Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.1999-27.10.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.1999
Ստորագրման ամսաթիվ
30.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 1999 թվականի N 5

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերը կիրարկության մեջ դնելու կապակցությամբ անորոշություն է առաջացել սնանկության գործերի վարույթը կարգավորելու հարցում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն «մինչև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին»:

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 28 հոդվածի 2-րդ կետը և 71 հոդվածն ամրագրում են, որ քաղաքացուն, իրավաբանական անձին սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության գործերի վարույթին նվիրված երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժինը դեռևս ՀՀ Ազգային Ժողովի կողմից չի ընդունվել: Ստեղծված պայմաններում հնարավոր սխալներից խուսափելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի 3-րդ կետի հիմքով կասեցնել հանրապետության դատարաններում գտնվող սնանկության վերաբերյալ քաղաքացիական գործերի վարույթը` մինչև հարցի կարգավորման լուծում գտնելը:

2. Հանձնարարել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին` հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրել հանրապետության դատարանների վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի վիճակը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» 1996 թ. դեկտեմբերի 3-ի օրենքի և ՀՀ Քաղաքացիական, Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի նորմերի միջև հակասություններ կան, թե ոչ և ուսումնասիրության արդյունքներով դատարանների նախագահների Խորհրդին ներկայացնել եզրակացություն: