ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 1999 թվականի N 1
Ղեկավարվելով ՀՀ Դատարանակազմության մասին օրենքի 27, 28 հոդվածներով, և ի կատարումն այդ օրենքի պահանջների, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհրդի Կանոնակարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավար նշանակել Գարեգին Վլադիմիրի Ավագյանին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհրդի (այսուհետև` Խորհուրդ) կանոնակարգը սահմանում է Խորհրդի լիազորությունների, խնդիրների իրականացման նպատակով Խորհրդի գործունեության կազմակերպման կարգը, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները:
2. Խորհուրդը ստեղծվել է «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18.07.98 թ.) հիման վրա:
3. Խորհուրդը դատական կառավարման մարմին է, որն ապահովում է հանրապետության դատական համակարգի բնականոն գործունեությունը:
Դատական կառավարումը, հանրապետությունում դատական միասնական քաղաքականության մշակումից զատ, ներառում է նաև կադրային, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական բնույթի միջոցառումները, որոնք ուղղված են արդարադատության անթերի և անկախ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախագահի հրամանագրերով, կառավարության որոշումներով և սույն Կանոնակարգով:
5. Խորհուրդը կոչված է նպաստելու դատարանների ինքնուրույնության, դատավորների անկախության ապահովմանը և իրավունք չունի կոնկրետ գործերով միջամտելու արդարադատության իրականացմանը:
6. Խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվամբ կնիք:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ա. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ`
1. Դատաիրավական համակարգի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենսդրական ու այլ իրավական ակտերի քննարկումը, ինչպես նաև նախագծերի մշակումը և դրանց վերաբերյալ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնելը.
2. «Հայաստանի Հանրապետության Դատարանակազմության մասին» օրենքի հիման վրա և ի կատարումն այդ օրենքի, իր իրավասության սահմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակումն ու սահմանված կարգով հաստատումը.
3. Հանրապետությունում միասնական դատական պրակտիկա իրականացնելու նպատակով դատավորներին օրենքների ու այլ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ տալը, իրավաբանական-մեթոդական գրականությամբ օժանդակելը.
4. Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու և քաղաքացու ազատությունները, իրավունքներն ու օրինական շահերը, պետության և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու առաքելությամբ, գործերը արագ քննելու և լուծելու նպատակով կատարվող աշխատանքների կազմակերպման ապահովմանը.
5. Դատավարությունում մրցակցության սկզբունքի զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
6. Դատական վիճակագրության վարման կարգի սահմանումը.
7. Խորհրդի աշխատակազմի գործունեության կարգի և իրավասության շրջանակների սահմանումը.
8. Դատաիրավական բնագավառին վերաբերող հայրենական և արտասահմանյան գրականության, փաստաթղթերի և նյութերի ժողովման ու պահպանման, այդ ուղղությամբ գիտական ուսումնասիրությունների անցկացման ապահովումը.
9. Դատավորների և դատական կադրերի ուսուցման ու վերապատրաստման, ինչպես նաև նրանց փորձի փոխանակման ապահովումը.
10. Դատարանների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.
11. Այլ պետությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ իրավական փոխօգնության և դատական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների սահմանված կարգով իրականացումը.
12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը.
Բ. Խնդիրների իրագործման նպատակով Խորհուրդն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից, ձեռնարկություններից ստանալու դատաիրավական բնագավառին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ ու հաղորդումներ:
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Խորհուրդը կազմված է Վճռաբեկ դատարանի, նրա պալատների, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի դատարանների նախագահներից:
2. Խորհրդի նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահն է: Նրա բացակայության դեպքում Խորհրդի նախագահի պարտականությունները դրվում են Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձի վրա:
3. Խորհրդի գործունեության աջակցելու նպատակով Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում է առանձին կառուցվածքային միավոր, որն իրականացնում է Խորհրդի աշխատակազմի լիազորությունները:
4. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են եռամսյակը մեկ անգամ: Նիստը հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, կամ նրա առաջարկով` այլ դատարանի նախագահը: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների 1/3 պահանջով:
5. Խորհրդի նիստերը գումարվում են Երևան քաղաքում, Վճռաբեկ դատարանի նստավայրում` Խորհրդարանի 6: Այլ վայրում նիստ կարող է հրավիրվել Խորհրդի նախագահի կարգադրությամբ:
6. Խորհրդի անդամներին նիստերի հրավիրման տեղի, անցկացման ժամանակի և օրակարգի մասին տեղեկացնում է Խորհրդի աշխատակազմի ղեկավարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
7. Խորհրդի նախագահի հրավերով նիստերի կարող են մասնակցել դատավորներ, իրավաբան գիտնականներ, ինչպես նաև այլ մասնագետներ:
8. Նիստի օրակարգում քննարկվող այն հարցերը, որոնք այս կամ այն չափով առնչվում են որևէ դատավորի շահերին (բացառությամբ բացարկի և ինքնաբացարկի հետ կապված հարցերից), չեն կարող քննարկվել առանց վերջինիս մասնակցության: Եթե դատավորը պատշաճ կերպով տեղեկացվելուց հետո չի ներկայանում նիստին, ապա հարցը կարող է քննարկվել նրա բացակայությամբ:
9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է Խորհրդի անդամների 2/3: Նիստի օրակարգն ընդունվում է Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:
Խորհրդի անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
Խորհրդի նիստը արձանագրվում է:
Արձանագրությունը ստորագրում են Խորհրդի նախագահը և արձանագրողը:
10. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
11. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ`
ա) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.
բ) հանձնարարում է դատարանների նախագահներից որևէ մեկին` հրավիրել և վարել նիստերը.
գ) հրավիրվում է Խորհրդի արտահերթ նիստ.
դ) ստորագրում և հրապարակում է Խորհրդի որոշումները, ինչպես նաև Խորհրդի գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը.
ե) կազմակերպում է Խորհրդի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում Խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
զ) ներկայացնում կամ հանձնարարում է ներկայացնել Խորհուրդը պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ձեռնարկություններում և միջազգային հարաբերություններում.
է) Խորհրդի գործունեության մասին պարբերաբար տեղեկություն է ներկայացնում իրավասու մարմիններին.
ը) իրականացնում է սույն Կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:
12. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ`
ա) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ հրավիրում և վարում է նիստերը.
բ) ներկայացնում է իր ղեկավարած դատարանը Խորհրդի հետ հարաբերություններում.
գ) նպաստում է Խորհրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը.
դ) աջակցում է դատական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը.
ե) իրավունք ունի ծանոթանալ նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին, հարցեր տալ, ստանալ պարզաբանումներ և անել առաջարկություններ.
զ) պարտավոր է մասնակցել նիստերին, կատարել նախագահի հանձնարարությունները.
է) չի կարող մասնակցել քվեարկությանը, եթե արդարադատության Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկ է ներկայացվել նրա` որպես դատարանի Նախագահի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:
4. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Դատարանների նախագահների Խորհուրդը`
1. Քննարկում է վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցերը.
2. Պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան և դրա հիման վրա դատարաններին տալիս է օրենքների կիրառման խորհրդատվական պարզաբանումներ.
3. Մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, դատարանների նախագահի, դատավորի հիվանդության կամ արձակուրդի դեպքում նրանց փոխարինելու, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման կարգերը.
4. Դիմում է Հայաստանի Հանրապետության Նախագահին ընդունված օրենքների, Ազգային Ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ.
5. Մշակում և հաստատում է «Դատավորի վարքագծի կանոնագիրքը».
6. Կազմում և սահմանված կարգով, ըստ յուրաքանչյուր դատարանի, կառավարություն է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը.
7. Հաստատում է Խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը, նշանակում և ազատում է Խորհրդի աշխատակազմի ղեկավարին.
8. Սահմանում է Խորհրդի և դատարանների աշխատակազմերի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը, ինչպես նաև դատարաններում գործավարության կարգի մասին հրահանգները.
9. Դատարանների կազմակերպական գործունեությունը ապահովելու և դատարանների աշխատանքն արդյունավետ դարձնելու նպատակով համագործակցում է պետական և ոչ պետական մարմինների հետ.
10. Կազմակերպում է դատավորների և դատական աշխատողների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործը.
11. Իրականացնում է օրենսդրությամբ և սույն Կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ: