Գլխավոր տեղեկություն
Համար
N 2085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2006-25.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1569
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 2085-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բնապահպանական պետական տեսուչի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) բնապահպանական պետական տեսչության կին և տղամարդ տեսուչների համազգեստների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.

դ) բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. դեկտեմբերի 5
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 


ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Սույն իրավական ակտով սահմանվում են բնապահպանական պետական տեսչության տղամարդ և կին պետական տեսուչների ամառային և ձմեռային համազգեստների նկարագրերը:


1. Բնապահպանական պետական տեսչության տղամարդ տեսուչի ձմեռային համազգեստը`


ա) գլխարկ` ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (N 3 հավելված, նկար N 1),

բ) կիսավերարկու` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 1),

գ) տաբատ` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 հավելված, նկար N 1),

դ) վերնաշապիկ` երկարաթև` բաց կանաչավուն գույնի բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար, ուղիղ թևքածալերով (N 3 հավելված, նկար N 1),

ե) բաճկոն` կանաչավուն գույնի բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետծալված օձիքով: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ՝ կափույրներով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 հավելված, նկար N 1),

զ) ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները ռելիեֆային, կոճկվում է շղթայով (N 3 հավելված, նկար N 1)։

2. Բնապահպանական պետական տեսչության տղամարդ տեսուչի ամառային համազգեստը`

ա) գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (N 3 հավելված, նկար N 2),

բ) տաբատ` գարնանային` կանաչ բամբակյա կտորից` ուղիղ ուրվագծով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 հավելված, նկար N 2),

գ) վերնաշապիկ` կարճաթև` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ, ուղիղ թևքածալով (N 3 հավելված, նկար N 2),

դ) բաճկոն` գարնանային-աշնանային` կանաչ գույնի բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը՝ ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում՝ վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 հավելված, նկար N 2),

ե) ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (N 3 հավելված, նկար N 2)։

3. Բնապահպանական պետական տեսչության կին տեսուչի ձմեռային համազգեստը`

ա) գլխարկ` ականջակալներով, ձմեռային` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (N 3 հավելված, նկար N 3),

բ) կիսավերարկու` ձմեռային` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսից, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 3),

գ) կիսաշրջազգեստ` բրդյա, ամենօրյա` կանաչավուն գույնի, ուղիղ կտրվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում՝ կափույրով ճեղքվածքով: Աստառը` մետաքսից: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (N 3 հավելված, նկար N 3),

դ) բաճկոն` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 հավելված, նկար N 3),

ե) վերնաշապիկ` երկարաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 3 հավելված, նկար N 3),

զ) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 5,5 սմ բարձրության: Լեզվակը միացված է առաջամասին (N 3 հավելված, նկար N 3)։


4. Բնապահպանական պետական տեսչության կին տեսուչի ամառային համազգեստը`


ա) բաճկոն` սինթետիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն իրավական ակտի 3-րդ կետի «դ» ենթակետում նկարագրված բրդյա բաճկոնին (N 3 հավելված, նկար N 4),

բ) կիսաշրջազգեստ` բամբակյա, ամենօրյա` մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 3 հավելված, նկար N 4),

գ) վերնաշապիկ` կարճաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում՝ սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 3 հավելված, նկար N 4),

դ) կոշիկ` սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով (N 3 հավելված, նկար N 4)։


5. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ամառային համազգեստը`


դաշտային կոստյում` բամբակյա մուգ կանաչ գույնի գործվածքից, տրիկոտաժե կիսաթև շապիկով, կեպիով (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

ա) բաճկոն` բամբակյա մուգ կանաչ գույնի կտորից, միափեշ, հետծալված օձիքով, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին՝ 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

բ) տաբատ` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

դ) կեպի` բամբակյա գործվածքից, ճակատային մասի կենտրոնում ամրացված է գլխարկանշանը (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

ե) կիսաճտքավոր կոշիկ` կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բյազ կամ համանման կտոր, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային:


6. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ձմեռային համազգեստը`


դաշտային կոստյում` բրդյա մուգ կանաչ գույնի գործվածքից, գլխարկով (ականջակալներով) (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

ա) բաճկոն` մուգ կանաչ գույնի բրդյա կտորից, միափեշ, տաք ներդիրով, աստառը` մետաքսյա, հետծալված օձիք, հանովի` ոչխարի մորթուց վրադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

բ) տաբատ` ուղիղ կարվածքով` տաք միջադիրով, 2 կողային գրպանով, իսկ առջևի մասում տեղադրված է շղթա (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

դ) գլխարկ` ականջակալներով, ձմեռային, մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշանը (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

ե) կիսաճտքավոր կոշիկ` երեսացուն կարված է սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7)։

7. Բնապահպանական պետական տեսուչի գլխարկանշանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի և բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման N 2 հավելվածում նկարագրված խորհրդանիշն է` 2,25 անգամ փոքրացված չափսերով:

8. Բնապահպանական պետական տեսուչները համազգեստը կրում են բնապահպանական պետական տեսչության տարբերանշանով: Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը բնապահպանական պետական տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
  Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի ձախ թևքին, ինչպես նաև նույն տարբերանշանի փոքր` 40-29 մմ չափսի գլխարկանշանը` գլխարկի առաջնային մասի կենտրոնում (N 4 հավելված, նկարներ NN 5 և 6),

Տարբերանշանի կենտրոնում` երկրագնդի քարտեզի ուրվագծի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` տերևի տեսքով: Տերևի վրա Հայաստանի Հանրապետության ոսկեդեղնավուն քարտեզն է` Սևանա լճի երկնագույն, ընդգծված պատկերով: Երկրագնդի շրջանակի գույնը վերևից երկնքի կապույտից ներքևում փոխվում է կանաչի: Շրջանակը ներառված է կապույտ` շեղակի մգացված շերտերով վահանի մեջ: Երկրագնդի շրջանակի վերևի աջ անկյունում արեգակի պատկերն է` լուսափնջերով, որոնք շարունակվում են մինչև վահանի վերևի ծայրերը: Վահանի եզրագծում 10 մմ ոսկեգույն տառերով գրված է «ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», իսկ երկրագնդի ուրվագծի ներքևի մասում՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Երկրագնդի պատկերը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների փոխկապվածությունը Երկրագնդի գլոբալ հիմնախնդիրների հետ: Վահանը խորհրդանշում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

 

            

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման


  


Ձև

Էջ 1, 2


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման


Ձև

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան



Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան