Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 փետրվարի 2000 թվականի

թիվ 19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅՑԸ ԿԱՄ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 Ուսումնասիրելով հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկան, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 և 104 հոդվածների տարակարծիք մեկնաբանումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի պահանջներով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.

 1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու ինստիտուտը գործի վարույթը ավարտելու ձևերից մեկն է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 հոդվածում տրված է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերի սպառիչ ցանկը, որը դատարանների կողմից չի կարող տարածական մեկնաբանության ենթարկվել:

 Ի տարբերություն մյուս ձևերի` վճիռ կայացնելով վեճը ըստ էության լուծելու կամ գործի վարույթը կարճելու, երբ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան (բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետի նախատեսված դեպքի), հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան: Մասնավորապես, եթե հայցվորի չներկայանալու պատճառով հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումից հետո հայցվորը կրկին դիմում է դատարան գործը քննելու խնդրանքով, նշանակում է, որ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են:

 2. Հայցվորի դեմ պատասխանողի հակընդդեմ հայց հարուցելու դեպքում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե

 - հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

 - հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

 - հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը. (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդված), այսինքն հայցը և հակընդդեմ հայցը սերտորեն շաղկապված են և պետք է քննվեն ու լուծվեն համատեղ: Դրանից հետևում է, որ առաջին ատյանի դատարանում հայցվորի չներկայանալու դեպքում առանց քննության է թողնվում ինչպես հայցը, այնպես էլ հակընդդեմ հայցը, քանի որ, հակընդդեմ հայց հարուցած պատասխանողը զրկված չէ որպես հայցվոր ինքնուրույն հայց հարուցելու իրավունքից, բնականաբար, պահպանելով ընդդատության կանոնները (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 81-86 հոդվածներ):

 Վերաքննիչ դատարանում վերաքննության կարգով գործը քննելիս հայցվորի չներկայանալու դեպքում հայցը թողնվում է առանց քննության, իսկ հակընդդեմ հայցը քննվում է ըստ էության, եթե պատասխանողը ներկայացել է վերաքննիչ դատարան կամ խնդրել է գործն իր բացակայությամբ քննելու մասին:

 3. Եթե վերաքննիչ դատարանում հայցվորի չներկայանալու պատճառով հայցը թողնվել է առանց քննության և դատարանի որոշմամբ պատասխանողին վերադարձվել է վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքը, ապա գործը քննելու խնդրանքով դիմում ներկայացնելու դեպքում վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը գանձվում է հայցվորից ընդհանուր հիմունքներով:

 4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 4-րդ կետի համաձայն «հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան»: Օրենքի տեքստում նշված է ոչ թե «առաջին ատյանի դատարան» կամ «վերաքննիչ դատարան», այլ «կրկին դիմել դատարան», այսինքն այն դատարան, որի վարույթում գտնվում է գործը: