Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2000-27.10.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.02.2000
Ստորագրման ամսաթիվ
12.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2000 թվականի N 22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելու հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելիս հիմնականում ճիշտ են կիրառում օրենսդրությունը: Այդուհանդերձ դեռևս թույլ են տրվում սխալներ և թերություններ, որոնց վերացնելու և միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է տալ հետևյալ պարզաբանումները.

1. ՀՀ քր. օր. 1551 հոդվածը նախատեսում է երկու տարբեր հանցակազմ` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը և ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը:

Ըստ ՀՀ քր. օր. 1551 հոդվածի ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է արտահայտվել չորս եղանակով.

ա) առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.

բ) առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը.

գ) առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը.

դ) պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը:

Թվարկված արարքները պատժելի են, եթե դրանցից որևէ մեկը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում և հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն:

2. Նման բնույթի գործեր քննելիս դատարանները պետք է նկատի ունենան, որ մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պետք է նշվի, թե անձը ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվել է 1551 հոդվածի 1-ին մասում նշված որ ձևով: Այդ դատավարական փաստաթղթերում պետք է նշվի նաև այն օրենքի կոնկրետ նորմը, որն արգելում է զբաղվել ձեռնարկատիրության այս կամ այն տեսակով:

3. Դատարանները պարտավոր են ՀՀ քր. օր. 1551 հոդվածի առաջին մասով գործերը քննելիս ստուգել նախկինում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու օրինականության հարցը: Եթե կպարզվի, որ անձը նախկինում նման խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել անօրինական կարգով, ապա պետք է կայացվի արդարացման դատավճիռ` ամբաստանյալի արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Միաժամանակ, պետք է շահագրգիռ կազմակերպություններին բացատրվի հայցային կարգով արդարացվածից պահանջել ստացված եկամուտը (շահույթ):

Ստացված եկամուտի գանձման հարցը պետք է բացատրվի բոլոր այն դեպքերում, եթե քրեական գործի վարույթը կարճվում կամ քրեական հետապնդումը դադարեցվում է ցանկացած հիմքով` բացառությամբ հանցադեպի բացակայության:

4. ՀՀ քր. օր. 1551 հոդվածը սահմանում է նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցակազմի որակյալ տեսակ, եթե այն կատարվել է.

ա) ապօրինի ձեռնարկատիրության համար նախկինում դատապարտված անձի կողմից.

բ) կամ հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն:

Նախկին դատվածության տակ անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ քր. օր. 1551 հոդվածով դատված լինելը, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ չի հանվել:

5. ՀՀ քր. օր. 1551 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է որպես լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում: Դատարանները պետք է նկատի ունենան, որ գույքի բռնագրավում կարող է կատարվել միայն ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամուտի (շահույթի) չափով: Հետևաբար, եթե մինչև դատավճիռ կայացնելը անձը կամովին հատուցել է ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամուտը (շահույթը), ապա դատարանները իրավունք չունեն գույքի բռնագրավում կատարել:

6. ՀՀ քր. օր. 1551 հոդվածի 3-րդ մասը որպես առանձին հանցակազմ նախատեսում է «ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը` այսինքն առանց համապատասխան արտոնագրի բանկային գործունեությամբ զբաղվելը»:

7. Դատարանները պետք է նկատի ունենան, որ այդ հանցակազմի սուբյեկտ կարող են լինել ինչպես օրինական կարգով գրանցված, սակայն բանկային գործունեությամբ զբաղվելու լիազորությամբ չօժտված իրավաբանական անձանց, այնպես էլ վարկային ռեսուրսներ տնօրինող այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր դուրս են գալիս արտոնագրերով իրենց տրված լիազորությունների սահմաններից:

Հնարավոր են դեպքեր, երբ նման գործունեությամբ զբաղվեն մասնավոր անձինք առանց համապատասխան լիցենզիայի:

8. Բանկային գործունեությունը ՀՀ-ում կարգավորում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» 30.06.1996 թ. ՀՀ օրենքով: Նշված օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է բանկային գործունեությունների տեսակների սպառիչ ցանկը (ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ, ներգրավել և տրամադրել վարկեր և այլն):

Նույն օրենքի 23 հոդվածի համաձայն բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր տալու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:

9. Դատարաններին պարզաբանել, որ նման բնույթի գործեր քննելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պետք է նշվի, թե անձը բանկային գործունեության կոնկրետ որ տեսակով է ապօրինի զբաղվել:

10. Եթե քաղաքացին մյուս քաղաքացուն որոշակի տոկոսով փող է տալիս, նման արարքները 1551 հոդվածի 3-րդ մասով որակելիս պետք է նկատի ունենալ գործի կոնկրետ հանգամանքները, մասնավորապես, նման գործունեությամբ զբաղվելու տևողությամբ, գումարի չափը, պարտապանների քանակը և այլն: Եթե նման արարքը կատարվել է մեկ անգամ, ապա այն չի կարող որակվել ՀՀ քր. օր. 1551 հոդվածի 3-րդ մասով, քանի որ օրենսդիրը քրեական պատասխանատվություն սահմանում է գործունեության համար, իսկ մեկ անգամվա գործողությունը գործունեություն չի կարող դիտվել: