Գլխավոր տեղեկություն
Համար
N 1925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2005-13.04.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1477
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.04.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1925-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության` բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կարգավորման մասին» N 122 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 17
Երևան

 
     

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ու ռազմական դրության պայմաններում և հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում բնակչությանն ազդարարելու գործընթացը։

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ա) ազդարարման ազդանշան` ազդարարման համակարգով տրվող պայմանական նշան, որը հրահանգ է կառավարման մարմիններին, քաղաքացիական պաշտպանության շտաբներին, ծառայություններին, ուժերին և բնակչությանը` համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար,

բ) օդային տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրի (տարածքի) վրա օդային հարձակման անմիջական սպառնալիքի դեպքում,

գ) օդային տագնապի ավարտ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրին (տարածքին) հարձակման սպառնալիքի վերացման դեպքում,

դ) ճառագայթային վտանգ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) ռադիոակտիվ աղտոտվածության անմիջական սպառնալիքի կամ այդպիսի աղտոտվածության հայտնաբերման դեպքում,

ե) քիմիական տագնապ` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) քիմիական, մանրէաբանական վարակման սպառնալիքի կամ այդպիսի վարակվածության հայտնաբերման դեպքում,

զ) աղետալի ջրածածկում` տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` տվյալ բնակավայրի (տարածքի) ջրածածկման սպառնալիքի դեպքում,

է) հակառակորդի հարձակման սպառնալիքի ազդանշան` տրվում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների սկսման կամ զենքի կիրառման ակնհայտ սպառնալիքի դեպքում:

3. Ռազմական դրության և հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում կիրառվում են «Օդային տագնապ», «Օդային տագնապի ավարտ», «Ճառագայթային վտանգ» և «Քիմիական տագնապ», իսկ արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի կամ ծագման դեպքում` «Ճառագայթային վտանգ», «Քիմիական տագնապ» և «Աղետալի ջրածածկման վտանգ» ազդարարման ազդանշանները:

4. Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` շարժական բարձրախոսային սարքերի օգնությամբ, միացվում են էլեկտրաշչակները, և տրվում է անընդհատ («Օդային տագնապ» ազդանշանի դեպքում` տատանվող), երկարատև (3 րոպե տևողությամբ) ձայնային ազդանշան: Միաժամանակ ազդարարման միջոցներով` 2-3 րոպե տևողությամբ տրվում է հետևյալ բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն. «Ուշադրություն, ուշադրություն ... »: Անհրաժեշտության դեպքում հաղորդագրությունը լրացվում է «Վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին`…» բառերով:

5. Բնակչությանն ազդարարելու մասին որոշումներն ընդունում են`

ա) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:

Հայկական ատոմային էլեկտրակայանում (այսուհետ` ՀԱԷԿ) արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտու (ՀԱԷԿ-ին հարակից մինչև 5 կիլոմետրանոց գոտի) նախնական ազդարարման մասին որոշումն ընդունում է ՀԱԷԿ-ի հերթափոխի պետը, շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում (ՀԱԷԿ-ին հարակից
5-10 կիլոմետրանոց գոտի) գտնվող բնակչությանն ազդարարելու մասին որոշումը` Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում` ազդարարման մասին որոշումն ընդունվում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) օպերատիվ ծառայության կողմից.

բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը.

գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը).

դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.

ե) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից ստացված տեղեկատվության հիման վրա):

6. Բնակչության ազդարարումն իրականացնում են`

ա) հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտներում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը` լիազոր մարմնի օպերատիվ ծառայության միջոցով:

ՀԱԷԿ-ում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտում գտնվող բնակչության նախնական ազդարարումն իրականացնում է ՀԱԷԿ-ի հերթապահ ծառայությունը, իսկ շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտու բնակչության ազդարարումը` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.

բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը.

գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.

դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.

ե) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը:

7. Ազդարարման մասին որոշումների ընդունման նպատակով արտակարգ իրավիճակների դասակարգման չափանիշները սահմանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան