Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2000-12.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.09/16(58)
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.08.2000
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2000 թ.

N 9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի գ) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2000 թ. օգոստոսի 15-ի թիվ 9 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնադրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման հարաբերություններում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության խնդիրների լուծմանն ուղղված ինստիտուցիոնալ, սուբորդինացիոն և կոորդինացիոն գործառույթների իրականացման կարգը, ինչպես նաև Ծառայության ղեկավար մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները:

1.2. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:

Պետական վիճակագրությունն իրականացվում է Ծառայության և նրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կողմից:

Ծառայությունն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ծառայության և նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը ՀՀ վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ Խորհուրդ), որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը:

1.3. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության հիմնարկի կարգավիճակ: Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է օրենքով: Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.4. Ծառայության կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրն է` ք. Երևան, Հանրապետության պողոտա, կառավարական տուն 3:

1.5. Ծառայության կրճատ անվանումն է`

հայերեն` ՀԱՅՎԻՃ և (կամ) ԱՎԾ (ՀՀ ԱՎԾ)

ռուսերեն` APMCTAT և (կամ) HCC (HCC PA)

անգլերեն` ARMSTAT և (կամ) NSS (NSS RA)

1.6. Ծառայության խորհրդանշանը հետևյալն է`

Ներմուծեք նկարագրությունը_18743

1.7. Խորհրդանշանն իրենից ներկայացնում է կենտրոնում սպիտակ, բաց կապույտ ֆոնով և աջ վերնամասում ստվեր պարունակող ուղղանկյուն պատկեր: Խորհրդանշանի մեջ գրաֆիկական սև գծապատկերով արտացոլված է Արարատ լեռը, որի ձախ և աջ մասերում սև տառերով արտացոլված են հայերեն ՀՎ և անգլերեն SA տառերը, որոնք արտահայտում են «Հայաստանի վիճակագրություն» և «Statistics Armenia» բառերի հապավումները:

 

2. Ծառայության հիմնական խնդիրները

 

2.1. Տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, պետական հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը:

2.2. Միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը:

2.3. Պետական վիճակագրական ռեգիստրի վարումը:

2.4. Վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը:

2.5. Վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը:

2.6. Միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն աջակցությունը:

2.7. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մարդահամարների անցկացումը:

 

3. Ծառայության հիմնական գործառույթները

 

3.1. Կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով (այսուհետ` Ծրագիր) սահմանված կարգով:

3.2. Համատարած հաշվառմամբ, ընտրանքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև հավաքագրված (այդ թվում վարչական ռեգիստրներից ստացված) տվյալների օգտագործմամբ, Խորհրդի կողմից սահմանված մեթոդների, ընտրանքի և անցկացման կարգին համապատասխան իրականացնում է դիտարկումներ:

Խորհրդի կողմից սահմանված ձևի փաստաթղթերի միջոցով հավաքագրում է վիճակագրական տեղեկատվություն:

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է մարդահամարներ:

3.3. Վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ներքին ռեգիստրներ:

3.4. Ստեղծում և վարում է բիզնես (ձեռնարկատիրական)-ռեգիստր:

3.5. Ստանում, մշակում, ամփոփում և հրապարակում է Ծրագրին համապատասխան հավաքագրված վարչական տեղեկատվությունը:

3.6. Ստանում է հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3.7. Պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանում է անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում քաղաքացիներից նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաև տնային տնտեսությունների վերաբերյալ:

3.8. Պատրաստում և ներկայացնում է համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա:

3.9. Պարզաբանում է վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման և մեկնաբանման դեպքերը:

3.10. Ներդնում է վիճակագրական տեղեկություններ ստանալու համար Խորհրդի կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը:

3.11. Սահմանված կարգով իրականացնում է ստուգումներ, խախտումների հայտնաբերման դեպքում դրանց վերացման նպատակով տալիս անհրաժեշտ հրահանգներ և կատարում համապատասխան ուղղումներ սկզբնական և ամփոփ վիճակագրական տվյալներում:

3.12. Ծրագրից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցում է վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական և ծառայության խնդիրներից բխող այլ ծառայություններ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3.13. Կնքում է համագործակցության պայմանագրեր այլ պետությունների վիճակագրություն իրականացնող մարմինների և միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3.14. Այլ մարմինների հետ համատեղ աշխատանքներ է կատարում հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան ազգային հաշիվների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ` վիճակագրական արժեմեծությունների համապատասխանությունն ու համադրելիությունն ապահովելու նպատակով:

3.15. Ապահովում է պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը:

 

4. Ծառայության լիազորությունները

 

4.1. Ծառայությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

ա) Հայաստանի Հանրապետության անունից ձեռք է բերում և իրականացնում է գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող.

բ) Հայաստանի Հանրապետության անունից տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված պետական գույքը.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան վիճակագրության ոլորտում, մշակում է առաջարկություններ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանց նախագծերը ներկայացնում է Խորհրդին.

դ) սահմանված կարգով մասնակցում է Ծառայության լիազորությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում պայմանագրեր, համաձայնագրեր և օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.

ե) Ծառայության ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքի հիման վրա, բացառությամբ Խորհրդի լիազորություններին վերապահված հարցերից.

զ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է Ծառայության տարածքային և գործառնական ստորաբաժանումների տնօրինությանը հանձնված գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության տալու համար.

է) համակարգում է համակարգի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ը) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է համագործակցություն վիճակագրության բնագավառում.

թ) դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում տասնհինգ օրվա ընթացքում կատարում է գրավոր նախազգուշացում: Սահմանված ժամկետից հաշվետվությունները մեկ ամսից ավելի ուշացնելու և գրավոր նախազգուշացման ներկայացումից տասնհինգ օրվա ընթացքում հաշվետվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողներին օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պատասխանատվության.

ժ) անցկացնում է փորձաքննություն վիճակագրության և հաշվառման հարցերի վերաբերյալ.

ժա) խնդիրներից բխող սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացման նպատակով իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

5. Ծառայության պարտականությունները

 

5.1. Խորհրդի կողմից սահմանված կարգով ապահովում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պատշաճ պահպանումը:

5.2. Ապահովում է վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալների առանց դրանք ներկայացնողի համաձայնության չտարածելու մեխանիզմի աշխատանքը:

5.3. Իրավաբանական անձի, պետական հիմնարկի և ֆիզիկական անձի դիմումով տրամադրում է տվյալների բանկում գտնվող նրանց վերաբերյալ տեղեկություններ:

5.4. Անվճար ապահովում է պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական հաշվետվությունների ձևերով և հրահանգներով, նրանց տեղյակ է պահում վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և ներկայացվող պահանջների մասին:

 

6. Ծառայության կառավարումը եվ աշխատանքների կազմակերպումը

 

6.1. ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը

 

6.1.1. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից: Խորհրդի անդամները պաշտոնի նշանակվում և ազատվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով:

6.1.2. Խորհուրդը`

ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագրի նախագիծը.

բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում.

գ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.

դ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.

ե) սահմանում է Ծրագրի հիման վրա իրականացվող դիտարկումների մեթոդները, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքը և անցկացման կարգը.

զ) սահմանում է Ծրագրով նախատեսված դիտարկումների անցկացման համար տեղեկությունների հավաքագրման ներկայացման կարգը.

է) սահմանում է Ծրագրով նախատեսված վարչական տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը.

ը) սահմանում է Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար պետական վիճակագրական տեղեկությունների հավաքագրման (տրամադրման) վիճակագրական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները, ինչպես նաև ընդունում վիճակագրության բնագավառի այլ իրավական ակտեր օրենքով նախատեսված դեպքերում.

թ) հաստատում է դիտարկումների վերաբերյալ այլ փաստաթղթերի և տեղեկանքների տեսակներ.

ժ) սահմանում է բիզնես ռեգիստրի վարման համար անհրաժեշտ այլ լրացուցիչ ցուցանիշների ցանկը.

ժա) հաստատում է Խորհրդի աշխատակարգը.

ժբ) Ծառայության նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է Ծառայության նախագահի տեղակալներին.

ժգ) հաստատում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման կարգը.

ժդ) սահմանում է վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերը.

ժե) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

6.1.3. Առանձին գործառնությունների իրականացման համար ստեղծում է գործառնական ստորաբաժանումներ և առանձին գործառնական լիազորություններ է վերապահում Ծառայության տարածքային ստորաբաժանումներին:

6.1.4. Հանրության հետ փոխադարձ կապի սերտացման, վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի առավել ընդգրկուն ուսումնասիրման, գիտա-մեթոդաբանական, կազմակերպչական և այլ հարցերի լուծման ժամանակ հանրային կարծիքի հաշվառման գործընթացը կարգավորելու նպատակով կարող է ստեղծել հասարակական հիմունքներով գործող գիտա-մեթոդաբանական խորհուրդ, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Խորհրդի կողմից:

6.1.5. Խորհրդի անդամների միջև ֆունկցիոնալ պարտականությունները բաշխվում են ըստ հետևյալ բնագավառների

ժողովրդագրություն, սոցիոլոգիա և հասարակական գործունեություն,

տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում,

ֆինանսավարկային և բանկային գործունեություն, բնապահպանություն,

ձեռնարկատիրական գործունեության կառավարում,

տեղեկատվական տեխնոլոգիաներ:

6.1.6. Խորհրդի անդամը`

ա) Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ Խորհրդի նիստի հրավիրման և դրա օրակարգի նախագծերի վերաբերյալ.

բ) համակարգում է գործունեության իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները վիճակագրական գործառույթների գծով և պատասխանատվություն է կրում Խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար.

գ) կարող է հանձնարարականներ տալ իրեն ենթակա գործունեության կոնկրետ ոլորտի մեջ ներառվող կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև իրեն վերապահված գործառութային պարտականությունների գծով` այլ ստորաբաժանումներին.

դ) իրականացնում է Խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

6.2. Ծառայության նախագահը

 

6.2.1. Ծառայության նախագահը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 6 տարի ժամկետով:

Ծառայության նախագահը միաժամանակ հանդիսանում է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի նախագահը:

6.2.3. Ծառայության նախագահը`

ա) կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը.

բ) ներկայացնում է Ծառայությունը ներքին և արտաքին հարաբերություններում.

գ) ղեկավարում է Ծառայության ընթացիկ գործունեությունը.

դ) նշանակում և ազատում է Ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարներին.

ե) սահմանում է իր տեղակալի, Ծառայության տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունը.

զ) Ծառայության անունից կնքում է պայմանագրեր.

է) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ծառայության, նրա գործառնական ու տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.

ը) ստեղծում է ժամանակավոր և մշտական գործող աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ` սահմանելով դրանց գործառույթները.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում Ծառայության կենտրոնական ապարատի աշխատողների, գործառնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի այլ աշխատողների, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների իրականացման գործում էական մասնակցություն ցուցաբերած այլ մասնագետների նկատմամբ` խորհրդակցելով համապատասխան ստորաբաժանման գործունեությունը համակարգող Խորհրդի անդամի, իր տեղակալի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ.

ժա) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.

ժբ) ստորագրում է Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.

ժգ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

6.2.4. Ծառայության նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարը վարչատնտեսական գործառույթների մասով, իսկ Խորհրդի աշխատանքների գծով Խորհրդի նախագահի կարգադրությամբ` Խորհրդի անդամներից մեկը:

 

6.3. Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարը

 

6.3.1. Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարը նշանակվում և ազատվում է Խորհրդի կողմից Ծառայության նախագահի ներկայացմամբ:

6.3.2. Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարը`

ա) վարչատնտեսական գործառույթների մասով կազմակերպում է Ծառայության գործունեությունը և ղեկավարում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) իր լիազորությունների շրջանակում առաջարկություններ է ներկայացնում Նախագահին Ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և գործառնական ստորաբաժանումների պետերին պաշտոնից ազատման վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերի առկայության պայմաններում.

գ) տալիս է հրահանգներ, ցուցումներ վարչատնտեսական գործառույթների մասով.

դ) Նախագահի հրամանով տնօրինում է Ծառայության տնօրինության տակ գտնվող պետական գույքը, ներառյալ գույքի օտարման կամ վարձակալության տալու հարցերը.

ե) սահմանված կարգով վերահսկում է բյուջետային և օրենքով սահմանված այլ միջոցների ծախսերը.

զ) կազմակերպում է Ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքները.

է) համակարգում է Ծառայության կենտրոնական ապարատի տնտեսական, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, նյութատեխնիկական բազայի զարգացման և աշխատանքների կատարման ընթացքի վերահսկողության աշխատանքները, ինչպես նաև այդ առումով վերահսկում է Ծառայության տարածքային և գործառնական ստորաբաժանումների աշխատանքային գործունեությունը.

ը) իրականացնում է հսկողություն աշխատանքների ընթացքի նկատմամբ.

թ) իր լիազորությունների շրջանակում ապահովում է կապը պետական կառավարման այլ մարմինների հետ.

ժ) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժա) Ծառայության նախագահին առաջարկություններ է ներկայացնում Ծառայության կենտրոնական ապարատի աշխատողների, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական ներգործության միջոցների կիրառման հարցում.

ժբ) իրականացնում է Ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքների կատարման համար նորմատիվա-տեխնիկական հիմքի ապահովման կազմակերպումը.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) ապահովում է փաստաթղթերի արխիվացման կազմակերպումը:

6.3.3. Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի մոտ է գտնվում Ծառայության կնիքը:

 

6.4. Ծառայության նախագահի աշխատակազմի ղեկավարը

 

6.4.1. Ծառայության նախագահի աշխատակազմի ղեկավարը պաշտոնի նշանակվում և ազատվում է Նախագահի կողմից, գործում է Նախագահի անմիջական ենթակայությամբ, հաշվետու և պատասխանատու է նրան:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը`

ա) ղեկավարում և կազմակերպում է Նախագահի աշխատակազմի գործունեությունը.

բ) ուսումնասիրում և Նախագահին է զեկուցում Ծառայությանը հասցեագրված թղթակցությունը.

գ) հսկողություն է իրականացնում Նախագահի հրամանների հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ.

դ) կազմակերպում է Նախագահի մոտ հրավիրվող խորհրդակցությունները և դրանց անցկացումը.

ե) մասնակցում է Նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին և ստորագրում է խորհրդակցությունների արձանագրությունները.

զ) ապահովում է հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի կազմակերպումը.

է) ապահովում է համակարգի գործավարությունը.

ը) կազմակերպում է համակարգի աշխատողների որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ստուգման աշխատանքներ.

թ) ուսումնասիրում և Նախագահին զեկուցում է Ծառայության գործունեության վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը.

ժ) Նախագահի հանձնարարությամբ Ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և գործառնական ստորաբաժանումներին է փոխանցում նրա հանձնարարականները և պարբերաբար զեկուցում է Նախագահին դրանց կատարման վերաբերյալ.

ժա) կազմակերպում է Նախագահի մոտ քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկումը` այդ մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնելով Նախագահին.

ժբ) կազմակերպում է նախագահի մամլո ասուլիսներ.

ժգ) համակարգում է գրադարանի աշխատանքները.

ժդ) իրականացնում է իր իրավասություններից բխող այլ լիազորություններ:

 

6.5. Վարչության պետը

 

6.5.1. Վարչության պետը նշանակվում է նախագահի կողմից` Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ և Խորհրդի համապատասխան անդամի համաձայնությամբ:

6.5.2. Վարչության պետը կարող է ունենալ տեղակալ:

6.5.3. Վարչության պետի բացակայության դեպքում կամ նրա կողմից իր պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա պարտականությունները կատարում է նրա տեղակալը (կամ տվյալ վարչության բաժիններից մեկի պետը):

6.5.4. Վարչության պետը պատասխանատու է վարչության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և կոորդինացնելու, վարչության բաժինների գործունեության և հանձնարարված աշխատանքների կատարման համար:

6.5.5. Վարչության պետը`

ա) կազմակերպում է վարչության բաժինների, ինչպես նաև առանձին աշխատակիցների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը.

բ) հանձնարարականներ է տալիս վարչության բաժնի պետերին և աշխատակիցներին.

գ) միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու, վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման ուղղությամբ:

 

6.6. Բաժնի պետը

 

6.6.1. Բաժնի պետը նշանակվում է նախագահի կողմից Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ և Խորհրդի համապատասխան անդամի համաձայնությամբ:

Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայության բաժնի պետը նշանակվում է Նախագահի կողմից` Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Ծառայության նախագահի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայության բաժնի պետը նշանակվում է Նախագահի կողմից` Ծառայության նախագահի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Ամփոփ վիճակագրության, հրատարակությունների և մարկետինգի ու Միջազգային վիճակագրական համագործակցության բաժինների պետերն անմիջականորեն նշանակվում են Նախագահի կողմից:

6.6.2. Բաժնի պետը`

ա) պատասխանատու է բաժնի գործունեության համար.

բ) կազմակերպում է բաժնի աշխատակիցների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը.

գ) հանձնարարականներ է տալիս բաժնի աշխատակիցներին.

դ) միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու, վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման ուղղությամբ:

 

6.7. Ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքը

 

6.7.1. Ծառայության կենտրոնական ապարատի վարչությունները և բաժինները (բացառությամբ վարչության կազմում գտնվող բաժինների) գործում են Խորհրդի կողմից հաստատված դրույթներին համապատասխան:

6.7.2. Ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատվում է Խորհրդի կողմից որպես սույն կանոնադրության բաղկացուցիչ մաս ըստ վիճակագրական և վարչատնտեսական գործառույթների նկարագրերի (հավելվածը կցվում է):

6.7.3. Կառուցվածքը հետևյալն է`

 

1. Նախագահի աշխատակազմ

2. Մարդահամարի վարչություն*

3. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն

4. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին

5. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին

6. Զբաղվածության և աշխատանքի վարձատրության բաժին

7. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին

8. Գների և միջազգային համադրումների բաժին

9. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության բաժին

10. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին

11. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին

12. Ֆինանսների և դրամաշրջանառության բաժին

13. Արդյունաբերության բաժին

14. Շինարարության բաժին

15. Գյուղատնտեսության բաժին

16. Տրանսպորտի և կապի ծառայությունների բաժին

17. Առևտրի և այլ ծառայությունների բաժին

18. Բիզնես ռեգիստրի բաժին

19. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին

20. Ամփոփ վիճակագրության, հրատարակությունների և մարկետինգի բաժին

21. Տպագրա-կազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին

22. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին

23. Ֆինանսահաշվային բաժին

24. Տնտեսական բաժին

25. Տարածքային ստորաբաժանումների կողմից տեղեկատվության հավաքագրման գործընթացի ֆինանսատնտեսական պլանավորման և կոորդինացման բաժին

26. Կադրերի բաժին

27. Առաջին բաժին

28. Ընդհանուր բաժին

 

* ՀՀ 2001 թվականի մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո ենթակա է լուծարման:

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2000 թ. օգոստոսի 15-ի N 9 որոշմամբ

 

111ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐՈՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_18750

 

Ծանոթություն: 1  սլաքային գծապատկերներն արտացոլում են Խորհրդի համապատասխան անդամի կողմից իր գործառութային մասնագիտացման գծով համակարգման ենթակա ստորաբաժանումները, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ ավծ կենտրոնական ապարատի կառուցվածքը վիճակագրական գործառույթների նկարագրով:

2 վիճակագրության պետական խորհրդից զատ սխեմատիկ պատկերում հոծ գծերով ներկայացված մասն արտացոլում է ՀՀ ավծ կենտրոնական ապարատի կառուցվածքը` վարչատնտեսական գործառույթների նկարագրով:

* Համակարգում է ՀՀ վարչատարածքային բաժանմանը և այլ տարածքային կտրվածքներին համապատասխան տնային տնտեսությունների հետազոտությունները, այլ վիճակագրությունների վարչատարածքային կտրվածքով ամփոփումների, ինչպես նաև տարածքային կտրվածքով վարչական վիճակագրություն իրականացնող ռեգիստրների հետ աշխատանքները: 

** Համակարգում է նաև մարդահամարի վարչության մեքենայական ծրագրերի և տեխնոլոգիաների բաժնի գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների գործառույթի մասով:

*** Համակարգում է նաև վիճակագրական դասակարգիչների մշակման մեթոդաբանության աշխատանքները:

****  Համակարգում է վիճակագրություն վարող ստորաբաժանումների բնապահպանության վիճակագրության աշխատանքները, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառը համակարգող Խորհրդի անդամի հետ համատեղ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

11 հոկտեմբերի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000118