«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60003004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 դեկտեմբերի 2002 թ. |
N 91-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը» (հավելված N 1)։
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը» (հավելված N 2)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Վ. Մովսեսյան |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` ԷԿՀ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. ԷԿՀ-ն մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար (3000) տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են ԷԿՀ-ից, խորհրդից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից ու հասարակական միավորումների ներկայացուցիչներից և զետեղվում են համակարգչում:
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները ԷԿՀ ներկայացվելուց հետո ցուցակում ընդգրկված անձինք ԷԿՀ-ի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
6. ԷԿՀ-ի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
7. Մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ԷԿՀ-ի աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան բոլոր թեկնածուներին տեղեկացնում է մրցույթ անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
8. Հանձնաժողովը ձևավորվում է համակարգչում զետեղված և համակարգչի միջոցով պատահական ընտրված 9 թեկնածուներից՝ մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
ա) երեք թեկնածու` ԷԿՀ-ի ներկայացուցիչներ,
բ) երեք թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ,
գ) երեք թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
9. ԷԿՀ-ի աշխատակազմը, մրցույթն սկսելուց ոչ ուշ, քան վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու մասին:
10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների)` հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով), ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 8-րդ կետում նշված հարաբերակցությունը:
11. 8-րդ կետի համաձայն ձևավորված հանձնաժողովի կազմը հաստատվում է ԷԿՀ-ի որոշմամբ: Նույն որոշմամբ, ԷԿՀ-ն հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա, սույն կետով սահմանված կարգով, հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմի հաստատման պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի 22-րդ կետի:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
14. Հանձնաժողովը`
ա) ԷԿՀ-ի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում` դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետև` մասնակիցներ) թեստավորում.
զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքների կատարումը.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
թ) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժբ) կազմում է քվեաթերթեր.
ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժե) ամփոփում է մրցույթի արդյունքները.
ժզ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
ժէ) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.
ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
ժթ) ԷԿՀ-ի աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
ի) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
16. Հանձնաժողովի նիստն իրավազոր է առնվազն 5 անդամների մասնակցության դեպքում:
17. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
18. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգը խախտելու դեպքում հանձնաժողովն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը ներկայացվում է ԷԿՀ: ԷԿՀ-ն իր որոշմամբ կարող է դադարեցնել հանձնաժողովի տվյալ անդամի լիազորությունները:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
19. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) ապահովում և հսկում է թեստավորման աշխատանքների իրականացումը` համաձայն սահմանված կարգի.
ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
20. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
21. Հանձնաժողովի անդամը`
ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
բ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և հարցեր տալիս մասնակիցներին.
գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
ե) ստորագրում է մրցույթի վերաբերյալ կազմված եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
22. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին եզրակացություն տալուց հետո, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում, դադարեցնում է իր գործունեությունը:
23. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետև՝ ԷԿՀ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետև` խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են ԷԿՀ-ից, խորհրդից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից ու հասարակական միավորումների ներկայացուցիչներից և զետեղվում են համակարգչում:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը ԷԿՀ ներկայացվելուց հետո ցուցակում ընդգրկված անձինք ԷԿՀ-ի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
5. ԷԿՀ-ի աշխատակազմը ցուցակը կոդերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Ատեստավորումից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ԷԿՀ-ի աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան բոլոր թեկնածուներին տեղեկացնում է ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Հանձնաժողովը ձևավորվում է համակարգչում զետեղված և համակարգչի միջոցով պատահական ընտրված 9 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
ա) երեք թեկնածու` ԷԿՀ-ի ներկայացուցիչներ,
բ) երեք թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ,
գ) երեք թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
8. ԷԿՀ-ի աշխատակազմը, ատեստավորումն սկսելուց ոչ ուշ, քան վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու մասին:
9. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների)՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով), ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 7-րդ կետում նշված հարաբերակցությունը:
10. 7-րդ կետի համաձայն ձևավորված հանձնաժողովի կազմը հաստատվում է ԷԿՀ-ի որոշմամբ: Նույն որոշմամբ, ԷԿՀ-ն հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կետով սահմանված կարգով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
11. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի 21-րդ կետի:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին,
բ) ատեստավորման միջոցով որոշել ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը:
13. Հանձնաժողովը`
ա) ԷԿՀ-ի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը, նրանց պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև ամփոփաթերթերը և հանձնաժողովի կնիքը.
բ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
գ) որոշում է կայացնում փաստաթղթային ատեստավորման արդյունքում իր ընդունած՝ «Ենթակա է ատեստավորման՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով» որոշման հիման վրա քաղաքացիական ծառայողի թեստավորումը և հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
դ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
ե) խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
զ) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
է) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքների կատարումը.
ը) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
թ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.
ժ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
ժա) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժբ) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
ժգ) կազմում է քվեաթերթեր.
ժդ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժե) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժզ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժէ) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժը) ատեստավորման արդյունքները ներկայացնում է քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
ժթ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
ի) ԷԿՀ-ի աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
իա) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
15. Հանձնաժողովի նիստն իրավազոր է առնվազն 5 անդամների մասնակցության դեպքում:
16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
17. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը ներկայացնում է ԷԿՀ: ԷԿՀ-ն իր որոշմամբ կարող է դադարեցնել հանձնաժողովի տվյալ անդամի լիազորությունները:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) ապահովում և հսկում է թեստավորման աշխատանքների իրականացումը.
ե) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
19. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է քաղաքացիական ծառայողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը`
ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
բ) մասնակցում է քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցի անցկացմանը և հարցեր տալիս քաղաքացիական ծառայողներին.
գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.
ե) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովն ատեստավորման թերթը քաղաքացիական ծառայողին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: