Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-25.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32.1 Հոդ.364
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 050020398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

 N 364-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում Է.

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը» ենթակա է կիրառման վարկային կազմակերպությունների բոլոր տիպերի (խմբերի) կողմից:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությանը` վարկային կազմակերպությունների վերահսկողության ընթացքում հետևել վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգում սահմանված և փաստացի գործունեության փոխհամապատասխանությանը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնակարգի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 364-Ն որոշմամբ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը հաստատվում է համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի և սահմանում է վարկային կազմակերպության գործունեության տեսակը, ոլորտը, սկզբունքները, գործունեության կարգը, միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդները, ընթացակարգերը, վարկային կազմակերպության կառավարման համակարգը, կառուցվածքը, կադրային քաղաքականությունը, վարկային կազմակերպության ներքին հսկողության և անվտանգության համակարգերը:

2. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը հաստատում է վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՈԼՈՐՏԸ

 

3. Սույն գլխում սահմանվում է`

3.1. վարկային կազմակերպության գործունեության տեսակը` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված վարկային կազմակերպությունների տիպերի (խմբերի),

3.2. վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների և մատուցվող ծառայությունների տեսակները` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի,

3.3. վարկային կազմակերպության գործունեության ոլորտը` ըստ տնտեսության հատվածների (գյուղատնտեսություն, առևտուր, արտադրություն և այլն), տարածաշրջանների (ֆինանսական գործառնությունների իրականացման տեղանքը` ըստ մարզերի, համայնքների, երկրների) և հաճախորդների հիմնական խմբերի:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության գործունեության սկզբունքները` ըստ վարկային կազմակերպության կողմից ֆինանսական գործառնությունների իրականացման քաղաքականության:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Սույն գլխում սահմանվում են`

5.1. վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների համար սահմանված սահմանափակումներն ու առաջնահերթությունները:

5.2. վարկային կազմակերպության կառավարման համակարգը (կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, քաղաքականությունը մշակող, իրականացնող և վերահսկող ստորաբաժանումների կամ աշխատակիցների, ինչպես նաև առկայության դեպքում` վարկային կազմակերպությունում մշտական գործող հանձնաժողովների իրավասություններն ու պարտականությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

6. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք պետք է ներառեն պարտապանի (փոխառուի, վարկառուի, լիզինգառուի, ֆակտորինգի պայմանագրով հաճախորդի) վարկարժանության գնահատման, պարտքի տրամադրման, սպասարկման, մոնիտորինգի, վերահսկման և մարման կարգն ու պայմանները:

7. Սույն գլխում սահմանվում են նաև վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների համար անհրաժեշտ հայտերի, պայմանագրերի և գործունեության ընթացքում պարբերաբար օգտագործվող այլ փաստաթղթերի օրինակելի ձևեր:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Սույն գլխում սահմանվում է վարկային կազմակերպության`

8.1. կառուցվածքը (կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև առկայության դեպքում` վարկային կազմակերպությունում մշտական գործող հանձնաժողովների անվանումները),

8.2. կադրային քաղաքականությունը, որը ներառում է աշխատակիցների աշխատանքի ընդունման, վերապատրաստման, խրախուսման, վարձատրության, աշխատանքից ազատման և կադրային քաղաքականության հետ կապված այլ հարցեր:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

9. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության ներքին հսկողության իրականացման ընթացակարգերն և ժամկետները:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

10. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության գործունեության անվտանգության ապահովման համար վարկային կազմակերպության կողմից իրականացվող պարտադիր միջոցառումները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2005, N 578-Ն 25.02.2006, N 364-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան