Գլխավոր տեղեկություն
Համար
N 1930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2006-03.05.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43) Հոդ.1479
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1930-Ն

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 17
Երևան

 
     

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշման



Կ Ա Ր Գ

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են մեկ մաքսային մարմնից մյուսը` ապրանքներ տեղափոխող անձի կամ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո այն ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման դեպքերը և ընթացակարգը, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չէ:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմի շրջանակներում մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վրա.

բ) արտահանվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ձևակերպումների իրականացման վայրից սահմանային մաքսային մարմին տեղափոխելու վրա:

3. Մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն իրականացվում է մաքսային ապահովումների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն իրականացվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

4. Մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար` այն մաքսային մարմնում, որտեղից սկսվելու է ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը (այսուհետ` ուղարկող մաքսային մարմին), կազմվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի փոխադրման ամփոփագիր, որում նշվում են հետևյալ տվյալները`

ա) ապրանքի մասին տվյալները (անվանումը, քանակը, փաթեթավորումը, տեղերի քանակը).

բ) մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ամփոփագրի հիման վրա տեղափոխման ընդունած անձի մասին տվյալները.

գ) տրանսպորտային միջոցի մասին տվյալները.

դ) նշանակման մաքսային մարմինը և նշանակման վայրը.

ե) փոխադրման ժամկետը.

զ) ապրանքն ուղեկցող փաստաթղթերի տվյալները.

է) փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Փոխադրման ամփոփագիրը լրացվում և հաշվառվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով` մաքսային մարմիններում գործող ավտոմատ համակարգչային համակարգի միջոցով:

5. Մեկ փոխադրման ամփոփագրի հիման վրա կարող են փոխադրվել այն ապրանքները, որոնք նախատեսված են ապրանքներ տեղափոխող միևնույն անձի համար, փոխադրվում են միևնույն տրանսպորտային միջոցով, միևնույն փոխադրողի կողմից, միևնույն նշանակման վայրը:

Մեկ փոխադրման ամփոփագրի հիման վրա կարող է փոխադրվել մեկ տրանսպորտային միջոց:

6. Փոխադրման ամփոփագրի հիման վրա ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են տեղափոխման հանձնվել ապրանքներ տեղափոխող անձին կամ, նրա բացակայության դեպքում` ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացնող անձին:

7. Մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները դրանց փոխադրումն իրականացնող անձին կարող են փոխադրման ամփոփագրի հիման վրա տեղափոխման հանձնվել միայն բեռնագրի առկայության դեպքում:

8. Ապրանքներն ու տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա մեկ մաքսային մարմնից մյուսը կարող են տեղափոխվել, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն չեն կարող հայտարարագրվել այն մաքսային մարմնում, որով փաստացի ներմուծվել են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, երբ ապրանքները և տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրով ուղարկվում են այն մաքսային մարմին, որում դրանք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն պետք է հայտարարագրվեն:

9. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած անձն այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման պարտավորությունն ստանձնում է փոխադրման ամփոփագիրն ստորագրելու պահից:

10. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա տեղափոխման ընդունած` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն փոխադրող հանդիսացող անձն ազատվում է սույն կարգի 9-րդ կետում նշված պատասխանատվությունից` սկսած այն պահից, երբ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում է մաքսային հայտարարագիր ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորած անձի կողմից կամ, երբ ապրանքներ տեղափոխող անձը նշանակման մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների նկատմամբ իր լիազորությունները հավաստող մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

11. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը մեկ մաքսային մարմնից մյուսը պետք է ավարտվի առավելագույնը 10 օրվա ընթացքում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

12. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխումն սկսվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից կազմված փոխադրման ամփոփագիրն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները տեղափոխման ընդունած անձի կողմից ստորագրվելու օրը:

13. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների` մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխումն ավարտված է համարվում՝ սկսած այն պահից, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներկայացվում են նշանակման մաքսային մարմին:

II. ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

14. Ուղարկող մաքսային մարմնում լրացվում է փոխադրման ամփոփագիր` 3 օրինակից: Լրացված փոխադրման ամփոփագրի օրինակները բաշխվում են հետևյալ կերպ`

ա) առաջին օրինակը եռօրյա ժամկետում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկվում է վերադաս մաքսային մարմին, որտեղ այն պահվում է հսկողության տակ՝ մինչև նշանակման մաքսային մարմնից սույն կետի «բ» ենթակետի համաձայն փոխադրման ամփոփագրի երրորդ օրինակն ստանալը: Ընդ որում, նախքան փոխադրման ամփոփագրի առաջին օրինակը վերադաս մաքսային մարմնի հասցեով ուղարկելը և ուղարկող մաքսային մարմնից փոխադրման ամփոփագրի հիման վրա տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների բացթողումը` նշանակման մաքսային մարմնի հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր, որում նշվում են փոխադրման ամփոփագրի տվյալները (բովանդակությունը).

բ) երկրորդ և երրորդ օրինակները տրվում են ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխման ընդունած անձին, որը դրանք տեղափոխման ավարտի պահին ներկայացնում է նշանակման մաքսային մարմին: Նշանակման մաքսային մարմինն իրեն ներկայացված փոխադրման ամփոփագրի երրորդ օրինակը` ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից (բացթողումից) հետո 10-օրյա ժամկետում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկում է վերադաս մաքսային մարմին, իսկ երկրորդ օրինակը կարում է ապրանքներ տեղափոխող անձի թղթապանակում` կցելով մաքսային մարմնում պահվող մաքսային հայտարարագրի օրինակին:

15. Ուղարկող մաքսային մարմինը փոխադրման ամփոփագրի համապատասխան սյունակներում նշում է`

ա) նշանակման մաքսային մարմինը՝ հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները.

բ) տեղափոխման երթուղին՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տվյալ տեսակին հարմար, շահագործելի ճանապարհների տեղաբաշխվածությունը՝ հնարավոր երթուղիներից ընտրելով այն, որը թույլ է տալիս, հնարավորինս շրջանցելով բնակավայրերը, առավելագույն կարճ ժամկետում նշանակման մաքսային մարմին հասցնել տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.

գ) տեղափոխման ժամկետը՝ հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տեղափոխվող ապրանքի առանձնահատկությունները, տեղափոխման երթուղին և սույն կարգի 11-րդ կետով սահմանված առավելագույն ժամկետը:

16. Տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները նշանակման մաքսային մարմին հասցվելուց հետո` նշանակման մաքսային մարմնում՝

ա) ստուգվում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև նշանակման մաքսային մարմնին հանձնված փոխադրման ամփոփագրի տվյալները համեմատվում են սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ստացված տվյալների հետ, ստուգվում են տրանսպորտային միջոցների վրա ուղարկող մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև՝ առանց մաքսային ապահովումները վնասելու տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը, և դրա մասին ոչ ուշ, քան ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետի ավարտը վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ (այդ թվում` եթե ապրանքների և տրանսպորտային միջոցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացվում), ապա ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը կասեցվում է, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը՝ դրա մասին ոչ ուշ, քան ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետի ավարտը ռադիոհեռագրով տեղեկացնելով վերադաս մաքսային մարմնին:

17. Եթե ուղարկող մաքսային մարմնի կողմից որոշված և փոխադրման ամփոփագրում նշված ժամկետում մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվող ապրանքները չեն ներկայացվում նշանակման մաքսային մարմին, ապա նշանակման մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով սկսում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ռադիոհեռագրով տեղեկացնելով վերադաս մաքսային մարմնին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան