Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվ
28.11.1991
Ստորագրման ամսաթիվ
28.11.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԻՎ

 

28 նոյեմբերի 1991 թ.
քաղ.Երևան

 

 

 

 

Քաղաքացիական դատավարության օրենսդրության կիրառումը առաջին ատյանի դատարաններում

 

Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից քննված քաղաքացիական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանները առաջին ատյանի գործերը քննելիս հիմնականում կատարում են դատավարական օրենսդրության պահանջները:

Պլենումը միաժամանակ նշում է, որ առանձին դատարաններ միշտ չէ, որ պահպանում են դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգը: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիական գործերով դիմումների ընդունումը մերժվում է անհիմն: Գործերի պատշաճ կարգով դատական քննության նախապատրաստված չլինելու պատճառով հաճախ ձգձգվում է դրանց քննությունը, իսկ երբեմն նաև տեղիք տալիս դատական սխալների: Երբեմն դատարանների կողմից անհիմն կարգով կասեցվում կամ կարճվում են քաղաքացիական գործի վարույթը, կամ առանց բավարար հիմքի դիմումները թողնվում են առանց քննության: Առանձին դեպքերում խախտվում է նաև դատաքննության վարման կարգը:

Նշված թերությունները վերացնելու, ինչպես նաև քաղաքացիական դատավարական օրենսդրության միասնական և ճիշտ կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության դատարանների ուշադրությունը հրավիրել քաղաքացիական դատավարության օրենսդրության պահանջների խստագույն պահպանման վրա:

Քաղաքացիական գործերի քննության ընթացքում դատարանները պետք է պահպանեն դատավարական օրենսդրությամբ սահմանված կողմերի հավասարության, դատաքննության հրապարակայնության, դատարանի անկախության, կոլեգիալության և այլ ժողովրդավարական սկզբունքները:

2. Դատավորները պետք է նկատի ունենան, որ քաղաքացիական գործով դիմումի ընդունումը կարող է մերժվել միայն օրենքով նախատեսված հիմքերով:

Հայցադիմումի ձևն ու բովանդակությունը չպահպանելը կամ պետական տուրքի վճարված չլինելը ոչ թե դիմումի ընդունումը մերժելու հիմք են, այլ ՀՀ քաղ.դատ.օր. 129 հոդվածով սահմանված հայցադիմումին ընթացք չտալու սպառիչ հիմքեր:

Դատական պրակտիկայում անհրաժեշտ է բացառել տեղ գտած այն դեպքերը, երբ դիմումի ընդունումը կամ մերժումը ձևակերպվում է մակագրությամբ, այլ ոչ դատավորի միանձնյա որոշմամբ:

3. ՀՀ քաղ.դատ.օր. 140 հոդվածի համաձայն դիմումն ընդունելուց հետո դատավորը քաղ.գործը նախապատրաստում է դատաքննության, որի նպատակը գործի ժամանակին և ճիշտ լուծումն է: Այն պետք է իրականացվի հաշվի առնելով առանձին քաղ.գործերի յուրահատկությունը:

Դատարանները պետք է նկատի ունենան, որ գործի դատաքննության նախապատրաստական փուլում կարևոր նշանակություն ունի հայցապահանջի էության ճշգրտումը, պատասխանողների և երրորդ անձանց գործի մեջ ներգրավելը: Դատավորը այդ փուլում, կախված գործի բնույթից, որոշում է նաև գործի քննությանը դատախազի մասնակցության հարցը, նկատի ունենալով, որ օրենսդրությամբ նախատեսված են այն դեպքերը, երբ քաղաքացիական գործի քննությանը դատախազի մասնակցությունը պարտադիր է /ՀՀ քաղ.դատ.օր. 233, 254, 260 Ամ.ընտ.օր./:

Քաղաքացիական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում կատարվող գործողությունների մասին նշվում է դատավորի կողմից ՀՀ քաղ.դատ.օր. 141 հոդվածի համապատասխան ընդունված որոշման մեջ: Քաղաքացիական գործը պետք է դատաքննության նախապատրաստվի նույն օրենսգրքի 99 հոդվածով սահմանված գործերի քննության ժամկետների պահպանմամբ:

4. Դատարանների ուշադրությունը հրավիրել ՀՀ քաղ.դատ.օր. 115-119 հոդվածներով սահմանված քաղաքացիական գործերի ընդդատության կանոնների պահպանման վրա, նկատի ունենալ նաև, որ ընդդատության կանոնների պահպանումով դատարանի կողմից իր վարույթն ընդունած գործը պետք է ըստ էության լուծի նույն դատարանը, թեկուզև այն հետագայում ընդդատյա է դարձել մեկ ուրիշ դատարանի:

5. Դատարանները պետք է առավել հատուկ և միասնական մոտեցում դրսևորեն բացարկների վերաբերյալ միջնորդությունների քննարկման և լուծման հարցում:

Պետք է նկատի ունենալ, որ բացարկման հարցը լուծվում է խորհրդակցական սենյակում և կարող է բավարարվել միայն ՀՀ քաղ.դատ.օր. 18-21 հոդվածներում նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

6. Դատարանը, կամ դատավորը գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կարող է հայցի ապահովման միջոցներ ձեռք առնել /ՀՀ քաղ.դատ.օր. 132, 133 հ.հ/: Պետք է նկատի ունենալ, որ հայցի ապահովումը թույլատրվում է գործի ամբողջ ընթացքում, եթե ապահովման միջոցներ ձեռք չառնելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել դատարանի վճռի կատարումը:

7. Դատարանները անհրաժեշտ դեպքերում, կախված վեճի բնույթից և առանձնահատկությունից, պետք է օժանդակեն կողմերի միջև հաշտության համաձայնության կնքմանը:

Հայցվորի և պատասխանողի կողմից հաշտության համաձայնության կնքելու մասին դիմումի դեպքում դատարանը նրանց պարզաբանում է հաշտության համաձայնության կնքման հետևանքների մասին:

Հաշտության համաձայնության հաստատման կամ մերժման մասին որոշում ընդունվում է դատարանի կողմից խորհրդակցական սենյակում, համաձայնության օրինականության հարցի քննարկումից հետո: Դատարանը չի հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին կամ խախտում է որևէ մեկի իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը:

Հաշտության համաձայնությունը հաստատող որոշման մեջ պետք է հստակ և որոշակի նշվեն համաձայնության բոլոր պայմանները:

8. Քաղաքացիական դատավարության մրցակցության սկզբունքից ելնելով, յուրաքանչյուր կողմ պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնց վրա, որպես իր պահանջների ու առարկությունների հիմք, հենվում է ինքը:

ՀՀ քաղ.դատ.օր. 10 հոդվածի համապատասխան դատարանը պարտավոր է չսահմանափակվելով ներկայացված նյութերով ու բացատրություններով, ձեռք առնել օրենքով նախատեսված բոլոր միջոցները` բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ կերպով պարզելու գործի իրական հանգամանքները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Պետք է նկատի ունենալ, որ նույն օրենսգրքի 54 հոդվածի համապատասխան` գործի այն հանգամանքները, որոնք ըստ օրենքի պետք է հաստատվեն ապացուցման որոշակի միջոցներով, չեն կարող հաստատվել ապացուցման այլ միջոցներով: Օրինակ, ՀՀ քաղ.օր. 46 հոդվածի համաձայն գործարքի օրենքով պահանջվող հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է գործարքի գոյությունը հաստատելու համար վկաների ցուցմունքների վրա հենվելու իրավունքից:

9. Քաղաքացիական գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, պարտադիր կերպով իրազեկ դարձնելով գործի մասնակիցներին:

Դատարանները պետք է նկատի ունենան, որ դատավարությանը կողմերի չներկայանալու դեպքում նրանց նկատմամբ ՀՀ քաղ.դատ.օր. 156 հոդվածում սահմանված դրամական տուգանքի կիրառումը կարող է կանխել գործի քննության ձգձգումը:

10. Դատարանների կողմից պրակտիկայում հաճախակի պետք է կիրառվեն, հատկապես բնակարանային վեճերի վերաբերյալ քաղաքացիական գործերով ՀՀ քաղ.դատ.օր. 178 հոդվածի համաձայն տեղում զննություն կատարելը: Այդ մասին դատարանը կայացնում է որոշում: Զննությունը տեղում կատարվում է դատարանի ամբողջ կազմով: Զննության արդյունքները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ:

11. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործի վարույթի կարճման, կասեցման, ինչպես նաև դիմումն առանց քննության թողնելու հիմքերը սպառիչ կերպով սահմանված են ՀՀ քաղ.դատ.օր. 218, 213, 214, 220 հոդվածներով և տարածական մեկնաբանման ենթակա չեն:

12. Դատական նիստի արձանագրությունը պետք է գրառվի այն հաջորդականությամբ, ինչպես կատարվել են դատավարական գործողությունները, դատաքննությունը սկսելու պահից մինչև որոշում կայացնելը: Հայցից հրաժարվելու, հայցի ընդունման, ինչպես նաև հաշտության համաձայնության մասին հայտարարությունները պետք է մտցվեն դատական նիստի արձանագրության մեջ և պետք է ստորագրվեն համապատասխանաբար հայցվորի, պատասխանողի կամ երկուսի կողմից:

Իսկ եթե այդպիսի հայտարարությունները ներկայացվել են գրավոր ձևով, ապա դրանք կցվում են գործին, այդ մասին դատական նիստի արձանագրության մեջ նշում անելով: