ գործում են ուսումնական հաստատությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |