ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 1999 թվականի թիվ 10
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 27.03.1999 թ. թիվ 8 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին» Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 27.03.1999 թ. թիվ 8 որոշումը լրացնել թիվ թիվ 11, 12, 13 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«11. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի ա) ենթակետերում հիշատակված վիճարկվող գումար պետք է դիտարկել.
1) հայցագինն ամբողջությամբ, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք է ներկայացվել գույքային պահանջի գործով և բողոքում չի վիճարկվում առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճռով բավարարված կամ չբավարարված պահանջի չափը կամ վիճարկվում է հայցապահանջն ամբողջությամբ.
2) գումարի այն չափը, որը բավարարվել կամ չի բավարարվել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճռով և որը վիճարկվում է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում.
12. Հիշեցնել բոլոր ատյանների դատարաններին, որ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի զ) և ժա) կետերի, ի թիվս այլոց, պետական տուրքի վճարումից ազատվում են.
- Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.
- Որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները, սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը` վճարումները բյուջե գանձելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու, սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր ճանաչելու հայցերով.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար նշանակված տույժերն ու տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հայցերով:
13. Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ուժով դատական գործերով պետական տուրքի գանձումն ապահովելու պարտականությունը կրում են դատարանները, ուստի պետական բյուջեի օգտին պետական տուրքի գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռ կայացրած դատարանը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում համապատասխան կատարողական թերթ է ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|