Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2000-27.10.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2000
Ստորագրման ամսաթիվ
16.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2000 թվականի N 34

 

ԲՌՆԻ ԿԵՐՊՈՎ ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը քննության առնելով բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները, արձանագրում է, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում նշված բնույթի գործողությունների համար պատասխանատվություն նախատեսող քրեական օրենքը (ՀՀ քր. օր. 1121 հոդ.):

Դրա հետ մեկտեղ դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արարքի քրեաիրավական որակման հարցում: Որոշ դատարաններ գտնում են, որ տվյալ հանցակազմի օբյեկտը կնոջ սեքսուալ ազատությունն ու անձեռնմխելիությունն է, հետևաբար այդ գործերով որպես տուժող կարող է հանդես գալ միայն կինը: Դրան հակառակ դատական պրակտիկան հիմնականում գնում է այն ուղղությամբ, որ նշված հանցագործության գործերով որպես տուժող կարող են հանդես գալ ինչպես կանայք (աղջիկները), այնպես էլ տղամարդիկ (տղաները):

Նշված հանցագործության գործերով դատական միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է

Դատարաններին պարզաբանել`

1. Նկատի ունենալով, որ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը ոչ միայն իգական, այլև արական սեռի անձանց (հատկապես անչափահասների) նկատմամբ հասարակական լուրջ վտանգավորություն է պարունակում, իսկ ՀՀ քր. օր. 1121 հոդվածի դիսպոզիցիայում օրենսդիրը չի ընդգծել տուժողի սեռը, ուստի նշված գործերով որպես տուժողներ կարող են հանդես գալ ինչպես իգական, այնպես էլ արական սեռի անձինք:

2. ՀՀ քր. օր. 1121 հոդվածով նախատեսված հանցակազմը կարող է առկա լինել միայն այն դեպքում, երբ սեքսուալ բնույթի գործողությունները կատարվում են բռնի, այսինքն այդ գործողությունների կատարումը պետք է զուգորդվի տուժողի կամ նրա մերձավորների նկատմամբ ֆիզիկական բռնության անմիջական գործադրմամբ կամ այդպիսի բռնություն, ինչպես անմիջապես, այնպես էլ ապագայում գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև տուժողի անօգնական վիճակը օգտագործելով:

3. Արարքը տուժողի անօգնական վիճակի օգտագործման հատկանիշով որակելիս պետք է հատկապես նշվի, թե ինչ հանգամանք է դատարանը նկատի ունեցել` տուժողի անչափահաս լինելը, հիվանդությունը, տուժողի կողմից սեքսուալ բնույթի գործողությունները չընկալելը և այլն:

4. Նշված գործերով մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պետք է հստակ շարադրվի, թե վերը թվարկված որ հատկանիշով է մեղադրյալի արարքը որակվել որպես բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.09.2005, N 63 27.10.2005, N 34
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան