Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.05.17/12(160) Հոդ.145
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.04.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 ապրիլի 2004 թ.
ք. Երևան

N 39-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի գ) կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ

Ռ. Նազարյան

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 9-ի N 39-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի (այսուհետև` լրագրող)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետև` Հանձնաժողով) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` Հանձնաժողովում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկություն ստանալու նպատակով լրագրողների համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան: Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Հանձնաժողովի տարածքում կանոնագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Հանձնաժողովը`

ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Հանձնաժողովի այն միջոցառումների անցկացման վայրի և ժամանակի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետև` Հանձնաժողովի միջոցառումներ):

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Հանձնաժողովի նախագահի նշանակած անձը (այսուհետև` Հանձնաժողովի պատասխանատու):

5. Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեությունն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողով, նշելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը և բնակության վայրը»

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

6. Հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:

9. Հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

10. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը, կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

11. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Հանձնաժողովի անցագրային կետ: Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

12. Հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,

բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,

գ) տարածել է Հանձնաժողովի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով,

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը,

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Հանձնաժողովի պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

13. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկությունը,

բ) նախապես տեղեկացված լինելու Հանձնաժողովի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին,

գ) մասնակցելու Հանձնաժողովի միջոցառումներին,

դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից,

ե) Հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

14. Հանձնաժողովի պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ Հանձնաժողովի ստորաբաժանումներ և հանդիպումներ Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հետ:

15. Հանձնաժողովի միջոցառումներին կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող երկու լրագրող (հեռուստաընկերությունների և լրատվական գործակալությունների համար` մեկ լրագրող և տեսաձայնագրման մեկ օպերատոր, ռադիոյի համար` մեկ լրագրող և մեկ ձայնագրման օպերատոր, իսկ մամուլի ներկայացուցիչների համար` մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ), եթե Հանձնաժողովի պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն, և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

16. Հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Հանձնաժողով նախապես համաձայնեցվում է Հանձնաժողովի պատասխանատուի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև Հանձնաժողովի միջոցառումների ժամանակ) լրագրողը Հանձնաժողով է այցելում սույն կարգի 11-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց Հանձնաժողովի տարածք մուտքի անցագրի:

17. Հանձնաժողովի պատասխանատուի` Հանձնաժողովի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

18. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, Հանձնաժողովի շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, Հանձնաժողովը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է` առաջնությունը տալով ըստ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին: