Գլխավոր տեղեկություն
Համար
N 1894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2005-25.08.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.30/30 Հոդ.1414
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1894-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1222-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևանի պետական համալսարանի մասին» N 1222-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը,

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքներ.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.

9) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

10) աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպում.

11) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 9
Երևան


     

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1894-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԵՊՀ) կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է:

ԵՊՀ-ի` որպես պետական ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով:

2. ԵՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. ԵՊՀ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական և գիտամշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

ԵՊՀ-ն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքներ.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.

9) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

10) աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպում.

11) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

ԵՊՀ-ն ունի հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

ԵՊՀ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և մեդալ, ինչպես նաև` իր դրոշը, խորհրդանշանը և օրհներգը:

4. ԵՊՀ-ի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «ԵՊՀ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` «Ереванский государственный университет» государственная некоммерческая организация»,

ռուսերեն կրճատ՝ «ЕГУ» ГНКО,

անգլերեն լրիվ` «Yerevan State University» state non-commercial organization,

անգլերեն կրճատ` YSU SNCO:

5. ԵՊՀ-ի գտնվելու վայրն է` Երևան-375049, Ալեք Մանուկյան 1:

II. ԵՊՀ-Ի ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

6. ԵՊՀ-ի հիմնական խնդիրներն են`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

3) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

4) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

5) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

6) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.

7) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

8) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.

9) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, լուսավորչական աշխատանքի իրականացումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

10) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում.

11) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

7. Առաջադրված խնդիրներին համապատասխան` ԵՊՀ-ն իրավասու է`

1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրեր.

2) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

4) կազմակերպելու ըստ կրթական ծրագրերի` դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը համալսարան և ուսումնական գործընթացը.

5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացներ.

6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, ստեղծելու ֆակուլտետներ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ.

7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

8) մշակելու ԵՊՀ-ի ղեկավար անձնակազմի ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու ընտրությունները.

9) սահմանելու և շնորհելու ԵՊՀ-ի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ԵՊՀ-ի մեդալով.

10) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

11) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.

12) վարձակալության տալու իր գույքը, կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

13) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

Չեն թույլատրվում ԵՊՀ-ում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

III. ԵՊՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

8. ԵՊՀ-ի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

9. ԵՊՀ-ի կառավարումը հիմնված է ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, ԵՊՀ-ի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

10. ԵՊՀ-ի խորհուրդն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, ԵՊՀ-ի կանոնադրությանը համապատասխան։

11. ԵՊՀ-ի խորհուրդը`

1) քննարկում և հաստատում է ԵՊՀ-ի բյուջեն,

2) հաստատում է ԵՊՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է ԵՊՀ-ի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է ԵՊՀ-ի ռեկտորին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին ներկայացնում է առաջարկություն ԵՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգը:

ԵՊՀ-ի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

ԵՊՀ-ի խորհուրդը կազմված է 72 անդամից:

ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը պետք է լինեն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից:

Կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն առաջադրվում են դրանց աշխատողների ընդհանուր ժողովներում, իսկ ֆակուլտետներինը` դրանց խորհրդում: Ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ԵՊՀ-ի գիտական խորհրդում:

ԵՊՀ-ի գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել ԵՊՀ-ի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով:

ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը պետք է լինեն սովորողներ: ԵՊՀ-ի խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները` յուրաքանչյուրից մեկական անդամ` բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող սովորողներից: ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին:

ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից:

ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը լիազորված մարմնի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված գործիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

ԵՊՀ-ի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը։

ԵՊՀ-ի խորհրդի նախագահը նախապատրաստում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ: ԵՊՀ-ի խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

ԵՊՀ-ի խորհրդի անդամների իրավասությունը, նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են խորհրդի աշխատակարգով:

ԵՊՀ-ի խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ:

ԵՊՀ-ի խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, ԵՊՀ-ի ռեկտորի, ԵՊՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:

ԵՊՀ-ի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը:

ԵՊՀ-ի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:

12. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը լուծում է ԵՊՀ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Գիտական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

13. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) մշակում է ԵՊՀ-ի ուսանողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի ընդունելության կանոնները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան.

3) ԵՊՀ-ին վերապահված ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղերից դուրս, սահմանված կարգին համապատասխան, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է առանց բանակի տարկետման իրավունքի վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը և վճարի չափը` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.

4) ռեկտորի ներկայացմամբ` որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպես նաև ամբիոններ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

5) հաստատում է ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ԵՊՀ-ի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը.

6) քննարկում է ԵՊՀ-ի մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

7) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների.

8) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԵՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

9) ընդունում է պատվավոր և վաստակավոր կոչումներ շնորհելու, ԵՊՀ-ի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ԵՊՀ-ի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

10) որոշում է ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունների ընթացակարգերը և ժամկետները.

11) ԵՊՀ-ի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում առաջարկություններ ԵՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

12) ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ-ի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

13) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական ու մշակութային կյանքին և կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ.

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 80-ը: Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները և ԵՊՀ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համահամալսարանական հանձնաժողովներ (մրցութային և այլն), որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը, աշխատանքի կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, ԵՊՀ-ի գիտական խորհրդի կանոնակարգով:

14. ԵՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: ԵՊՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է ԵՊՀ-ի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, ԵՊՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը: ԵՊՀ-ի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ԵՊՀ-ի գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպությունների նախագահները, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները:

15. ԵՊՀ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ԵՊՀ-ի գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում և ԵՊՀ-ի կանոնադրությանը համապատասխան գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ԵՊՀ-ի աշխատանքի արդյունքների համար:

ԵՊՀ-ի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ԵՊՀ-ի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել ղեկավար աշխատանքի փորձ ունեցող պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

ԵՊՀ-ի ռեկտորն առանց լիազորագրի գործում է ԵՊՀ-ի անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ և ներհամալսարանական այլ ակտերով սահմանված կարգով տնօրինում է ԵՊՀ-ի գույքն ու ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնք պարտադիր են ԵՊՀ-ի կոլեկտիվի անդամների համար:

16. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն` ԵՊՀ-ի ռեկտորն իր իրավասության սահմաններում`

1) ղեկավարում է ԵՊՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ-ի խորհրդին.

5) ապահովում է ԵՊՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

6) ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ-ի կառուցվածքը, ինչպես նաև ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.

7) ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, դրանց կանոնակարգերը, ներհամալսարանական կանոնները, ներհամալսարանական այլ իրավական ակտեր.

8) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԵՊՀ-ի կառավարման մարմինները, սահմանում ԵՊՀ-ի անձնակազմի հաստիքացուցակը, լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.

9) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

10) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ԵՊՀ-ի պրոռեկտորներին, ԵՊՀ-ի վարչական ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները.

11) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ԵՊՀ-ի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) կնքում է աշխատանքային պայմանագրեր ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական կազմի աշխատողների հետ.

13) կասեցնում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների և առանձին պաշտոնատար անձանց այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, նշանակելով դրանց վերաքննարկում.

14) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

15) տալիս է ԵՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊՀ-ի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

17. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են ԵՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

IV. ԵՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

18. ԵՊՀ-ն ինքնուրույն է իր կառուցվածքի ձևավորման գործում:

ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, գիտահետազոտական ինստիտուտները, մասնաճյուղերը, ամբիոնները, կենտրոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչությունը և այլ ստորաբաժանումներ:

ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակը, գործառույթները, իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով` հաստատված ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից:

Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է բաժիններից, ինստիտուտային ենթակայության լաբորատորիաներից և այլ գիտական ու օժանդակ օղակներից: Գիտահետազոտական ինստիտուտի կառավարման մարմիններն են գիտական խորհուրդը և տնօրենը:

19. ԵՊՀ-ն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

1) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

2) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ԵՊՀ-ի խորհրդի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:

20. ԵՊՀ-ի ֆակուլտետները գործում են իրենց կանոնադրությունների համաձայն:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը:

Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, մշակում է իր հաստիքացուցակը` ըստ սահմանված չափանիշների, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու այլ օժանդակ օղակներից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի մեծ խորհուրդը, խորհուրդը և դեկանը:

21. Ֆակուլտետի մեծ խորհուրդն ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում նրա ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը:

22. Ֆակուլտետի խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

Ֆակուլտետի խորհուրդը`

1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու և վերացնելու, վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ԵՊՀ-ի ռեկտորին.

2) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

3) ԵՊՀ-ի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ԵՊՀ-ի գիտական խորհրդում հաստատելու համար.

4) ԵՊՀ-ի գիտական խորհուրդ ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի աշխատողին պատվավոր և վաստակավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

5) ընտրում է ԵՊՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

6) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

23. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

Դեկանն ընտրվում է ֆակուլտետի մեծ խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի մեծ խորհրդում ամենաշատ ձայներ, բայց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Ֆակուլտետի մեծ խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների երկու երրորդը: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` դեկանի ընտրության արդյունքների հիման վրա:

ԵՊՀ-ի ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածուների առաջադրման, ընտրությունների անցկացման և դեկանին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է դեկանի ընտրության ընթացակարգով:

24. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

4) ԵՊՀ-ի ռեկտորին սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ,

5) արձակում է հրաման ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու մասին:

25. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ԵՊՀ-ի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետի կանոնադրության համաձայն:

ԵՊՀ-ի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները:

Բաժնի (լաբորատորիայի) գիտական և ինժեներատեխնիկական կազմում ընդգրկվում են գիտական և ինժեներատեխնիկական աշխատողները:

26. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) մշակում է ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) աշխատողների հաստիքացուցակը ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում` ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

ԵՊՀ-ի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և ԵՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

27. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով, 5 տարի ժամկետով, ֆակուլտետի խորհրդում` ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) կարծիքն ստանալուց հետո: Ֆակուլտետի խորհրդի որոշումը հաստատվում է ԵՊՀ-ի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, որից հետո ընտրված անձը ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը ԵՊՀ-ի, ֆակուլտետի, համալսարանական ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) այլ աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

V. ԵՊՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

28. Ուսանողների` ԵՊՀ ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

29. ԵՊՀ-ում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով:

30. ԵՊՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով։ Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

31. ԵՊՀ-ում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) ու լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

32. ԵՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. ԵՊՀ-ի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

3) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

4) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված ԵՊՀ-ի միջոցներից.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

34. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ԵՊՀ-ի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

35. ԵՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

36. Գիտական աստիճաններ շնորհում են ԵՊՀ-ում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

VI. ԵՊՀ-Ի ԿՈԼԵԿՏԻՎԸ

37. ԵՊՀ-ի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողները, ուսանողները (բակալավր, մագիստրոս):

ԵՊՀ-ի բոլոր աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

ԵՊՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, կոլեկտիվ պայմանագրով և ԵՊՀ-ի ներքին ակտերով:

38. ԵՊՀ-ի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

1) ընտրելու և ընտրվելու ԵՊՀ-ի պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

2) մասնակցելու ԵՊՀ-ի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

3) միավորվելու արհմիությունների և այլ հասարակական կազմակերպությունների մեջ.

4) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից` ԵՊՀ-ի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.

5) բողոքարկելու ԵՊՀ-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

ԵՊՀ-ի գործունեության համար հատուկ կարևորություն ունեցող խնդիրները քննարկվում են ԵՊՀ-ի կոլեկտիվի ներկայացուցիչների ժողովում: Ժողովի կազմի մեջ մտնում են ԵՊՀ-ի խորհրդի, գիտական խորհրդի անդամները, ֆակուլտետների, ինստիտուտների, մասնաճյուղերի խորհուրդները, ինչպես նաև այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները` ի դեմս ղեկավարի և արհմիութենական կազմակերպության նախագահի: Ժողովի կանոնակարգը հաստատում է ԵՊՀ-ի գիտական խորհուրդը:

39. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման ու տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

ԵՊՀ-ի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի այլ ակտերի դրույթները.

2) կատարել ԵՊՀ-ի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.

5) պահպանել և արդյունավետորեն ու խնայողաբար օգտագործել ԵՊՀ-ի գույքը.

6) հոգ տանել ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին.

7) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական բարձր որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ու հայրենասիրություն.

8) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

40. ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համաձայն ԵՊՀ-ի կանոնադրության և գիտամանկավարժական պաշտոնների նշանակման կարգի:

Գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոններում նշանակումն իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրությունը:

ԵՊՀ-ի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

1) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,

2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,

3) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,

4) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման,

5) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության,

 6) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

41. ԵՊՀ-ի ուսանողների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

42. ԵՊՀ-ի սովորողը (ուսանողը, ասպիրանտը) իրավունք ունի`

1) իր հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին.

3) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.

4) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

5) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

6) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊՀ-ում` ըստ սահմանված կարգի.

7) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան.

8) ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով.

9) օգտվելու ԵՊՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

10) ըստ նախասիրությունների` մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

11) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքի հարցերի լուծման համար.

12) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

13) բողոքարկելու ԵՊՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

14) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակը, դրամաշնորհը, ինչպես նաև ուսանողական վարկը.

16) ծանոթանալու ԵՊՀ-ի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերի,

17) բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների մասին.

18) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

19) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.

20) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում` ԵՊՀ-ի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

21) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

22) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով:

Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև` նրանց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցներ կիրառելը:

43. ԵՊՀ-ի ուսանողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորմամբ ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) պահպանել ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կանոնները.

4) հաճախել ԵՊՀ-ում կարդացվող դասընթացներին.

5) բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը.

6) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը:

Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել ԵՊՀ-ից:

Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ԵՊՀ-ից հեռացվելը:

44. ԵՊՀ-ի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց շնորհվում է աստիճան և տրվում է ԵՊՀ-ի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով։

Ավարտական փաստաթղթի առկայությունը պարտադիր է ԵՊՀ-ում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար:

Կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է ԵՊՀ-ի կողմից սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԵՊՀ-ի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

45. ԵՊՀ-ի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ԵՊՀ-ի կառավարմանը և ԵՊՀ-ի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցերը:

46. ԵՊՀ-ում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան` համաձայն ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգի:

VII. ԵՊՀ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

47. ԵՊՀ-ի գույքը կազմված է ԵՊՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքից և հիմնադրի կողմից ԵՊՀ-ին ամրացված գույքից:

48. ԵՊՀ-ի կանոնադրական խնդիրներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵՊՀ-ի` որպես պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման ժամանակ սեփականության իրավունքով նրան է հատկացրել անհրաժեշտ գույք:

ԵՊՀ-ի սեփականությունը, բացի կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող գույքից, ձևավորվում է ԵՊՀ-ի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

49. ԵՊՀ-ին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան է հատկացվում անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

ԵՊՀ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: ԵՊՀ-ն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված տարածքների վարձակալության արդյունքում ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները ԵՊՀ-ի սեփականությունն են: Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

50. ԵՊՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի ստեղծման աղբյուրներն են`

1) ԵՊՀ-ին սեփականության իրավունքով հանձնված գույքը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցները.

3) ԵՊՀ-ի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքները.

4) այն միջոցները, որոնք գոյանում են ԵՊՀ-ին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

5) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, նվիրված և կտակված գույքը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

51. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման նորմատիվների և չափերի նվազեցմանը:

52. ԵՊՀ-ն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

53. ԵՊՀ-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

54. ԵՊՀ-ի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

VIII. ԵՊՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

55. ԵՊՀ-ի վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: ԵՊՀ-ի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2011, N 1117-Ն 25.08.2011, N 1894-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան