«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2004 թ. |
N 281-Ն |
ՏԱՍԸ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել տասը դրամ անվանական արժեքով 2004 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները:
2. Սահմանել, որ տասը դրամ անվանական արժեքով 2004 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
Տասը դրամ անվանական արժեքով 1994 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Հաստատել տասը դրամ անվանական արժեքով 2004 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամի նկարագրությունը՝ ըստ Հավելված 1-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է մտցնում 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:
Մետաղադրամի հիմնական տվյալներն են.
Անվանական արժեքը՝ 10 դրամ
Մետաղը՝ ալյումին
Տրամագիծը՝ 20.0 մմ
Զանգվածը՝ 1.3 գ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Ձևը՝ կլոր:
Մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև նշված է թողարկման տարեթիվը՝ «2004»: Զինանշանը և թողարկման տարեթիվը եզերված են հոծ շրջագծով: Շրջագծի և եզրաշուրթի միջև առկա են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՏԱՍԸ ԴՐԱՄ» մակագրությունները, որոնք երկու կողմից իրարից բաժանված են մեկական կետով:
Մետաղադրամի դարձերեսի կենտրոնում նշված է անվանական արժեքը՝ «10» թվանիշը, և «ԴՐԱՄ» բառը: Անվանական արժեքը եզերված է հոծ շրջագծով, որի ներսի դաշտը ունի թեք գծավոր ձևավորում: Շրջագծի և եզրաշուրթի միջև դաշտն ունի նախշային ձևավորում:
Մետաղադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: