«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի
N 1664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1664-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».
բ) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի «ա» և «է» ենթակետերը.
գ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».
դ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է: Ինստիտուտի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».
ե) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները,
դ) խորհրդի գործունեության մեջ են մտնում ինստիտուտի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ինստիտուտի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև ինստիտուտի կանոնադրությունը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».
զ) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-15.9-րդ կետերով.
«15.1. Խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող` հաստատության կառուցվածքային միավորների կողմից`
ա) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
բ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
15.2. Ինստիտուտի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) ինստիտուտի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
15.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
15.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
15.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
15.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
15.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
15.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
15.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 15.1-15.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».
ը) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» և «ժա» ենթակետերով.
«ժ) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը.
ժա) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները».
թ) 18-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «և կենսագործվում ռեկտորի հրամաններով» բառերը.
ժ) 19-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով» բառերը.
ժա) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` ինստիտուտի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
Ինստիտուտի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով».
ժբ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
Ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը».
ժգ) 30-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդի սահմանած կարգով և պաշտոնի է նշանակվում ինստիտուտի ռեկտորի հրամանով` մինչև 5 տարի ժամկետով».
ժդ) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Ինստիտուտում իրականացվում է դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան ուսուցման համակարգով կրթական ծրագրերի ուսուցում: Ինստիտուտի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)».
ժե) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Ինստիտուտի ուսանողներ են համարվում սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ռեկտորի կողմից հրամանագրված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառող անձինք».
ժզ) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|