Գլխավոր տեղեկություն
Համար
N 284-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2002-12.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.15/25(111) Հոդ.193
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.09.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 05002195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 284-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 194 որոշմամբ հաստատված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման» կարգի 1-ին կետի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել՝

ա) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է).

բ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի ձևը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է),

գ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի ձևը»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

2. Սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությունը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված կարգի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված վկայագրերի ձևերի տպագրումը՝ 200-ական օրինակից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. սեպտեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 3-ի
թիվ 284-Ն որոշմամբ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. Սույն կարգը սահմանված է համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթների և սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման, դրանում փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերը և կարգը:

2. Սույն կարգի իմաստով՝

2.1. բանկ է համարվում՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպաիրավական տեսակ ունեցող բանկը.

2.2. վարկային կազմակերպություն է համարվում՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպաիրավական տեսակ ունեցող վարկային կազմակերպությունը.

2.3. գրանցամատյան է համարվում՝ սույն կարգով սահմանված կարգով վարվող՝ բանկի մասնակիցների գրանցամատյանը:

3. Գրանցամատյանի վարումը, դրանում փոփոխությունների կատարումը կամ փոփոխությունների կատարումը մերժելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից՝ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:

4. Անձը համարվում է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակից՝ սույն կարգով սահմանված կարգով գրանցամատյանում նրա, որպես այդպիսին գրանցվելու պահից:

Անձը համարվում է գրանցամատյանում գրանցված՝ սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկությունները գրառելու պահից:

Գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստվում է բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրով (այսուհետև՝ վկայագիր):

5. Գրանցամատյանի տեղեկությունները Կենտրոնական բանկի կողմից չեն կարող փոփոխվել, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

6. Գրանցամատյանում բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների վերաբերյալ առաջին գրանցումը կատարվում է բանկի կամ վարկային կազմակերպության գրանցման պահին:

7. Գրանցամատյանում առաջին գրանցումը կատարելու նպատակով բանկի կամ վարկային կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացվում են՝

7.1. տեղեկություններ մասնակիցների մասին. իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը և բնակության վայրը.

7.2. տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի բաժնեմասի չափի մասին:

Սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են ընկերության բոլոր մասնակիցների ստորագրությամբ:

8. Գրանցամատյանում փոփոխությունների գրանցում կատարվում է, եթե մասնակցի կամ նրա բաժնեմասի փոփոխություն է կատարվել:

Բանկի կամ վարկային կազմակերպության ֆիրմային անվանման կամ պետական գրանցման տվյալների փոփոխություններով պայմանավորված՝ գրանցամատյանի գրանցումները կատարվում են փոփոխությունների գրանցման հետ միաժամանակ՝ հիմք ընդունելով պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերը:

9. Գրանցամատյանում փոփոխություններ գրանցելու համար ներկայացվում են՝

9.1. բաժնեմասի (բաժնեմասերի) կամ դրա (դրանց) մասերի օտարման դեպքում՝

9.1.1. դիմում,

9.1.2. բաժնեմասի կամ դրա մասին օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն),

9.1.3. գործարքի կողմ հանդիսացող մասնակիցների վկայագրերը,

9.1.4. բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը կողմ է հանդիսանում («Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում),

9.1.5. պետական գրանցման վկայականի (եթե տվյալ կողմն իրավաբանական անձ է) կամ անձնագրի (եթե տվյալ կողմը քաղաքացի է) պատճենը,

9.1.6. գործարքի կողմ իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և կառավարման իրավասու մարմնի որոշումը (հրաման, նիստի արձանագրությունից քաղվածք և այլն).

9.2. բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ բանկի, կամ վարկային կազմակերպության մասնակիցների կազմում ընդունվող երրորդ անձանց ավանդների հաշվին բանկի կամ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) ավելացման դեպքում՝

9.2.1. դիմում,

9.2.2. ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

9.2.3. ավանդ ներդնող բոլոր մասնակիցների վկայագրերը,

9.3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ մասով նախատեսված դեպքում՝

9.3.1. դիմում,

9.3.2. դատարանի վճիռը և կատարողական թերթիկը.

9.4. բանկի կամ վարկային կազմակերպության չբաշխված շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) ավելացման դեպքում՝

9.4.1. դիմում,

9.4.2. բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

9.4.3. բանկի կամ վարկային կազմակերպության տեղեկանքը կանոնադրական կապիտալը (հիմնադրամը) լրիվ վճարված լինելու և բանկի կամ վարկային կազմակերպության զուտ ակտիվների մեծության մասին,

9.4.4. բանկի կամ վարկային կազմակերպության բոլոր մասնակիցների վկայագրերը.

9.5. վարկային կազմակերպության գույքի հաշվին կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) ավելացման դեպքում՝

9.5.1. դիմում,

9.5.2. վարկային կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

9.5.3. վարկային կազմակերպության տեղեկանքը կանոնադրական կապիտալը (հիմնադրամը) լրիվ վճարված լինելու և վարկային կազմակերպության զուտ ակտիվների մեծության մասին,

9.5.4. վարկային կազմակերպության բոլոր մասնակիցների վկայագրերը.

9.6. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազեցման (բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման միջոցով) դեպքում՝

9.6.1. դիմում,

9.6.2. վարկային կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

9.6.3. վարկային կազմակերպության տեղեկանքը վարկային կազմակերպության պարտատերերի առարկությունների բացակայության մասին,

9.6.4. վարկային կազմակերպության բոլոր մասնակիցների վկայագրերը.

9.7. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազեցման (վարկային կազմակերպությանը պատկանող բաժնեմասերի մարման միջոցով) դեպքում՝

9.7.1. դիմում,

9.7.2. վարկային կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

9.7.3. վարկային կազմակերպության՝ մարվող բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը,

9.7.4. վարկային կազմակերպության տեղեկանքն ընկերության պարտատերերի առարկությունների բացակայության մասին:

10. Բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված՝ գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել ժառանգ կամ իրավահաջորդ հանդիսանալու մասին համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաև բանկի կամ վարկային կազմակերպության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ հավաստում բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր տնօրենից՝ գրավոր մերժումների բացակայության մասին, եթե բանկի կամ վարկային կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն մասնակիցների համաձայնությամբ:

11. Գրանցամատյանում օտարերկրյա իրավաբանական անձի կողմից բաժնեմասի ձեռքբերմամբ պայմանավորված՝ փոփոխության գրանցում կատարելու համար ներկայացվում է նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ՝ վավերացված և նոտարական կարգով հայերեն թարգմանված:

12. Բանկի կամ վարկային կազմակերպության մասնակցի բաժնեմասի փոխանցմամբ (օտարմամբ) պայմանավորված՝ գրանցում կատարելու համար սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումը (ստորագրված և կնքված բանկի կամ վարկային կազմակերպության կնիքով) բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների նախապատվության իրավունքի իրականացման՝ օրենքով և բանկի կամ վարկային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե բանկի կամ վարկային կազմակերպության մասնակցի բաժնեմասի փոխանցումն իրականացվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն կետում նշված հավաստումը չի ներկայացվում:

Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը տրամադրվում են բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից (ստորագրված և կնքված բանկի կամ վարկային կազմակերպության կնիքով):

13. Գրանցամատյանում գրառվում են նաև հետևյալ տեղեկությունները՝

13.1. բանկի կամ վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը և պետական գրանցման տվյալները.

13.2. մասնակից իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը.

13.3. բաժնեմասի չափը.

13.4. բաժնեմասի ձեռքբերման հիմքերը.

13.5. գրառում կատարվելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

14. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացվելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարվելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը պետք է կատարի գրանցում և դիմողին տրամադրի համապատասխան վկայագիր:

Սույն կարգով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկ ներկայացվում է վկայականի բնօրինակը, իսկ դրա կորստի դեպքում՝ իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլում տրված հայտարարությունը՝ վկայագրի կորստի հետևանքով այն անվավեր ճանաչելու մասին:

Մինչև իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցի հիմնադրումը՝ հայտարարությունը տրվում է առնվազն 2500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

15. Վկայագիրը, որպես գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստող փաստաթուղթ, ենթակա է հատուկ հաշվառման, որում նշվում են՝

15.1. բանկի կամ վարկային կազմակերպության գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը.

15.2. կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափը.

15.3. բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների մասին տեղեկություններ. իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը.

15.4. բաժնեմասի չափը.

15.5. բաժնեմասի ձեռքբերման հիմքերը.

15.6. գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

16. Գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում պարունակվում են տեղեկություններ, որոնք հակասում են օրենքի կամ բանկի կանոնադրության պահանջներին, բանկի կամ վարկային կազմակերպության բաժնեմասերի ձեռքբերման գործարքը հակասում է օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին:

17. Գրանցումը մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

18. Գրանցման մերժման մասին Կենտրոնական բանկի որոշումը պետք է լինի պատճառաբանված և պարունակի հղում օրենքի, սույն կարգի կամ բանկի, կամ վարկային կազմակերպության կանոնադրության այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են:

19. Գրանցման մերժման մասին տրվում է համապատասխան տեղեկանք, որն ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը, և վավերացվում Կենտրոնական բանկի կնիքով:

20. Գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:

21. Բանկերի այն մասնակիցները, որոնք հանդիսանում են բանկի մասնակից մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը, կարող են առանց սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման, գրանցամատյանում գրանցվել դիմումի ներկայացման պահից հնգօրյա ժամկետում, եթե գրանցումը չի հակասում օրենքին և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին:

22. Սույն կարգով նախատեսված գրանցումները կատարելու և վկայականները տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ:

 

 

Հավելված 2

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 3-ի
թիվ 284-Ն որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

 

N 000000

 

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի

 

______________________________________________________ՍՊԸ-ի

(լրիվ ֆիրմային անվանումը)

 

պետական գրանցման համարը _______________ գտնվելու վայրը_____________

 

կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափը ______________________դրամ

 

Մասնակից __________________________________________________

(իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն),

ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը)

բաժնեմասի չափը _______________________________________

(տոկոսներով կամ մասերով)

բաժնեմասի ձեռքբերման հիմքը_____________________________________

 

գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_______________________________

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահ՝

_________________________

(անուն ազգանուն)

____________________

(ստորագրություն)

 

Կ. Տ.

 

 

Հավելված 3

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 3-ի
թիվ 284-Ն որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

 

N 000000

 

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի

 

______________________________________________________ ՍՊԸ-ի

(լրիվ ֆիրմային անվանումը)

 

պետական գրանցման համարը _______________ գտնվելու վայրը______________

 

կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափը_______________________դրամ

 

Մասնակից ___________________________________________________

(իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն),

ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը)

 

բաժնեմասի չափը _______________________________________

(տոկոսներով կամ մասերով)

 

բաժնեմասի ձեռքբերման հիմքը_____________________________________

 

գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_______________________________

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահ՝

_________________________

(անուն ազգանուն)

____________________

(ստորագրություն)

 

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2014, թիվ 206-Ն 12.09.2014, N 284-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան