Գլխավոր տեղեկություն
Համար
N 2309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2006-09.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.08/48(347) Հոդ.163
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2014

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2309-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 383-Ն, ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 634-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում «վերակազմակերպելու» և «վերակազմակերպել» բառերից հետո, ինչպես նաև որոշման 2-րդ կետում և NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով.

բ) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում «Արտակարգ իրավիճակների վարչություն (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով.

գ) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում, 9-րդ կետի երկրորդ պարբերությունում, 11-րդ կետի «ե» ենթակետում և 15-րդ կետում «վարչություն» բառերը փոխարինել «ծառայություն» բառերով.

դ) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում, 11-րդ կետի «դ» և «ը» ենթակետերում, 12-րդ կետում «վարչության պետի» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «ծառայության տնօրենի» բառերով և դրա հոլովաձևերով.

ե) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերում «վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին» բառերը փոխարինել «ծառայության տնօրենին կամ ծառայության աշխատակազմի ղեկավարին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ բաժնում «Արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1 - 3-րդ կետերում և որոշմամբ հաստատված N 2 հավելվածի վերնագրում «Արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 11
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 22-ի-ի N 2309-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետ` նախարարություն) կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Ծառայության լիազորությունները սահմանվում են «Հայաստանի փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ծառայության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Ծառայությունը կազմված է ծառայության տնօրենից, ծառայության տնօրենի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, ռեֆերենտներից, ծառայության աշխատակազմից, տարածքային և այլ ստորաբաժանումներից: Ծառայության համակարգում ընդգրկվում են նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

6. Ծառայության նպատակները և խնդիրներն են`

ա) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը և պահպանումը.

բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

գ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

դ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը, վերահսկումը և այդ հարցերով իրազեկման ապահովումը.

ե) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումն ու դրանց կատարման ապահովումը.

զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

է) բնակչության ուսուցման կազմակերպումը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.

ը) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և պետական հրդեհային հսկողության իրականացումը.

թ) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ժ) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը.

ժա) օրենքով սահմանված այլ լիազորություններ:


II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իր իրավասության սահմաններում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում, շահագրգիռ պետական կառավարման այլ մարմինների հետ համաձայնեցում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելու նպատակով.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի համակարգման կազմակերպում.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում՝ ըստ փոխգործողությունների պլանների.

ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում ու այդ նպատակով հատկացված նյութական և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման կազմակերպում.

զ) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում և համակարգում.

 է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.

ը) կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ստորաբաժանումների ստեղծում` կազմակերպությունների ներկայացմամբ և դրանց համալրման նորմատիվների հաստատում.

թ) իր իրավասության սահմաններում` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

ժ) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակման մասնակցություն.

ժա) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

ժբ) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

ժգ) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորում.

ժդ) բնակչության ուսուցման կազմակերպում` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.

ժե) իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպում.

ժզ) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և դրանք նախարարին ներկայացնելը.

ժէ) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ժը) օբյեկտների, այդ թվում` շենքերի, շինությունների, նախագծման և շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.

ժթ) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.

ի) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն.

իա) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.

իբ) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

իգ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.

իդ) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.

իե) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.

իզ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.

իէ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.

իը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացում.

իթ) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով.

լ) կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում.

լա) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում և օգտագործում.

լբ) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Ծառայությունը կառավարում է ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի ներկայացմամբ: Ծառայության տնօրենն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` ծառայության տնօրենի ներկայացմամբ: Ծառայության տնօրենն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների իրականացման համար:

Ծառայության տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

9. Ծառայության տնօրենն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

10. Ծառայության տնօրենը հաշվետու է նախարարին:

11. Ծառայության տնօրենը`

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է ծառայության գործունեությունը, պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախարարի միջոցով.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) ընդունում և հաստատում է փրկարարական ծառայության պաշտոնահաստիքային ցուցակը, ինչպես նաև իրականացնում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթներ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության քաղաքացիական և այլ ծառայությունների ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

է) ծառայության համակարգի ծառայողներին ներկայացնում է պետական պարգևների.

ը) ծառայության համակարգում, մինչև «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայության անցումը, զինվորական ծառայության կազմակերպման գործում օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից.

թ) ծառայության համակարգում, մինչև օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության ներդրումը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության աշխատակազմի ղեկավարին և այլ աշխատողներին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է ծառայության աշխատակազմի կառուցվածքային ու այլ ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ժա) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժբ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, ծառայության աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժգ) լսում և նախարարին է ներկայացնում ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժդ) հսկողություն է իրականացնում ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժե) նախարարին է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժզ) նախարարին է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.

ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժը) օրենքով սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է ծառայության կազմի մեջ մտնող ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է ծառայության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.

ժթ) արձակում է հրամաններ, հաստատում է կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր ու ստուգում է դրանց կատարումը.

ի) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Ծառայության տնօրենի բացակայության դեպքում, նրա ներկայացմամբ և նախարարի հրամանով, ծառայության տնօրենի պարտականությունները կատարում է ծառայության տնօրենի տեղակալներից մեկը:

13. Ծառայության տնօրենի տեղակալը`

ա) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները` ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) ծառայության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար ծառայության տնօրենին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության տնօրենի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության ղեկավարին.

ժ) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

14. Ծառայության տնօրենն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:


IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

15. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը ծառայությանը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին ու տեսչություններին) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է:

16. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

17. Ծառայության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

18. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Ծառայության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

20. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

21. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

22. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

23. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

24. Ծառայության աշխատակազմի անվանումն է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

25. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պուշկինի 25:


V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից ծառայության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և ծառայության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու ծառայության աշխատակազմի գույքը:

28. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:


VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


29. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն), առանձնացված (գործակալություններ, տեսչություններ) ստորաբաժանումներ, ջոկատներ և այլ ստորաբաժանումներ:

30. Ծառայության աշխատակազմի խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ծառայության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

31. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը, կանոնադրությունները հաստատում է ծառայության տնօրենը:

32. Ծառայության տնօրենը նախարարին է ներկայացնում աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելու նպատակով:

33. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, ստուգումներ և վերահսկողություն իրականացնող, պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ են:

34. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև ծառայության առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ծառայության ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:


VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ


37. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը և ծառայության տնօրենը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է ծառայության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության տնօրենի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և ծառայության տնօրենի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, ծառայության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` ծառայության տնօրենի հրամանով:

43. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) ծառայության տնօրենի սահմանած կարգով նրա ստորագրությանն է ներկայացնում ծառայության տնօրենի հրամանները, ինչպես նաև այլ ակտեր.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է ծառայությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:

44. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:


VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Ծառայության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

46. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


IX. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

47. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան