Գլխավոր տեղեկություն
Համար
N 1718-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2005-08.12.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/51.1 Հոդ.1344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1718-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 642-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը (այսուհետ` ինստիտուտ) բարձրագույն ուսումնական հաստատություն է:

2. Ինստիտուտի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսագիտական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի), հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն, հեռավար) ու կրթական ծրագրերով:

Ինստիտուտը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմակերպելու մասին» N 478 որոշմամբ վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

5. Ինստիտուտն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

7. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և մեդալ:

8. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կարճ` «ԵՊՏԻ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ`«Ереванский государственный экономический институт» государственная некоммерческая организация,

ռուսերեն կարճ` «ЕГЭИ» ГНО,

անգլերեն լրիվ` «Yerevan State Institute of Economy» state non-commercial organization,

անգլերեն կարճ` «YSIE» SNCO։

Ինստիտուտի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375025, Նալբանդյան 128։

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

9. Ինստիտուտի խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

բ) տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը։

10. Առաջադրված խնդիրներին համապատասխան ինստիտուտն իրավասու է`

ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) ինքնուրույն ձևավորելու իր կառուցվածքը, իր կազմում հիմնադրի որոշմամբ ստեղծելու մասնաճյուղեր, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող դպրոց, ֆակուլտետներ.

գ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների կազմակերպում).

ե) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելությունը։

11. Ինստիտուտն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում, ինչպես նաև` լրացուցիչ կրթության կազմակերպում.

բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

է) սովորողների սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

12. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթներով, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն ինստիտուտի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

13. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Խորհրդի անդամների թիվը 28 է:

14. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդն այդ մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

15. Խորհուրդը`

ա) քննարկում և սահմանված կարգով հիմնադրի հաստատմանն է ներկայացնում ինստիտուտի կանոնադրությունը կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները, ընտրում է նախագահ (որը հաստիքային աշխատող չէ).

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգը և կազմակերպում նրանց ընտրությունը.

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է ինստիտուտի գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգը, աշխատակարգը, կազմակերպում է այդ մարմնի անդամների ընտրությունը.

ե) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ինստիտուտի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

զ) քննարկում ու հաստատում է ինստիտուտի բյուջեն.

է) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը.

ը) քննարկում է ռեկտորի հաշվետվությունն ինստիտուտի տարեկան գործունեության վերաբերյալ և հաստատում այն.

թ) քննարկում ու հաստատում է ինստիտուտի կառուցվածքը:

16. Ինստիտուտի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

17. Ինստիտուտի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

գ) ընդունում է որոշումներ «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտոր», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի վաստակավոր դասախոս», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի վաստակավոր աշխատող» կոչումներ շնորհելու, ինստիտուտի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ինստիտուտի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

դ) իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունները` փակ գաղտնի քվեարկությամբ.

ե) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

զ) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները.

է) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

թ) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգը.

ժ) պետական լիազորված մարմնի հաստատած ընդհանուր չափաքանակների շրջանակում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է ըստ մասնագիտությունների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը.

ժա) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում ինստիտուտի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը.

ժբ) ընդունում է որոշում նոր մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ և ներկայացնում կառավարման լիազորված մարմնի հաստատման:

18. Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 45-ը: Ինստիտուտի գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են` ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, մասնաճյուղի տնօրենը և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ:

Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ինստիտուտի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

19. Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

20. Ինստիտուտի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռած լիազորությունների շրջանակում քննարկում է ինստիտուտի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը:

21. Ինստիտուտի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, արհեստակցական միության և ուսանողական խորհրդի նախագահները:

22. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, իր իրավասության սահմաններում և ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան, որն ընտրվում է 5 տարի ժամկետով:

23. Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, գիտությունների թեկնածու կամ դոկտոր: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

24. Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

25. Ինստիտուտի ռեկտորը`

ա) ղեկավարում է ինստիտուտի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեություն, առանց լիազորագրի գործում է ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը.

բ) կազմակերպում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է ինստիտուտի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

դ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ինստիտուտի խորհրդի հաստատմանը.

ե) ապահովում է ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ինստիտուտի կառուցվածքը, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ.

է) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) սույն կանոնադրությանը համապատասխան կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնի վարիչների և դասախոսների, բաժանմունքների ղեկավարների, մասնաճյուղի տնօրենի հետ.

թ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու և վերականգնելու վերաբերյալ.

ժ) նշանակում և ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին, ինստիտուտի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

ժա) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

26. Պրոռեկտորներն իրականացնում են ինստիտուտի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան։

27. Ինստիտուտի ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

28. Ինստիտուտի ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին պատճառված վնասի համար:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Ստորաբաժանումներ են համարվում գիտական կենտրոնները, քոլեջները, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչությունը, մասնաճյուղերը և այլն:

Ինստիտուտի մասնաճյուղն է Գյումրու մասնաճյուղը, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 151 որոշմամբ: Մասնաճյուղում ուսուցումը կազմակերպվում է առկա ուսուցման ձևով: Մասնաճյուղը գործում է ինստիտուտի անունից և իր գործունեությամբ պատասխանատու է ինստիտուտին:

Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:

30. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

ա) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը` նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ,

բ) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ինստիտուտի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:

31. Ինստիտուտի ֆակուլտետները գործում են ինստիտուտի և ֆակուլտետի կանոնադրությունների հիման վրա:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, ֆակուլտետի և սույն կանոնադրություններին:

Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

32. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանը, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

33. Ֆակուլտետի խորհրդի կազմի (որպես կառավարման մարմին) ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

34. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերացնելու և վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ինստիտուտի ռեկտորին,

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը,

գ) ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները,

դ) ինստիտուտի գիտական խորհրդին առաջարկություններ է ներկայացնում ֆակուլտետի աշխատողին «ԵՊՏԻ-ի ամբիոնի պատվավոր վարիչ», «ԵՊՏԻ-ի վաստակավոր պրոֆեսոր», «ԵՊՏԻ-ի վաստակավոր դասախոս», «ԵՊՏԻ-ի վաստակավոր գիտական աշխատող», «ԵՊՏԻ-ի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ,

ե) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին,

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

35. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

36. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն:

Դեկանն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդի սահմանած կարգով, գիտական խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների հիման վրա:

37. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն,

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը,

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին,

դ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

38. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների` ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատված օրինակելի կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ ու դասախոսներ:

Բաժնի (լաբորատորիայի) գիտական և ինժեներատեխնիկական կազմում ընդգրկվում են գիտական և ինժեներատեխնիկական աշխատողներ:

39. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) մշակում է ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) աշխատողների հաստիքացուցակը` ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում` ելնելով կատարվող մանկավարժական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

Ինստիտուտի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և ինստիուտի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, որոնց նախորդում է պաշտոնի հավակնորդի ընտրման մրցութային կարգը:

40. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է բաց մրցույթով` մինչև 5 տարի ժամկետով` ինստիտուտի գիտական խորհրդի սահմանած կարգով: Գիտական խորհրդի կողմից ամբիոնի վարիչն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդում: Ընտրությունների արդյունքների հիման վրա պաշտոնի է նշանակում ռեկտորը և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և այլ աշխատանքներ, ներկայացնում է նրա կոլեկտիվն ինստիտուտի ֆակուլտետի, ինստիտուտի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) այլ աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

41. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

42. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար և դրսեկության ձևերով:

43. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

44. Ինստիտուտում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

45. Ինստիտուտում կիրառվում է բարձրագույն կրթության երկաստիճան և հնգամյա ուսուցման համակարգ: Ուսուցման ավարտին շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

46. Ինստիտուտի գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

բ) վճարովի ուսուցման միջոցներից,

գ) հանրապետության ու օտարեկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

դ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

ե) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված ինստիտուտի միջոցներից.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

47. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված մասնագետները:

48. Ինստիտուտը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

49. Գիտական աստիճաններ շնորհում է ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

50. Ինստիտուտի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական ու այլ աշխատողներ և ուսանողներ:

Ինստիտուտի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ինստիտուտի այլ ակտերով:

51. Ինստիտուտի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում,

բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննակմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին,

գ) միավորվելու արհմիությունների և հասարակական այլ կազմակերպությունների մեջ,

դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

52. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

53. Ինստիտուտի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ ակտերից բխող հանձնարարականներ,

բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները,

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը,

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը,

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը,

զ) հոգ տանել ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:

54. Ինստիտուտի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

55. Ինստիտուտի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք,

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք,

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք,

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք,

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության իրավունք,

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

56. Ինստիտուտի ուսանողներ են համարվում հնգամյա և երկաստիճան ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

57. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի:

58. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ,

բ) հաճախելու ինստիտուտում կարդացվող դասախոսություններին,

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին,

դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, բողոքարկելու ինստիտուտի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից, ուսուցման վարձը մասամբ կամ լրիվ զեղչման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով ստանալու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված, ինչպես նաև անվանական կրթաթոշակ, դրամաշնորհ, ուսումնական վարկ,

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան,

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար,

ը) ինստիտուտի կողմից սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում,

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու երկուսից ոչ պակաս արձակուրդ` առնվազն 7 շաբաթ տևողությամբ` լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդը մինչև մեկ տարի,

ժ) ստանալու հանրակացարան սահմանված կարգով,

ժա) ինստիտուտում սահմանված կարգով փոխադրվելու նախասիրած մասնագիտության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխադրվելու այլ բուհ, ներառյալ օտարերկրյա,

ժբ) կրթությունն ընդհատած ուսանողն իրավունք ունի վերականգնվելու ինստիտուտում սահմանված կարգով:

59. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական և նյութական խթանման այլ ձևեր:

60. Արգելվում է ուսանողներին ներգրավել արտաուսումնական աշխատանքում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

61. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները,

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին,

գ) պահպանել ինստիտուտի կանոնադրությունը և ներքին կանոնները,

դ) հաճախել ինստիտուտում անցկացվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին,

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը.

զ) արգելվում է ուսանողին հեռացնել ինստիտուտից` հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդների, հղիության և ծննդաբերության արձակուրդների ընթացքում:

62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են ազատվել ինստիտուտից:

63. Ուսանողները, որոնք չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:

64. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` դիպլոմ:

65. Ավարտական վկայականում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

66. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունն ինստիտուտի կառավարման համապատասխան մարմիններին, քննարկման է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

67. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

68. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:

69. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի:

70. Ինստիտուտի ուսանողներ են համարվում այն անձինք, ովքեր սովորում են դրսեկությամբ, նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներին:

71. Ինստիտուտում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Ինստիտուտի գույքը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով հանձնված, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում ստեղծված ու ձեռք բերված գույքից:

73. Ինստիտուտն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Ինստիտուտը կարող է որպես սեփականություն իրեն հանձնված գույքն օտարել կամ տալ վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

74. Հաստատության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

75. Ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

76. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բավարարելուց հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան